Արաբական 4 երկիր պատրաստ է Կատարի հետ երկխոսության

Արաբական 4 երկիր պատրաստ է Կատարի հետ երկխոսության

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը պատրաստ են երկխոսության Կատարի հետ, եթե Դոհան դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը: Այդ մասին հուլիսի 30-ին հայտարարել է Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Ահմեդ Ալ Հալիֆան:

«4 երկիր պատրաստակամ է երկխոսություն սկսել Կատարի հետ, եթե վերջինս անկեղծ ցանկություն հայտնի դադարեցնելու աջակցությունն ահաբեկիչներին ու նրանց ֆինանսավորումը, հրաժարվի այլ երկների ներքին գործերին միջամտելուց և պատասխանի ահաբեկչության դեմ պայքարի հզորացմանն ուղղված 13 պահանջին»,-հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարարը Մանամայում ԱԳՆ ղեկավարների քառակողմ հանդիպման ավարտին, հայտնում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու Եգիպտոսը կրճատել են Կատարին ներկայացվող պահանջների ցանկը և կոչ են արել կատարել դրանք առանց կոնկրետ ժամկետների:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

Հունիսի 24-ին Կատարը հաստատել է, որ ստացել է 4 արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը, բաղկացած 13 կետից: Դոհայում առաջ քաշված պայմանները համարեցին ոչ խելամիտ և անիրագործելի: Այդ միջոցներն ուղղված են պաշտպանելու արաբական երկրներին Կատարի կառավարության քաղաքականությունից, որն, ըստ այդ երկրների, «սպառնում է նրանց կայունությանն ու անվտանգությանը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---