Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է

Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական 
նիստն ընդմիջվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներն ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքն ապահովելու և առաջադրված մեղադրանքներին ծանոթանալուն բավարար ժամանակ տրամադրելու նպատակով»,- հայտնել է փաստաբանը:

Նա նշել է, որ մինչ այս պահն իր պաշտպանյալին պարզաբանում չի ներկայացվել մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին:

Միհրան Պողոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն երկու դատական նիստ է տեղի ունեցել: Առաջին նիստը գումարվել է 11:30-ին, այդ նիստի մասին իր պաշտպանյալ Խաչատուրովը տեղեկացված չի եղել: «Իմ կողմից ծանուցվելուց հետո միայն՝ 15:00-ին Խաչատուրովը ներկայացել է դատարան»,- հայտնել է փաստաբանը:

Նա տեղեկացրել է նաև, որ ընդմիջված դատական նիստը կշարունակվի այսօր՝ հուլիսի 27-ին 18:00-ից հետո:

ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]