25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ սպասել Արցախի հարցից՝ «լիֆտում» բանակցություններից հետո. Վիգեն Սարգսյան

Արցախի խնդրի լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները նախ եւ առաջ տեսնում են տնտեսությունն ու բանակը զարգացնելով։

Այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք նոր կառավարությանը թողել էին բանակի արդիականացման 7–ամյա ծրագիր, որտեղ ամիսներով նշված են անելիքները։ Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ Փաշինյանի կառավարությունը շարունակում է իրենց այդ ծրագիրը։

«Ես իսպառ բացառում եմ հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել ու Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ՝ «լիֆտում» բանակցություններից հետո՝ Ալիեւին իմաստուն, թե կիրթ մարդ անվանելով, իսկ սեփական սպայական կազմի եւ Արցախի ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելով։ Ես կարծում եմ՝ դա մեծ վտանգ է, եւ մենք պետք է կարողանանք շատ արագ փոխել վիճակը ընտրություններից հետո, հակառակ դեպքում՝ կունենանք լուրջ վտանգներ ու սպառնալիքներ։ Ես կարծում եմ՝ այս ընթացքում մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել, ամենամեծը, ըստ իս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն է եղել, եւ այսօրվա ձեր հեռակա բանավեճը ՌԴ ԱԳ մամուլի խոսնակի հետ պատիվ չի բերում եւ օգուտ չի բերում։ Բացի դրանից, ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու եւ մեր գործընկերներին բացատրելու, թե որն է այն կարմիր գիծը, որ մենք չենք կարող անցնել»,– ասաց Վիգեն Սարգսյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի մասին խոսելուց առաջ պետք է որոշել՝ Արցախը մեզ համար ինչ է՝ հայկական երկրորդ պետությո՞ւն, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս։ ՀՅԴ–ն, ըստ Արմեն Ռուստամյանի, հարցի լուծումը պատկերացնում է այնպես, ինչպես Արցախի ժողովուրդը. «Տարածքների ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ խնդիրը կա, բանակցությունները սրանով պետք է առաջնորդվենք»։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց կառավարությունն Արցախի խնդիրը ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի եւ ըստ էության, ստորացուցիչ զիջումներ, եւ դա բանակցային այն կետն է, որում նախորդ կառավարությունը թողել է Ղարաբաղի հարցը։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք ասել ենք, որ բոլորը թող հստակ արձանագրեն, որ Հայաստանին չպետք է համարեն այն հարցի հասցեատերը, թե դուք արդյոք պատրաստ եք փոխզիջումների։ Իսկ որեւիցե մեկն Ադրբեջանին հարցրե՞լ է՝ պատրաստ է փոխզրիջումների․ քանի դեռ Ադրբեջանին այդ հարցը չի տրվել, մեզ ոչ ոք այդ հարցը չպետք է տա։ Երկրորդ, Արցախը պետք է լինի բանակցային կողմ, եւ այդ հարցի լուծողը Հայաստանի ու Արցախի ժողովուրդն է»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միակարծիք են՝ պետք է հզորացնել պետությունն ու տնտեսությունը, դրանից հետո միայն կարող ենք բանակցություններում հայանպաստ լուծում ունենալ։

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանի կարծիքով բանակցությունների ձեւաչափը պետք է փոխել՝ հիմք ընդունելով 1960 թվականի դեկտեմբերի 24-ին Գաղութացված պետություններին ու ժողովուրդներին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ որոշումը․ այդպիսով հարցը կտեղափոխվի այն հարթություն, որտեղ բանակցության կողմ կդառնա Արցախը։

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը կարծում են՝ ԼՂՀ հիմնահարցը կարող է լուծել միայն ժողովուրդը հանրաքվեի միջոցով։

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նախ եւ առաջ առաջարկում է արտաքին հարաբերությունների համակարգն ամբողջությամբ վերանայել, իսկ Արցախի հարցում դադարել ինքներս մեզ խաբելուց և նայել իրականությանը. «Իսկ իրականությունն այն է, որ երրորդ հանրապետություն գոյություն չունի, որովհետև չի եղել երկրորդ։ Մենք պետք է այն դարձնենք նոր հանրապետություն՝ հիմնված առաջին հանրապետության վրա։ Արցախը պետք է լինի մեր մարզը»։

«Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը շեշտեց, որ ինքն այս հարցում վստահում է այսօրվա գործող իշխանությանը եւ համոզված է, որ այս իշխանությունը բանակցության պրոցեսը կտանի միանշանակ ճիշտ և ուղիղ․

«Մենք պիտի փորձենք մեր համագործակցությունը մեծացնել ՆԱՏՕ-ի հետ, պիտի փորձենք այնտեղ զորավարժությունների մասնակցել, մենք պիտի ռազմական գործը այնտեղ սովորենք, մենք պիտի համալրենք մեր բանակը ևս 20 հազար պայմանագրային զինծառայողներով»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