Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

«Տոլոյին խի՞ բարև չես տալիս․․». Նոր Հաճնում «ռազբորկան» ավարտվել է կրակոցներով ու դանակահարությամբ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գոռ Սևոյանի և Ռաֆայել Քոթանջյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

24-ամյա Գոռ Սևոյանին ծանր մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

28-ամյա Ռաֆայել Քոթանջյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Սևոյանը Անատոլի Մ.-ին չբարևելու կապակցությամբ իր ծանոթ Գագիկ Մ.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 21-ն անց 27 րոպեին զանգել է Գագիկին ու պայմանավորվել է հանդիպել Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում:

Ժամը 22-ի սահմաններում պայմանավորված վայրում Գագիկ Մ.-ին ու նրա հետ ժամադրության ներկայացած «Ժեշտ» մականունով Սերգեյ Ղ.-ին են մոտեցել Գոռ Սևոյանն ու Ռաֆայել Քոթանջյանը, ևս մի քանի երիտասարդներ:

Գոռը, ըստ մեղադրական եզրակացության գեղարվեստական ձևակերպման՝ «սանձարձակ ոճով փորձել է պարզել Գագիկի կողմից Անատոլիին չբարևելու պատճառը»:

Գագիկի պատասխանը Գոռը «ցավագին է ընդունել… երկու ձեռքերով հրել է Գագիկին… Ներկաներից՝ Ռաֆայելը բռունցքով հարվածել է Գագիկի դեմքին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով. քթոսկրերի՝ տեղաշարժով կոտրվածք, քթի մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդ»:

«Ստեղծված իրավիճակը հարթելու, Գագիկ Մ.-ին հեռացնելու նպատակով միջամտել է Սերգեյ Ղ.-ն, բայց Ռաֆայելը ոտքի հարվածով նրան վայր է գցել»:

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Սևոյանը շարունակել է հարձակումը Գագիկ Մ.-ի նկատմամբ, վերջինիս սպանելու դիտավորությամբ, սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ տալով՝ նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է Գագիկ Մ.-ի կրծքավանդակի ձախ կեսի կողմնահետին մակերեսին՝ պատճառելով չթափանցող թեթև վնասվածք, ապա հարվածել է նրա ձախ գոտկային շրջանի կողմնային մակերեսին՝ պատճառելով թափանցող վերք՝ հաստ աղու միջընդերքի վնասումով՝ Գագիկ Մ.-ի առողջությանը հասցնելով ծանր վնաս:

Ըստ մեղադրանքի՝ վնասվածքներ ստացած Գագիկը Սերգեյ Ղ.-ի օգնությամբ նստել է իր մեքենայի ղեկին, Սերգեյը նստել է վարորդի կողքի նստատեղին և ցանկացել են հեռանալ: Սակայն, առաջադրված մեղադրանքի համաձայն, Գոռ Սևոյանը իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալով մոտեցել է Գագիկի մեքենային, ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել նրա մեքենայի՝ վարորդի կողմի դռան ապակուն և ապակու շրջանակին՝ պահանջելով, որ Գագիկն իջնի մեքենայից: Գագիկ Մ.-ին հաջողվել է մեքենան առաջ վարել ու հեռանալ դեպքի վայրից:

Գոռ Սևոյանը, ըստ մեղադրանքի, նստել է իր «Տոյոտա Կորոլա» մեքենան, հետապնդել է Գագիկի մեքենային, մոտակա բենզակայանի մոտ փակել է Գագիկի մեքենայի ճանապարհը ու պահանջել է, որ Գագիկն իջնի մեքենայից:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկը կարողացել իր մեքենայով հրել ճանապարհը փակած մեքենան ու հեռացել է: Նախաքննական մարմինը եզրահանգել է, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ Գոռ Սևոյանն իր կամքից անկախ չի կարողացել ավարտին հասցնել Գագիկին կյանքից զրկելու մտադրությունը: Գագիկ Մ.-ն հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Ամբաստանյալ Գոռ Սևոյանը դատաքննության ընթացքում հայտարարել է, թե սպանության փորձի համար իրեն մեղավոր չի ճանաչում: Ինքն ընդհանրապես մարդ սպանելու մտադրություն չի ունեցել, չի ցանկացել սպանել Գագիկ Մ.-ին: Կռիվ է եղել, էդպես է ստացվել… Եթե ինքը Գագիկին սպանելու մտադրություն ունենար, կհետևեր նրան, ճանապարհին կհասներ ու կվնասեր:

Ըստ Գոռ Սևոյանի՝ մեղադրանքը քննիչի կողմից «ուռճացված ու հատուկ ծրագրված է եղել: Գործի բոլոր հանգամանքներից երևում է, որ սարքված է… Ինքն էլ ինքնասիրություն ունի, շատ բան չի խոսում…»:

Գոռ Սևոյանը հրաժարվել է դեպքի վերաբերյալ ցուցմունքներ տալուց:

Գործի նախաքննության ընթացքում Գոռ Սևոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է միայն, թե ինքը Գագիկ Մ.-ին չի դանակահարել…

Ամբաստանյալ Ռաֆայել Քոթանջյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե ինքը մեկ անգամ է հարվածել Գագիկ Մ.-ին ու չի հասկանում՝ ինչու է իր մի հարվածը այսքան ծանրացվել ու դարձվել խուլիգանություն…

Դատարանում հնարավոր չի եղել ապահովել տուժող Գագիկ Մ.-ի ներկայությունը: Նա բացակայել է իր մշտական բնակության վայրից: Համաձայն ոստիկանությունից ստացված գրության՝ նա գտնվել է հետախուզման մեջ՝ մարդու առևանգման մեղադրանքով…

Դատարանը հետազոտել է Գագիկի նախաքննական ցուցմունքները:

Մի դեպքում տուժող Գագիկը հայտնել է, թե Երևան-Սևան ճանապարհին իրեն ծեծել են անծանոթ տղաներ, ինքն ուշքի եկել արդեն դանակահարված վիճակում: Մյուս դեպքում Գագիկ Մ.-ն ասել է, թե կորցրել է հիշողությունը, չի հիշում դեպքի մանրամասները, չգիտի՝ ով , որտեղ և երբ է իրեն դանակով հարվածներ հասցրել:

Գործի քննության ավարտական փուլում Գագիկ Մ.-ն հայտնաբերվել է, դատաքննությունը վերսկսվել է, Գագիկը հարցաքննվել ու ասել է, թե Գոռ Սևոյանի ու Ռաֆայել Քոթանջյանի հետ գտնվում է ընկերական հարաբերություններում, նրանք իրեն վնասվածքներ չեն պատճառել…

Գործով վկա, «Ժեշտ» մականունով Սերգեյ Ղ.-ն հայտնել է, որ ճանաչում է ինչպես ամբաստանյալներին, այնպես էլ տուժող Գագիկ Մ.-ին, ով իր բանակի ընկերն է:

Դեպքի օրն ինքը Գագիկի հետ է եղել, նրան զանգել է Գոռը, պայմանավորվել են հանդիպել: Ինքը հանդիպման գնացել է Գագիկի հետ: Գոռի հետ մի քանի տղաներ էին եկել, այդ թվում՝ Ռաֆայել Քոթանջյանը, Անատոլին՝ Տոլոն:

Գոռի ու Գագիկի միջև խոսակցություն է եղել: Գոռը հարցրել է. «Գագո, ինչի՞ Տոլոյին բարև չես տալիս, մեր ընկերն ա»: Գագիկը պատասխանել է. «Լավ տղերքը Տոլոյին բարև չեն տալիս»: Գոռն էլ ասել է. «Հերդ Տոլոյին բարև ա տալիս, ուրեմն լավ տղա չի՞»:

Գագիկը հրել է Գոռին, որից հետո Ռաֆայելը բռունցքով հարվածել է Գագիկի դեմքին: Գագիկը նստել է մեքենա, զենքը վերցրել ու տղաների գլխի վրայով օդ է կրակել: Կրակոցներից հետո վիճաբանություն չի եղել, ինքը չի տեսել Գագիկին դանակահարելու պահը… Ինքը տեղյակ է, որ Գոռն ու Գագիկը ընկերական հարաբերությունների մեջ են եղել, իրար հետ ոսկու գործ են արել…

Սերգեյ Ղ.-ն պնդել է, թե իր նախաքննական ցուցմունքները սուտ են, դրանք գրվել են քննիչի սպառնալիքների ներքո:

Այլ ցուցմունքներում Սերգեյ Ղ.-ն նշել է, թե Գագիկի մոտ ինքը զենք չի տեսել, նա դեպքի վայրում չի կրակել, Գոռը մեքենայով կտրել է Գագիկի մեքենայի ճանապարհը, նա «տաքացած էր», բայց Գագիկն իջել ու նրա հետ խոսել է, Գոռը հանգստացել է…

Դատարանը վկա Սերգեյ Ղ.-ի ցուցմունքները ոչ արժանահավատ է գնահատել. պարզվել է, որ ցուցմունքների մի մասը նա տվել է տուժողի ու քննիչի հետ պայմանավորվելով… Վերջիններս վկա Սերգեյին նույնիսկ որոշ ժամանակ պահել են Երևանում վարձած բնակարանում…

Դատական ակտում արձանագրվել է, որ տուժող Գագիկ Մ.-ի հեռախոսի մեջ ամբաստանյալ Գոռ Սևոյանի համարը գրանցված էր «Գոռ ախպեր» անվան տակ…

Դատարանը հաշվի է առել վիճաբանության մեջ տուժող Գագիկ Մ.-ի ակտիվ պահվածքը՝ վերջինս Գոռ Սևոյանին առաջարկել է «իջնել ձոր» ու այնտեղ խոսել: Նա դեմքին բռունցքի հարված ստանալուց հետո կրակոցներ է արձակել, ինչից հետո է Գոռ Սևոյանը դանակի հարվածներ հասցրել Գագիկին:

Դատարանը եզրակացրել է, թե գործի քննությամբ չի հիմնավորվել, որ Գոռ Սևոյանն ու Ռաֆայել Քոթանջյանը գործել են խուլիգանական դրդումներով:

Դատարանը հաստատված չի գնահատել նաև Գոռ Սևոյանի կողմից սպանության փորձ կատարելը՝ այդ հոդվածով Գոռ Սևոյանի արարքը, ըստ դատական ակտի, նախաքննական մարմնի կողմից սխալ է որակված:

Դատարանը Գոռ Սևոյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով , և դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հուլիսի 19-ից:

Ռաֆայել Քոթանջյանի արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, նրա դեմ բողոքի բացակայության հիմքով նրա քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատարանը այս գործի քննության արդյունքում նաև «Լրացուցիչ որոշում» է կայացրել՝ գործի քննության մինչդատական վարույթում Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից քրեադատավարական օրենքի էական խախտումներ թույլ տալու վերաբերյալ:

Դատարանը մասնավորապես նշել է, թե գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ավագ քննիչ Վ. Ալեքսանյանը քրեական գործն իր վարույթ ընդունելուց առաջ հեռախոսային կապի մեջ է եղել գործով տուժող Գագիկ Մ.-ի, նրա ընկեր Արթուրի հետ, տեղեկություններ է ստացել դեպքի հանգամանքների մասին, խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ քրեական գործն իր վարույթ ընդունելու համար: Նա նախապես տեղեկացրել է Գագիկ Մ.-ին ու նրա ընկերոջը, որ գործը մակագրվել է իրեն: Ավագ քննիչը հանդիպել է վերջիններիս՝ ասելով. «Բաներ կա, որ պիտի պլանավորենք…»:

Դատարանի որոշման մեջ մասնավորապես հիշատակվում է. «Ավագ քննիչ Վ. Ալեքսանյանը, նախապես տեղեկացված լինելով Գագիկ Մ.-ի կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալու մասին, խոստացել է այդ առումով նրա համար խնդիրներ չստեղծել: Գագիկ Մ.-ի մտահոգությանը՝ «Բա հետո ինձ չե՞ն ասի՝ խի ես սուտ բան գրել», քննիչը պատասխանել է. «Ո՞վ ասի՝ ե՞ս… Ցավդ տանեմ, դու ի՞նչ ես հիշում, որ սուտ բան ասես…»: Պարզվել , որ ավագ քննիչը տուժող Գագիկ Մ.-ի հետ խոսելիս օգտագործել է. «ախպերս», «մեռնեմ սրտիդ», «ցավդ տանեմ» արտահայտությունները, ամբաստանյալների վերաբերյալ արտահայտվել է բացասաբար, հայհոյանքներ է օգտագործել նրանց հասցեին…

Հավելենք, որ հիշյալ քննիչ Վ. Ալեքսանյանը 2017 թվականի հունիսի 6-ի դատավճռով վերոհիշյալ գործի քննության ընթացքում թույլ տված խախտումների համար մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է տուգանքի:

Դատարանը ներկայացվող գործով կայացրած «Լրացուցիչ որոշմամբ» ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է գործի մինչդատական վարույթի ընթացքում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումների վրա:

Այս գործով կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Տ. Ենոքյանը: Նա պահանջել է ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն ամբողջությամբ բեկանել: Դատարանի կատարած վերաորակումները մեղադրողը գնահատել է որպես անհիմն ու անօրինական, պահանջել է հաստատված գնահատել Սևոյանին ու Քոթանջյանին առաջադրված մեղադրանքները՝ համապատասխանաբար՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձ ու խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում, նրանց նկատմամբ սահմանել կատարած արարքներին համաչափ պատիժներ:

Մեղադրողը, վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բերած բողոքը, նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից անթույլատրելի է ճանաչվել քննիչ Վ. Ալեքսանյանի կողմից կատարված գործողությունների մեծ մասը: Մասնավորապես՝ անթույլատրելի ապացույց են ճանաչվել ականտես վկա Սերգեյ Ղ.-ի ցուցմունքները, չնայած, ըստ մեղադրողի, այս վկան գործով հաջորդ քննիչի կողմից կատարված հարցաքննությունների ժամանակ էլ հիմնականում տվել է իր նախորդ ցուցմունքներին համահունչ ցուցմունքներ: Այս վկայի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվել, որի վարույթը նախաքննական փուլում կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով: Վկան դատարանում փոխել էր ցուցմունքները, սակայն հետո հայտնել է, թե դատարանում կաշկանդված է եղել ամբաստանյալի ու նրա հարազատների ներկայությունից…

Մեղադրողը նշեց, որ Սևոյանի կողմից տուժողին սպանելու դիտավորությունը հաստատում են նրա պատճառած վնասվածքների տեղակայումը՝ կենսական կարևոր օրգանների շրջանում, այն, որ Սևոյանը հետապնդել է տուժողին, դանակով հարվածել է նրա մեքենայի դռանն ու ապակուն, հնչեցրել է սպանության սպառնալիքներ… Ըստ մեղադրողի՝ ընդհանուր իրավասության դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործով ձեռք բերված ապացույցները:

Մեղադրող Տ. Ենոքյանը, անդրադառնալով մեղսագրված արարքները խուլիգանական դրդումներով կատարված լինելու հանգամանքին, որն առաջին ատյանի դատարանը հիմնավորված չի գնահատել, ընդգծեց, որ դեպքը տեղի է ունեցել Նոր Հաճնի ամենաբանուկ փողոցներից մեկում, բարձրացված աղմուկ-աղաղակից վախեցած մարդիկ մտել են մոտակա խանութ:

Ըստ մեղադրողի՝ Սևոյանի ու Քոթանջյանի արարքներն ուղղված էին հասարակական կարգի ու բարոյականության դեմ: Սևոյանը դեպքի վայր է եկել մոտ մեկ տասնյակ ընկերների հետ, ցանկացել է ընդգծել իր անձի առավելությունները, «Տոլոյ
ին» բարևելու առիթով վեճը «չնչին առիթ» է:

Մեղադրողը նշեց, որ այս գործով տուժող Գագիկ Մ.-ն «չգրված օրենքներով» ապրող անձ է, անձամբ տուժողը կատարվածի վերաբերյալ ցուցմունքներ չի տվել, բայց հորդորել է ականատես վկա Սերգեյ Ղ.-ին՝ հայտնելու այն, ինչ տեսել է…

Մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ առարկեց ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Է. Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ բողոքն անհիմն է, ենթակա է մերժման:

Պաշտպանը հիշեցրեց, որ այս գործով առաջին քննիչ Վ. Ալեքսանյանը, դեռ գործն իր վարույթ չընդունած՝ ակտիվ շփումների մեջ է եղել տուժողի հետ՝ այդ մասին են վկայում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Քննիչը տուժողին հավաստիացրել է, թե ամեն բան կանի՝ գործն իր վարույթ ընդունելու համար: Գործն իր վարույթ ընդունելու օրը քննիչը 20-ից ավելի հեռախոսային խոսակցություն է ունեցել տուժող Գագիկի հետ, նույնիսկ նրա համար «վարորդի» ծառայություններ է կատարել՝ ականատես վկա Սերգեյ Ղ.-ին ժամերով սպասել, դիմավորել, անձամբ հարցաքննության է տարել… Քննիչը, ի պատասխան տուժողի մտահոգության, թե հետագայում խնդիրներ կարող է ունենալ, ասել է՝ ես չե՞մ քո համար խնդիր սարքողը, չեմ սարքի…

