Բաժիններ՝

«Կրակի եզրին է Հայաստանը, հիշեցնե՞մ մեր Արցախի խնդիրը»

Ստեղծագործական միությունների նախագահները երկրում տիրող իրավիճակի լուծումը երկխոսության մեջ են տեսնում։ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, ովքեր անդրադարձել են Երևանում վերջին օրերի իրադարձություններին։

ՀԳՄ նախագահը պաշտպանում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրական և գործնական երկխոսություն կազմակերպելու գաղափարը։ «21-րդ դարում աշխարհի խաղաղությունն ու պատերազմը այսքան մերձ չէին եղել, ինչ վերջին շաբաթներին է։ Մարդկությունը շունչը պահած սպասում է երրորդ համաշխարհայինի սանձազերծմանը։ Մազից կախված աշխարհ, երբ ռմբակոծումներն ու ահաբեկչություններն իրար հերթ չեն տալիս։ Եվ այդ կրակի եզրին է Հայաստանը, հիշեցնե՞մ մեր Արցախի խնդիրը, որ ամեն պահ կարող է վերածվել տարածաշրջանի և առավել լայն կռվադաշտի»,- ընդգծեց Միլիտոնյանը։

Նրա խոսքով՝ այս վիճակում յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափով սթափվելու կարիք ունի։

«Չմոռանանք, մեր անկայունությունից օգտվելով՝ թշնամիները, մոտ ու հեռու հարևան-բարեկամները, ակնհայտ և ծածուկ պարտադրելու են իրենց շահերի օրակարգը։ Կան բազմաթիվ հոգսեր՝ սոցիալական, աշխատանքային, արդարության, մշակութային և այլն»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը և եզրափակելով խոսքն ասաց, որ մարդկանց հարցադրումները լուծելու մեկ հին և նոր ճանապարհ կա՝ երկխոսություն պետական, քաղաքական և հասարակական կառույցների միջև։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ևս երկխոսությունը օրակարգային է համարում։

«Երկրում այնպիսի իրավիճակ է, որ, իհարկե, պետք է երկխոսություն, համերաշխություն՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են խաղաղ ձևով իրավիճակը կարգավորել: Հասկանալի է, որ դժգոհությունները շատ են, հետևաբար երկխոսության կարիք կա: Երբ դրա մեկնարկը տրվի, արդեն հաջորդիվ կծնվի գաղափար՝ դրա իրագործման ուղիների վերաբերյալ»,- ասաց Աղամյանը և նկատեց, որ արմատական բարեփոխումները մեկ օրում հնարավոր չէ անել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս