Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերը, քաղաքը, Արարատը,«Ա1+»-ը. պրեմիերա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mesrop

   Երբ  քաղաքի նկատմամբ սերը սաստիկ է, բոլոր դռները բացվում են։ Նույնիսկ երբ քաղաքը 2800-ամյա է, եւ շատ դռների կողպեքներն արդեն ժանգոտված են։  Հին ու նոր քաղաքամայրում մոտ ութ  ամիս  պտտվելով, մոլորվելով եւ վերարժեքավորելուց հետո՝  «Ա1+»-ի  ստեղծագործական խումբը  հանդիսատեսի դատին հանձնեց «Արարատի հայացքը»  ֆիլմը։   Սա ֆիլմ-էսսե է,- շեշտում կինօպերատոր,  ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը՝  ընդգծելով. «Հիմա գլուխ չեմ գովում, ոչ էլ ռեկլամում եմ ֆիմը, ուղղակի այդպես ստացվեց. ինքը էտյուդ- ֆիլմից դարձավ ֆիլմ-էսսե։  Կինոյում չկա այդպիսի ժանր, գրականության մեջ կա»։ «Արարատի հայացքը» մի փնտրեք   համացանցում, այս անգամ «Ա1+»-ի ֆիլմի  հանդիսատեսը լինելու համար պետք էր նստել ոչ թե համակարգչի առաջ, այլ  կինոթատրոնում։ «Մոսկվա» կինոթատրոնի երեկոյան սեանսի ժամանակ մի քանի  րոպե հնչող ծափերն ուղղված էին «Արարատի հայացքը»  ստեղծողներին։   Նրանք, ովքեր Արարատի հայացքը զգացել  էին  կինոթատրոնի էկրանից, միջանցքում  շարունակում էին քննարկումները եւ փոխանցում իրենց տպավորությունները։ «Իմն էր, ես էլ իրենն էի»,-  ասում էի  կինոգետ Դավիթ Մուրադյանը, որի  խոսքով՝ ֆիլմի շնորհիվ ինքը մանկությունից հասավ միջեւ հասունություն։ «Կար սեր.ամենակարեւորը… Սերը հորդում էր, ամոթխած սեր  էր,  ինքն իրեն չպարտադրող , կար էներգիա, կուլտուրա եւ ասեղնագործած տեքստ, որը  չէր ճնշում, չէր հարձակվում հանդիսատեսի վրա»,-տպավորությունները կիսում է նա։ «Արարատի հայացքը» «Ա1+»-ի նվերն է  Երեւանի 2800-ամյակի առիթով։ Դե, հաջորդ 2800-ամյակին չէինք հասցնի,- կատակում է ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը,որը նախագծի հեղինակն է, բայց, ինչպես  ասում են ստեղծագործական խմբի անդամները, ցանկացած աշխատանք արել է՝   ռեժիսորությունից մինչեւ մեքենա վարել՝  լուսաբացին խմբին նկարահանման վայր հասցնելով։ «Ես ուզում եմ,  որ դիտողը սիրի քաղաքը։ Երբ քաղաքացին սիրում է, քաղաքը սկսում  է  ծաղկել , սերը տաքացնում է եւ բերում է այդ ծաղկմանը»,- նշում է Երեւանը շատ սիրող Մեսրոպ Մովսեսյանը, որի  համար տարբերություն չկա՝ ամոթխած, թե կրքոտ կսիրեն մայրաքաղաքը. կարեւորը սիրեն։ Yerevan EveryDay-ի յութուբյան ալիքը ստեղծած   Արմեն   Վարդանյանը ասում է, որ միայն գիտակ մարդը կարող է հասկանալ՝ թե ինչքան մեծ աշխատանք է  արվել ութ ամսվա ընթացքում, ինչքան նրբություններ են ընդգրկվել ֆիլմում, որը  տեսանելի չէ նույնիսկ ամեն օր Երեւանում արթնացող մարդուն։ Երեւանը պիտի զօրուգիշեր նկարես,որ որսաս դրանք եւ ներառես ֆիմում,-ասում է նա եւ իր տպավորությունները ամփոփում մի նախադասությամբ. «Հոյակապ ֆիլմ էր. ես շատ հավանեցի»։    ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ «Արարատի հայացքը» ֆիլմը ստեղծել են  Մեսրոպ Մովսեսյանը, Վահագն Տեր- Հակոբյանը, Ռուզաննա Մկրտչյանը, Լիլիթ Բլեյանը,   Տիգրան Բաղինյանը , Արեգ   Հակոբյանը, Վահագն  Ստեփանյանը, Դավիթ Գրիգորյանը, եւ այլք։