Պաշտպանն ընդգծեց, որ գործի քննությամբ չի հաստատվել, որ Գոռ Սևոյանը տուժողին սպանելու դիտավորություն է ունեցել, նման դիտավորություն ունենալու դեպքում նա այլ վարքագիծ կդրսևորեր: Սևոյանի ընկերները, որ ներկա են եղել դեպքի վայրում, չեն խառնվել վիճաբանությանը:

Ըստ պաշտպանի՝ այս գործով ոչ թե ամբաստանյալները, այլ «չգրված օրենքներով» ապրող տուժողն է իր անձը վեր դասել մյուսներից, նա է Նոր Հաճնում լուրեր տարածել, թե այսինչ մարդը լավը չի, նրան պետք չի բարևել…

Պաշտպանը նշեց՝ եթե Գոռ Սևոյանը Գագիկ Մ.-ին սպանելու մտադրություն ունենար, նրան հանդիպման չէր կանչի Նոր Հաճնի ամենաբանուկ փողոց այն դեպքում, երբ տուժողը ցանկություն էր հայտնել նրան հանդիպելու Հաճնի ձորում:

Պաշտպանն ընդգծեց՝ Գոռ Սևոյանը Գագիկ Մ.-ին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ նա քաղաքի այդ բանուկ հատվածում գազային ատրճանակից կրակոցներ է արձակել: Անցորդները հենց այդ կրակոցներից են վախեցել, ոչ թե կռվի աղմուկից:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչ Վ. Ալեքսանյանը բառացիորեն ուղղորդել է ականատես վկա Սերգեյ Ղ.-ին, նրա ցուցմունքների ընթացքում ասելով՝ «խառնում ես… մոռացար ասել…» և այլն…

Ըստ պաշտպանի՝ քննիչ Վ. Ալեքսանյանը, գործն իր վարույթ ընդունելով, ամեն բան արել է, որ Գոռ Սևոյանին ու Ռաֆայել Քոթանջյանին հնարավոր ամենածանր մեղադրանքներն առաջադրվեն: Տուժող Գագիկ Մ.-ն անձնական հակակրանք է ունեցել Գոռի ու նրա հարազատների նկատմամբ, նույնիսկ Նոր Հաճնում կոչ է արել գործնական հարցերում չաջակցել Գոռի հարազատներին՝ ասելով՝ թող սոված սատկեն…

Քննիչ Վ. Ալեքսանյանը ակնհայտորեն աշխատել է տուժողի օգտին՝ անգամ քրեական գործից նյութեր է «անհետացրել»: Այս քննիչի վարույթից գործը վերցնելուց հետո, ըստ պաշտպանի, ականատես վկա Սերգեյ Ղ.-ն «անտեր էր մնացել», գործը քննիչ Մնոյանի վարույթում քննվելու ընթացքում վկան սկսել է իր ցուցմունքներով մոտենալ իրականությանը, Գոռ Սևոյանի հարազատները նրան որևէ բանով չեն կաշկանդել…

Պաշտպանը նշեց, որ Գոռ Սևոյանը սպանությանը նպատակաուղղված հարվածներ չի հասցրել տուժողին, այդ պատճառով՝ հարվածներից մեկը չթափանցող, թեթև վնասվածք է պատճառել: Տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել նրա գոտկային հատվածին հասցված վնասվածքը, սակայն, ըստ պաշտպանի, այդ հարվածը «ստացվել է» միմյանց քաշքշելու արդյունքում…

Պաշտպանն ընդգծեց՝ սպանության փորձի մեղադրանքը շինծու մեղադրանք է եղել, առաջին ատյանի դատարանը այն շատ հիմնավոր կերպով է վերաորակել…

Պաշտպանը չհիմնավորված համարեց նաև արարքները խուլիգանական դրդումներով կատարելու՝ նախաքննական մարմնի գնահատականը, որը ևս ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է…

Պաշտպանը միջնորդեց՝ ամբողջությամբ մերժել մեղադրողի վերաքննիչ բողոքը, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ:

Ամբաստանյալ Գոռ Սևոյանը հայտարարեց. «Ես ոչ մեկին սպանելու մտադրություն չեմ ունեցել»:

Վերաքննիչ դատարանում այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում