Մատչելիության հղումներ

Փարաջանովի այրին ու որդին տեղափոխվել են ժամանակավոր կացարան


Թեև անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի նախկին կնոջ ծնողների տունը հրդեհից տուժել էր, սակայն Փարաջանովի աշխատանքներից երկուսը, որոնք այդ տանն են եղել, հաջողվել է փրկել։ «Ազատության» հետ զրույցում ասաց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը։

«Մեկը հենց Սվետլանայի պորտրետն է յուղաներկով, թե գուաշով հիմա չեմ հիշում, մեկը կոլաժ է, իր կա մի քանի հատ Սուրենի մոտ, տղայի սենյակում էր: Էնպես շատ բան չկար, որովհետև նամակները բոլորը նրանք մեզ են փոխանցել», - ասաց Սարգսյանը:

«Ազատության» հարցին, իսկ այդ եղած իրերը հաջողվե՞լ է դուրս հանել, նկարիչը պատասխանեց․ «Այո, դրանք դուրս է հանվել, վնասված չի, ուղղակի ասեց, որ գաջը թափվում է պատերից, առաստաղից, տանը գտնվել անհնարին է պարզապես»:

Զավեն Սարգսյանը պատմում է՝ մեկ շաբաթ առաջ հրդեհվել էր այն շենքի տանիքը, որտեղ բնակվում էին Փարաջանովի այրին ու որդին։ Հենց նույն օրը որդու հետ միասին տեղափոխվել են ժամանակավոր կացարան։

«Մեկ շաբաթ առաջ ես խոսում էի այրիի հետ Փարաջանովի՝ Սվետլանայի, երկար խոսեցինք, զգացի, որ լավ չի խոսում, տրամադրությունը արդեն նենց է, որ «մեծ եմ ես, պարզ չի ինչքան կմնամ», բավականին շատ խոսեցինք: Մեր խոսակցությունից մի ժամ հետո պարզվեց, որ տանիքում հրդեհ է բռնկվել, քանի որ սկսել են ջրով հանգցնել, քանի որ նրանք երրորդ հարկում են ապրում ամբողջը ջուր է եղել, հնարավոր չի տեղ ապրել, իրանց էվակուացիա են արել, ինքը հասցրել է փաստաթուղթ բան է վերցրել տանից», - նշեց Սարգսյանը:

Առաջնահերթ պետք է նորոգվի տանիքը, այնուհետև բնակարանները, բայց թե երբ կսկսվեն աշխատանքները, դեռ հայտնի չէ։

«Փաստորեն էդքան մոտ մարդիկ չեն, բայց իրենց տուն են հրավիրել, արդեն մեկ շաբաթ է՝ էդտեղ են ապրում։ Պարզ է, որ երկար չեն կարող ապրել։ Հիմա հայ համայնքը, Ռոմանը Բալայան՝ կինոռեժիսոր, նա է նյութ դրել իր Ֆեյսբուքի էջում, որ հարկավոր է օգնել, իհարկե, ինքն էլ է կազմակերպել նյութական օգնություն, բայց այնտեղ մի հայ կա, որը ինչ-որ շինարարությամբ է զբաղվում և ինչ-որ հանրակացարան է հիմա հենց կառուցել ու ուզում են նենց անեն, որ գոնե մեկ սենյակ տա, որ Սվետլանան Սուրենի հետ այդտեղ ապրեն: Ծանր հարված է իրենց համար, որովհետև միջոցներ չունեն, տունը չնայած կենտրոնում է, բայց պարզ է՝ մարդը տնից մի օրում, որ զրկվում է շատ ծանր բան է», - ասաց լուսանկարիչը:

Խորհրդային իշխանությունների կողմից հալածված մեծանուն հայազգի կինոռեժիսորի այրուն ու որդուն օգնում են ընտանիքի բարեկամները, ռեժիսոր Ռոման Բալայանը, գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը և Ելենա Օգանեսյանը։

Ի դեպ, «Ազատության» «Փարաջանով՝ տոմս դեպի հավերժություն» ֆիլմի նկարահանումների մի մասը արվել են հենց այդ տանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG