Բաժիններ՝

Այս տարի վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 3,6 մլրդ դրամի վնաս. ՀՀ ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ելույթ է Քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին՝ նշելով, որ կառույցն ունի բավարար ներուժ` առանց որևէ կաշկանդվածության իր սահմանադրական լիազորությունները իրացնելու համար։ Նիստին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայկ Գրիգորյանն իր ելույթում նշել է.

«Մեծարգո վարչապե՛տ, հարգելի հյուրե՛ր և գործընկերնե՛ր,

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 8-ը սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր: Այսօր մեր մասնագիտական տոնը համընկնում է Կոմիտեի հնգամյա տարեդարձի հետ: Այդ կապակցությամբ թույլ տվեք ի սրտե շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել ներկաներին՝ հանդիսավոր նիստին պատվավոր մասնակցություն բերելու համար:

Ներկա միջոցառումը լավագույն առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Հայաստանի Հանրապետությունում մինչդատական քրեական վարույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի՝ անցած տարիներին արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարած աշխատանքը և խոսել անելիքների մասին:

Որպես անուրանալի ձեռքբերում՝ ցանկանում եմ արձանագրել անցած տարիների ընթացքում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների կայուն և արդյունավետ աշխատանքը՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված՝ մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման բարդ ու պատասխանատու առաքելությունը կյանքի կոչելու գործում:

Անցած հինգ տարիներին Քննչական կոմիտեում քննվել է 112.640 քրեական գործ։ 2019թ. միայն ութ ամիսներին քննվել է 23.686 քրեական գործ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիներին քննված քրեական գործերի քանակը, օրինակ․ 2017թ.ամբողջ տարվա ընթացքում քննվել է 20.057 գործ, որը կազմում է 2019թ․ ութ ամիսներին քննված քրեական գործերի 84,6 %-ը, 2017թ. մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 44,7 գործ, իսկ 2019թ. ութ ամիսներին՝ արդեն 50,6 գործ, չհաշված վարույթում նախապատրաստվող նյութերը: Քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հանձնարարվում է նախաքննություն իրականացնել ղեկավար ծառայողներին, վերահսկողական, քրեագիտական, միջազգային համագործակցությունն ապահովող քննիչներին:

Մեծարգո Վարչապետ,

2018-2019թթ. քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության վերաբերյալ զեկույցս ներկայացնելուց հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց, հանձնարարեցիք Կոմիտեն համալրել վարույթ իրականացնող քննիչների լրացուցիչ 50 հաստիքներով, ինչի համար Կոմիտեի ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում:

Ձեր կողմից Կոմիտեի առջև խնդիր է դրվել արդյունավետ պայքար կազմակերպել կոռուպցիայի դեմ, պարզել կոռուպցիոն սխեմաները, բացահայտել նախկինում կատարված ծանր հանցագործությունները և պետական բյուջե վերադարձնել ժողովրդից հափշտակված գումարները, ուղղակի չեզոքացնել հասարակությունում տարիներ շարունակ նստվածք տված և հանրության կողմից չընդունված հանցավոր մշակույթն ու բարքերը: Այդ պահանջները լավագույնս կատարելու համար մենք ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ, կրկնապատկել ենք մեր եռանդն ու ջանքերը՝ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունները բացահայտելու և պետությանը պատճառված նյութական վնասը մինչև վերջին լուման բյուջե վերադարձնելու համար: Այդ կապակցությամբ՝ ընդամենը նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի կողմից բացահայտվել են նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախկին վարչապետի, մի շարք նախարարների, փոխնախարարների, մարզպետների, փոխմարզպետների, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների, վարչության պետերի, տեղակալների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների՝ քաղաքապետերի, համայնքի ղեկավարների կողմից կատարված հանցագործությունները, որոնց վերաբերյալ քրեական գործերի մի մասն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուսներով նախաքննությունը շարունակվում է Կոմիտեում:

Անցած հինգ տարիների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 միլիարդ 100 միլիոն դրամի նյութական վնաս, կալանք է դրվել 457.300.000 դրամի գույքի վրա: Հարկ եմ համարում նշել, որ մենք զգալիորեն բարելավել ենք պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնման աշխատանքները: Այսպես, եթե 2018թ. առաջին կիսամյակում վերականգնվել է ընդամենը 191.647.375 դրամ, ապա՝ 2018թ. երկրորդ կիսամյակում՝ արդեն 1.130.123.245 դրամ, իսկ 2019թ. ինն ամիսներին՝ արդեն 3.601.099.568 դրամ:

Նկարագրածս արդյունքին հնարավոր է եղել հասնել համակարգի ծառայողների՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով, գործի նկատմամբ սրտացավությամբ ու մասնագիտական բարձր որակների անմնացորդ դրսևորմամբ, որոնք չէին տա ցանկալի արդյունք, եթե դրանց հիմքում չլինեին պետական մտածողությունը, քաղաքական ղեկավարության դիրքորոշումն ու վճռականությունը, ծառայողական պարտականությունները պատվախնդրորեն կատարելու անհրաժեշտության գիտակցումը, իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցությունը: Օրվա խորհրդի պատեհ առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ծառայողներին հատուկ շնորհակալություն հայտնել՝ այդ ծանր քննությունը պատվով հանձնելու, ծառայողական պարտականությունները բացառապես մասնագիտական հարթության վրա բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Մենք շարունակելու ենք Քննչական կոմիտեն արհեստավարժ, ազնիվ և սրտացավ քննիչներով համալրելու աշխատանքները: Մենք շարունակելու ենք քննիչների հետ տանել ուսուցողական, մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթի ամենօրյա աշխատանք:

Քննիչի մասնագիտությունը միշտ էլ պատվավոր է եղել: Դեռևս Հին Հռոմում կային հատուկ անձինք, ովքեր ի շահ պետության՝ իրականացնում էին գաղտնի քննություն: Այսօր քննիչը նախաքննություն է կատարում, բացահայտում հանցագործություն կատարած անձանց և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում, այսինքն՝ նպաստում է արդարադատության իրականացմանը և արդարության վերականգնմանը, իսկ արդարությունը և արդարադատությունը պետության կարևորագույն հիմքերից են:

Քննիչի աշխատանքն ունի պետական կարևորություն, միաժամանակ այն խիստ ծանր է, բարդ ու դժվարին: Այդ աշխատանքը քննիչից մեծ զոհողություններ է պահանջում, քանի որ այն նորմավորված չէ, կապված է ամենօրյա ծանր ֆիզիկական ու մտավոր լարվածության, ինչպես նաև՝ բազմաթիվ դժվարությունների հետ: Եվ եթե մեկն ընտրում է քննիչի մասնագիտությունը, նա մտածում է ոչ թե իր համար, այլ իր պետությանը, ժողովրդին և մարդկանց ծառայելու մասին: Այդ առումով քննիչը մասնագիտություն և պաշտոն չէ, այլ կոչում, ապրելակերպ, ես կասեի՝ կյանքի փիլիսոփայություն:

Մեծարգո պարոն Վարչապետ, հարգելի՛ գործընկերներ,

Քննչական մարմնի արդյունավետ աշխատանքի հիմնական գրավականը քննիչի դատավարական ինքնուրույնությունն ու անկախությունն է: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են և այս համատեքստում Քննչական կոմիտեի դերակատարությունն առավել ընդգծվում է այն իրողության ուժով, որ Կոմիտեն մեր հանրապետության միակ քննչական մարմինն է, որն ունի տարածքային ստորաբաժանումներ մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում: Բավական է նշել, որ Կոմիտեի ստորաբաժանումներում մշտապես նախաքննություն է իրականացվում հանրապետությունում քննվող քրեական գործերի 93-95 %-ով:

2015թ. Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով քննչական մարմինները ստացան սահմանադրական կարգավիճակ, ամրագրվեցին քննչական մարմինների լիազորությունները: Սահմանադրության 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվեց, որ քննչական մարմիններն, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը: Այսպիսով, հիշյալ սահմանադրական կարգավորմամբ՝ քննիչի և քննչական մարմինների ինքնուրույնությունը բարձրացվեց մի նոր որակական մակարդակի՝ նկատի ունենալով, որ երկրի բարձրագույն օրենքով նրանց վերապահվեց ոչ միայն մինչդատական քրեական վարույթի իրականացումը, այլև՝ դրա կազմակերպումը:

Մեծարգո պարոն Վարչապետ, հարգելի՛ գործընկերներ,

Գիտակցելով քննիչի մասնագիտության կարևոր նշանակությունը՝ համակարգի յուրաքանչյուր ծառայող իր ամենօրյա ծառայողական պարտականությունները պետք է կատարի՝ մերժելով նախկինում ունեցած գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները, հիմնվելով համակարգի լավագույն ավանդույթների վրա, դրսևորելով կամք և վճռականություն ապօրինությունների հանդեպ մերժելի վերաբերմունք որդեգրած մեր համաքաղաքացիների սպասումներն արդարացնելու հարցում: Մենք հպարտանալու ենք այն քննիչներով, ովքեր համարժեք են ընկալում այս իրողությունները, որոնց համար պետությանը և օրենքին անմնացորդ ծառայելը, գործին նվիրվածությունը և պետական մտածողությունը սոսկ խոսքեր չեն, այլ ամենօրյա աշխատանքի ուղենիշներ:

Շարունակելու ենք ակտիվ տեղեկատվական քաղաքականություն վարելու մեր որդեգրած գործելակերպը և սեփական նախաձեռնությամբ պարբերաբար տեղեկատվություն ենք տրամադրելու հանրային հետաքրքրության առումով հնչեղություն ձեռք բերած առանձին քրեական գործերի նախաքննության ընթացքի և արդյունքների մասին: Ինչ խոսք, ակտիվ տեղեկատվական ապահովում իրականացնելով՝ հավասարապես նախանձախնդիր ենք լինելու մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու, նախաքննական գաղտնիք պարունակող նյութերի հնարավոր արտահոսքը բացառելու հարցում:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իր ամենօրյա աշխատանքում շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել այլ պետությունների իրավապահ մարմինների և քննչական կառույցների հետ միջազգային-իրավական կապերի ամրապնդմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Արդեն ավանդույթ է դարձել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Հայաստանի քննչական կոմիտեների կոլեգիաների ամենամյա համատեղ նիստերի գումարման պրակտիկան, որոնց ընթացքում քննարկվում և որոշումներ են ընդունվում այդ մարմինների փոխգործակցության առումով առավել հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Այս տարվա հուլիսին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 4-րդ համատեղ նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են քրեական դատավարության ոլորտում միջազգային համագործակցության պրակտիկային առնչվող հարցեր, ամփոփվել նշված ոլորտում համատեղ աշխատանքի արդյունքները: Անդրադարձ է արվել անդրազգային հանցավորության պայմաններում հանցավոր ոտնձգություններից հանրային արժեքների ու շահերի պաշտպանության հարցերում ընդհանուր մոտեցումների մշակմանը, քրեական գործերով միջազգային հարցումների կատարման և փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման պրակտիկայի հետագա կատարելագործմանը, ինչպես նաև՝ ընդունվել է 2019-2022 թվականներին նախաքննության քրեագիտական ապահովման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համագործակցության ծրագիր: Իսկ այս տարվա սեպտեմբերի 5-8-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման արդյունքներով Ռուսաստանի մեր գործընկերոջ հետ ստորագրել ենք 2020-2022 թվականներին գիտակրթական ոլորտում համագործակցության ծրագիր:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ արձանագրել, որ Քննչական կոմիտեն անցած 5 տարիներին հաստատապես կանգնած է եղել մեր երկրում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորման դիրքերում: Հավաստիացնում եմ, որ ունենք բավարար ներուժ՝ առանց որևէ կաշկանդվածության իրացնելու մեր սահմանադրական լիազորությունները և լի ենք վճռականությամբ՝ հետևողական քայլեր ձեռնարկելու մինչդատական քրեական վարույթի արդյունավետությունը և հանրության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ամենքին, մաղթում եմ բոլորին առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ՝ մեր բարդ ու պատասխանատու գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս