Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը». 70-ից ավելի նկարիչ է մասնակցելու

Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային  ցուցահանդեսը». 70-ից ավելի նկարիչ է մասնակցելու

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ծննդյան հարյուրամյա տարեդարձի առթիվ Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018) ցուցադրությունը։ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի մայրաքաղաքի յոթ կարևոր վայրերում կցուցադրվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա նկարիչների գործեր: Միջոցառումը ներառում է նաև աշխատաժողովներ և զրույցներ արվեստի աշխարհի միջազգային մասնագետների հետ:

Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր, աշխարհահռչակ պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր, նկարիչների կողմից տեղում պատվերով կատարված գործեր: Հրավիրյալ մի շարք նկարիչներ պրեզենտացիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի սաների հետ: Ծրագիրը բաղկացած է երկու տեսակի ցուցահանդեսներից. առաջինը «Ժամանակակից արվեստի ձայնային գծերն» են, երկրորդը՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները»:

«Նախաձեռնությունը համընկնում է Ֆրանկոֆոնիայի գաղափարին, որն ասում է, թե պետք է ապրել միասին: Ցուցահանդեսը մշակույթների փոխանակման հնարավորություն է տալիս», - սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է միջոցառման աջակից ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:

Միջոցառումը նպատակ ունի ցուցահանդեսի, աշխատաժողովների և պրեզենտացիաների միջոցով Հայաստանում ձևավորել միջազգային գեղարվեստական բանավեճի և մշակութային փոխանակման մթնոլորտ:

Միջոցառման կազմակերպիչներից և մտահղացման հեղինակներից Ֆաբիո Լենցին նշել է, որ Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ է տեղի ունենում նման միջոցառում:

«Մենք վստահ ենք և հավատում ենք, որ մշակույթը կարևորագույն ասպեկտն է սահմանները կոտրելու և նոր փոխանակումներ կազմակերպելու համար: Արվեստագետներից շատերը որոշել են գալ Հայաստան ծանոթանալու տեղական մշակույթի հետ: Այս գիտելիքների փոխանակումը մեկնարկային քայլ է մեզ համար տեղի գիտելիքներն ու արվեստը միջազգային շուկա դուրս բերելու համար»,- հավելել է Լենցին:

Նրա խոսքով՝ շատ կարևոր էր արվեստագետներին Հայաստան բերելը: Լենցին նշել է, որ սեպտեմբերի 29-ից սկսած ՀՀ բնակիչները և երկրի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու արվեստի գործերը հետևյալ մշակութային օջախներում. Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայ-Արտ մշակութային կենտրոնը, Հայաստանի նկարիչների միությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչը շեշտել է նաև, որ մուտքն անվճար է լինելու բոլորի համար:

Լենցին պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների շրջանակում վերականգնվել է նաև դեռ սովետական շրջանում ստեղծված կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ «ՀայԱրտը»:

Ցուցահանդեսը համադրող Մազդակ Ֆաիզնիան և Մարինա Հակոբյանը, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, բոլոր արվեստագետներին, ցուցահանդեսի աջակիցներին և այն բոլոր մարդկանց, ովքեր մասնակցեցին միջոցառման կայացմանը:

«Երբ մենք սկսեցինք կապվել արվեստագետների և պատկերասրահների հետ, շատերը հարցեր ունեին, ոմանք էլ պատասխանեցին խանդավառությամբ, բայց բոլորի համար սա մի արկած էր և միասնական երազ»,- նշել է Ֆաիզնիան:

Համադրողն ասել է, որ սովորել է Հայաստանում շատ բան, այդ թվում՝ «լռության արժեքը»: Նրա խոսքով՝ հայերն ամենուր են, և հայ արվեստագետները մեծ ազդեցություն ունեն միջազգային արվեստի վրա, նրանք ստեղծագործում են, բայց անում են դա «յուրահատուկ համեստությամբ, նրանք չեն գոռում, նրանք անում են դա լուռ»:

Մարինա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է նման միջոցառում, սակայն այս մեկը բացառիկ է իր մասշտաբով:

«Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը շարժառիթ կհանդիսանա առավել ակտիվ դուրս գալու միջազգային հարթակ»,- նշել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ցուցադրությունը նաև հնարավորություն է տալիս տարբեր սերունդների արվեստագետներին հանդես գալու միևնույն հարթակում:

Ցուցադրության համատեքստում տեղի կունենան բազմաթիվ հարակից միջոցառումներ ու քննարկումներ՝ ոլորտի հեղինակավոր այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են՝ քննադատները, նկարիչները, պատկերասրահների սեփականատերերը և հավաքորդները՝ ի լրումն լոգիստիկ և ապահովագրական մասնագետների, ովքեր կյանք են տալիս հարուստ մշակութային ծրագրին:

Ցուցահանդեսի կազմակերպիչը Shaula International ՍՊԸ-ն է: Միջոցառումը հովանավորում են Կանադայի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Իտալիայի մշակութային ժառանգության և միջոցառումների նախարարությունը, ծրագրի մշակութային գովազդն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության Vivere all’Italiana նախաձեռնության և Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայկական զբոսաշրջային գործակալության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---