Ընտրական ցուցակների ինտրիգը պահպանվում է

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն ավարտվում է նոյեմբերի 14-ին: Այսինքն՝ այս ընթացքում ընտրությունների մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցանկերը` թե՛ համասնական, և թե՛ ռեյտինգային:

Ո՞վ կլինի կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում և ո՞վ կհայտնվի լուսանցքում, առավել ևս՝ նոր իրողություններում քաղաքական ուժերը նորովի ներկայանալու խնդիր ունեն: Այս հարցը վերջին շրջանում, թերևս, ամենաքննարկվողներից մեկն է, հատկապես՝ ներկայումս խորհրդարանում ներկայացված ուժերի մասով:

Ինտրիգային լուրեր են շրջանառվում քաղաքական արենայի երկրորդ տեղին հավակնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ: Ըստ այդմ՝ ԲՀԿ ցուցակը լիովին վերակազմավորվելու է, Նաիրա Զոհրաբյանն ու այլ «կարկառուն» ԲՀԿ-ականներ չեն լինելու ցուցակում, նույնիսկ մի քանի օր շարունակ տեղեկություններ էին շրջանառվում, թե Գագիկ Ծառուկյանն այլևս չի հավակնում պատգամավորական մանդատի ու բավարարվելու է «խոշոր սեփականատիրոջ» կարգավիճակով, որ նրան «շնորհել» է Նիկոլ Փաշինյանը:

«168 Ժամի» հետ զրույցում ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ցուցակի հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել: «Ոչ մի նորություն չկա, ոչ մի բան դեռ չի քննարկվել»,- ասաց նա:

Թե ե՞րբ է քննարկվելու ԲՀԿ ցուցակի հարցը, Մ.Մելքումյանն անորոշ պատասխանեց՝ որոշ ժամանակ հետո: Սակայն նա կտրականապես հերքեց լուրերը, որ Ծառուկյանը չի լինելու ցուցակում. «Այդ մասին ասվել է՝ պարոն Ծառուկյանն է գլխավորելու ցուցակը: Նման խնդիր չկա»:

«Լույս» դաշինքն այլևս գոյություն չունի: «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, յուրաքանչյուրն իր հերթին, հայտարարել են դաշինքի պառակտման մասին:

Ա.Սարգսյանը հայտարարել է, որ «Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով, իսկ մնացած հարցերին խոստացել է անդրադառնալ առաջիկայում:

Չնայած պառակտմանը, Է. Մարուքյանը վստահություն է հայտնել, որ երկու ուժերն էլ կանցնեն նոր խորհրդարան։ «Լուսավոր Հայաստանը», որ կրկին երկրորդ տեղի համար է պայքարում, սեփական ցուցակով է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությանը, ընդ որում՝ դրանում ներառված կլինեն նաև այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մարուքյանն ասել է, որ նրանք կարող են առաջադրվել ռեյտինգային ցուցակներով 13 ընտրատարածքներում։ Ամեն դեպքում, նա վստահեցրել է, որ ցուցակում չեն լինի մարդիկ, որոնց անցյալը կարող է որևէ կերպ ստվեր գցել կուսակցության վրա։ Անձամբ Մարուքյանը հակված չէ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, քանի որ այդ դեպքում ինչ-որ մի տարածքում ավելի շատ ժամանակ պետք է անցկացնի, քան մնացած տարածքներում։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրական ամբողջ գործընթացը ղեկավարում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը. «Ցուցակների, քարոզչական մարտավարության խնդիրները դեռևս քննարկման փուլում են, դեռ ժամանակ կա: Երբ դրանք ամբողջանան, Գերագույն մարմինը տեղեկատվությունը կտրամադրի»:

Նա նկատեց, որ Դաշնակցության ցուցակները երբևէ կաղապարված չեն եղել միայն դաշնակցականների մասնակցության իմաստով, համենայն դեպս՝ ներկայիս գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության մեջ կա նաև ոչ դաշնակցական պատգամավոր, որը հենց ռեյտինգային համակարգով է ընդգրկվել.

«Այսինքն՝ այս առումով որևէ կաշկանդում կամ սահմանափակում չկա՝ թե՛ ռեյտինգային համակարգով ոչ կուսակցականի ընդգրկման, թե՛ կուսակցության ընդհանուր ցանկի մեջ մտավորականության, գիտության ներկայացուցիչների ընդգրկման իմաստով, որոնք կուսակցական պատկանելություն չունեն: Բայց որևէ այլ կուսակցության անդամ ՀՅԴ ցուցակում մենք չենք ներգրավելու և դրա իմաստը չենք տեսնում, որովհետև դա արդեն որևէ անձի հարցն է, թե ինչու է նա այլ կուսակցության դիմում»:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն օրերս վերջնականապես կհայտարարի իր որոշման մասին՝ մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ իրական ընդդիմությունը: Նոյեմբերի 11-ին տեղի կունենա ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ կտրվեն մնացած հարցերի պատասխանները։ Համաժողովին ներկա է լինելու կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իշխանության ղեկին գտնվող «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ), որն առաջիկա ընտրություններին կրկին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով, «կրակն է ընկել» կուսակցությանն անդամագրվելու հերթ կանգնած մարդկանց ձեռքը: Նրանց թիվը, ըստ որոշ լուրերի, հասնում է 7000-ի: ՔՊ վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը երեկ հաստատեց, որ ՔՊ-ին անդամագրվելու համար քաղաքացիների հերթեր են գոյացել, և մարդիկ ամիսներով սպասում են.

«Դա լեգենդ չէ, մենք խոսել ենք այդ մասին, դա իրականություն է: Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով սկսեցին անդամագրվել ՔՊ-ին: Այդ հերթը շատ մեծ է, մենք հերթով անդրադարձ ենք կատարում: Հաշվի են առնվում իր մասնակցությունը նախկինում ՔՊ գործունեությանը, թեկուզ ոչ կուսակցության անդամ, տարբեր քաղաքական գործընթացներին, իր մասնակցությունը վերջին քաղաքական գործընթացներին: Սա բերում է նրան, որ հեշտացնում է անդամագրման գործընթացը»:

Տեսանյութեր

Լրահոս