News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, Եղեգիս գետի ամբողջ ավազանում, ներառյալ վտակները, շահագործվում է 17 փոքր ՀԷԿ, իսկ կառուցվում է՝ 8-ը: Բուն Եղեգիս գետի վրա շահագործվում է 9 փոքր ՀԷԿ, կառուցվում է՝ 3-ը, հաղորդում է «Econews.am»-ը:

Նշենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները մայիսի 30-ին փակել էին Եղեգնաձոր-Մարտունի միջպետական ճանապարհի Շատին եւ Եղեգիս համայնքներ տանող ճանապարահատվածը՝ բողոքելով կառուցվող նոր ՀԷԿ-երի դեմ:

Ըստ տեղաբնակների, Եղեգիս գետ վրա նախատեսվում է կառուցել եւս 4 նոր ՀԷԿ: Բողոքի ակցիային արձագանքել է Կառավարությունը՝ հանդիպում խոստանալով բնակիչների հետ:

Եղեգիս գետում ՀԷԿ-երի գործունեությամբ պայմանավորված խնդիրների մասին խոսեցինք նաեւ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի հետ, ով ասաց. «Ընդհանրապես, մենք Հայաստանում ջուրը դիտում ենք որպես ռեսուրս, այլ ոչ թե համակարգ: Մեզ թվում է, եթե ջուրը մեկ տեղով մտավ, մյուսով դուրս եկավ, ապա դա էկոլոգիական խնդիր չի առաջացնում: Իրականում հենց ամենամեծ խնդիրն այն է, որ եթե որոշակի երկարությամբ ջուրը հոսում է խողովակներով, ապա այն կորցնում է իր կենսաբանական էական առանձնահատկությունները եւ դառնում անպիտան՝ շատ հաճախ այնտեղ ապրող օրգանիզմների համար եւ ոչ միայն ձկների:

Որպես ձկնաբան կարող եմ ասել, որ Եղեգիս գետի վրա կառուցված ձկնանցարանները շատ վատն են եւ չեն ապահովում ստորին հոսանքից դեպի վերեւ գնացող ձկների միգրացիաները, մյուս կողմից էլ ՀԷԿ-երի վրա կառուցված ճնշումային խողովակների մոտ կան ցանցեր, որոնց ճեղքերը թույլ են տալիս, որ բոլոր ձկները, որոնք բազմացել են վերին հոսանքների վրա եւ ցանկանում են իջնել ստորին հոսանք, գան եւ ընկնեն ճնշումային խողովակներ եւ այնտեղից էլ տուրբիններ եւ դրանց 90 տոկոսը ոչնչանում են: Իսկ գետի էկոլոգիական հոսքը, որ իրենք փորձում են ապահովել՝ ասելով իբրեւ թե պետք է գնա անհրաժեշտ քանակով ջուր, հատկապես ամռան ամիսներին, բացարձակ չէր ապահովում այնտեղ ապրող ձկների կենսական նվազագույն պահանջը»:

Նշենք, որ «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրով (2016թ.) ուսումնասիրվել է Եղեգիս գետի եւ դրա վտակների վրա առկա ՓՀԷԿ-երը: Եղեգիս գետի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով կազմել է 47 կմ/51.46 տոկոս:

Այս տարվա մարտի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծին:

Նախագծով սահմանվում են հետեւյալ չափորոշիչները.

Շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար նախատեսել հետեւյալ չափորոշիչները՝

1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված եւ/կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների, ջրային բույսերի առկայություն,

2) Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայություն,

3) դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի գետի ծանրաբեռնվածության առկայություն,

4) ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում,

5) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիների առկայություն, որոնց չափորոշիչները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով,

6) բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքների առկայություն,

7) սողանքային տարածքների առկայություն,

8) փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարական տարածքին մոտեցող ճանապարհների առկայություն կամ ճանապարհների կառուցման անհրաժեշտություն,

9) կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների հեռավորությունը մոտակա բնակավայրից,

10) աղմուկի ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա:

Միանգամից աչքի է ընկնում 3-րդ՝ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի գետի ծանրաբեռնվածության առկայության մասին կետը: Ինչպես նշել ենք, ըստ փորձագիտական եզրակացության, Եղեգիս գետն ունի 50 տոկոս եւ ավել ծանրաբեռնվածություն:

Նորանշանակ ԲՆ Էրիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում եւս անդրադարձել է ՓՀԷԿ-երի խնդրին՝ ասելով. «Փոքր ՀԷԿ-երի մասով շատ վատ եմ վերաբերվում, որովհետեւ կարծում եմ, որ այն օրենսդրական շրջանակը, այն էկոլոգիական թողքի հաշվարկը, այն ձկնուղիների համար նախատեսված ձկնանցարանները, այն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման համար չափորոշիչները, որոնք եղել են նախատեսված մինչ այժմ, շատ վատն են եղել: Դրա համար ունենք այսպես մասսայական կառուցված ՓՀԷԿ-երի համակարգ, որոնք ի սկզբանե լինելով ուղղված բնության պահպանությանը եւ բանապահպանական տեսակետից ավելի ընդունելի, դարձել են բնության համար շատ բացասական ազդեցությունների ստեղծող»: 

Տպել
Ամենաշատ