Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ Կարեն Կարապետյանի կառավարությունը և ԵՄ-ի հետ համաձայնագրի իրականացումը անհամատեղելի են


Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի կարծիքով՝ գործող իշխանությունը կյանքի չի կոչելու Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հիմնական խոչընդոտը, ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն է և Հայաստանում «ռուսական կապիտալի շահը ներկայացնող» վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը:

«Ես Կարեն Կարապետյանի կառավարությունը և էս համաձայնագիրը իրականություն դարձնելը անհամատեղելի եմ համարում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Որովհետև Կարեն Կարապետյանը արդեն մեկ տարի է վարչապետ է ու Եվրոպա դեռ այց չի ունեցել: Կարեն Կարապետյանը էստեղ ներկայացնում է ռուսական կապիտալի շահը՝ դա ակնհայտ է»:

«Եթե մարդիկ խոսում են ներդրումները [էլեկտրական] ցանցերում անելու, ցանցերում էսօր գումարը դրեցիր՝ վաղը էդ գումարը ստանում ես․ սրանից հոսանքը վերցնում ես, վերավաճառում ես նրան, դու քո ցանցում ներդրում ես անում ու էդ ներդրում ե՞ս հաշվում», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա ներկայացրած տվյալներով՝ «2013 թվականին Հայաստանում ուղիղ ներդրումները եղել են 600 միլիոն, 2017 թվականին, Վիճպետվարչության թիվը չեմ կարող ասել էս պահի դրությամբ, բայց զրոյին մոտ է, 2016 թվականին էդ թիվը կազմել է 120 միլիոն՝ կատաստրոֆիկ անկում է ապրում»:

«Այսինքն, Դուք կարծում եք՝ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել նաև 2018-ի ապրիլից հետո, ապա այս համաձայնագիրը չի՞ իրականացվելու», - այս հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց․ - «Ես չեմ տեսնում ռուսական կապիտալի շահը ապահովող կառավարության գործունեությունը եվրոպական համաձայնագիրը իրականություն դարձնելու շրջանակներում: Դրա համար մեկ խոչընդոտը եղել է Եվրասիական միության մեր անդամակցությունը՝ որ Եվրասիական միության անդամ երկրներում ներդրումներ չեն ուզում անել: Եվ վերջապես, կառավարության ղեկավարը, նախագահն, էսօրվա գործող Սահմանադրությամբ, ցանկացած որոշում, վերջ ի վերջո, ստորագրում ու հաստատում է նախագահը, ու եթե էդ չէր բավարարում, ինքը կարող էր հանել Կարեն Կարապետյանին»:

«Ես չէի սպասում, անկեղծ ասած, որ մեր արտգործնախարարությունը և Հայաստանի Հանրապետության գործող նախագահը էս փաստաթուղթը կստորագրեն: Այն, որ իրենք ստորագրեցին, որ Սերժ Սարգսյանը գնաց ու ստորագրեց էս փաստաթուղթը, ու արտգործնախարարությունը էդ աշխատանքն արեց, իրենց մասով ես համարում եմ սխրանք: Իրենք հաղթահարեցին իրենց ներքին վախը, որ «ի՞նչ կասեն մեզ ընկեր Պուտինը, կամ Ռուսաստանը», իրենք հասկացան, որ ավելի վատ, էլ անընդհատ վատանալու է, սրանից վատ չի լինի», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին էլ՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Եվրամիության հետ համաձայնագիրը իրականություն կդառնա, եթե 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնի Սերժ Սարգսյանը, Արամ Սարգսյանը արձագանքեց, որ «փաստաթղթի ոգին և չփոփոխվող իշխանությունը հակասում են միմյանց»:

«Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումները ինքը չի անում վարչապետ և կամ նախագահ դառնալու համար, ինքը դա անում է բարեփոխելու և ժողովրդավարական խնդիրներ լուծելու համար: Ես հակված եմ մտածելու, որ Սերժ Սարգսյանը ավելի խորն է մտածելու՝ գա՞լ [վարչապետի պաշտոնին], թե՞ չգալ: Ես շատ կուզենայի, որ գտներ անհամատեղելի՝ ներդրում անողները կտեսնեն, որ չէ, էստեղ փոփոխություն է լինում, մի մարդուց չի կախված, պետք չի Նազարբաևին կամ Պուտինի ասել, որ գործ դնել: Այսինքն՝ սա որոշակի հույս կներշնչի», - ընդգծեց Հայաստանի նախկին վարչապետը:

Հիշեցնենք, եկող տարվա ապրիլին լրանում է որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, որից հետո լիարժեք անցում կկատարվի խորհրդարանական հանրապետության՝ վարչապետի լայն լիազորություններով:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG