Բաժիններ՝

«Հիմա այս «իշխանի» սիմվոլը Հայաստանում պե՞տք է մնա, թե՞ ոչ». Աղասի Թադևոսյանը՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին

«ՀՀ երեք նախագահների ղեկավարման ժամանակ էլ եղել են թալանչիներ: Տարիների ընթացքում այս ամենն առարկայական տեսք ստացավ, և հիմա մենք, օրինակ, Երևանում տեսնում ենք ապացույցները: Մոնումենտի մի քանի միլիոնանոց դղյակները հենց այդ թալանի հետևանքով են ձևավորվել: Հիմա գուցե մի քանիսը լինեն, որ բիզնեսի շնորհիվ են գումար կուտակել, բայց հիմնական մասը կուտակվել է պետական իշխանությունը չարաշահելու եղանակով: ՀՀ-ում տեղի ունեցած խորը անարդարությունը հարվածել է մեր պետականության հիմքերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:

«Այն, որ ունենք թույլ պետականություն՝ այդ թալանի հետևանքով է: Եթե 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին մարդիկ խոսում էին նաև բանակի թալանի մասին, դա ոչ թե բիզնեսմենն էր թալանել, այլ սպայակազմը, գեներալիտետը: Նայում էինք՝ 100.000-անոց մեքենաներով էին գեներալները շրջում, բայց բանակում շատ բաներ չկան: Այս ամենը հասարակության մոտ առաջացրել է մեծ հակակրանք, անարդարության զգացում, որը վերականգնելու պահանջը կա»,- հավելեց ազգագրագետը՝ ընդգծելով, որ ապօրինի հարստացած անձանց շրջանում կան նաև դատախազներ, դատավորներ, ովքեր ունեն անարդարության սիմվոլներ՝ քաղաքի տարբեր հատվածներում:

«Մասիվի ճանապարհին՝ բլրի գագաթին կարող եք տեսնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դղյակը, որի նմանը տեսել եմ Եվրոպայում, պատկանում էր միջնադարի ազնվականներին՝ իշխաններին: Հիմա այս «իշխանի» սիմվոլը Հայաստանում պե՞տք է մնա, թե՞ ոչ, ամբողջ հարցը սա է: Եթե մենք պատրաստ ենք իշխանների սիմվոլները մարսել՝ դա ուրիշ հարց է, բայց կարծում եմ՝ չենք ուզում մարսել: Սա լուծել է պետք»,- նշեց Աղասի Թադևոսյանը:

«Ապօրինի կերպով ձեռք են բերել հարստություն, այսօր կորցրել են իշխանություն, բայց դեռևս գումարները պահում են, որոնք շատ վտանգավոր են հետհեղափոխական Հայաստանի համար: Դրանք հակաժողովրդական, հակապետական նպատակներով են օգտագործվում: Սրա դեմ պայքարել է պետք, իսկ այն դատական համակարգը, որ ունենք՝ աշխատող չէ, քանի որ մասնակից է եղել այդ ապօրինություններին, նպաստել հարստության կուտակմանը: Ամեն դեպքում պետք է ստեղծել մարմին, որը կիրականացնի դատական գործառույթ: Այնտեղ պետք է  ընդգրկվեն հանրային վստահություն ունեցող դատավորներ, մարդիկ, ովքեր ապօրինի վաստակած գումարներ չեն ունենա: ՀՀ-ում տեղի է ունեցել հարստացում՝ բնակչության ունեզրկման եղանակով: Ակնհայտ է, որ 1990-ական թթ. բնակչությունը չի եղել աղքատ, դրանից հետո են աղքատացրել: Այսինքն, հարստությունը ոչ թե կուտակվել է աշխատելու, բիզնեսի միջոցով, այլ մյուսներին ունեզրկելու, անարդարության եղանակով»,- նկատեց ազգագրագետը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս