Բաժիններ՝

Տաշիր համայնքում առկա չարաշահումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը  

Խոսելով դատաիրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև այլ միջազգային իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի պարբերաբար ոտնահարման հանգամանքը:

Նման չարաշահումներից է մամուլում տեղ գտած այն ապատեղեկատվությունը, թե իբրև «Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք չարաշահումների արդյունքում կատարել են գումարների յուրացում»:

Այս հրապարակման արդյունքում ոչ միայն խաթարվում է անմեղության կանխավարկածի վերոհիշյալ կարևորագույն սկզբունքը, այլ նաև արատավորվում է անձի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ պետք է փաստել նաև այն, որ ըստ հիշյալ հրապարակման՝ «Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր, փոխանցվել է 98 միլիոն դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել»:

Նշված ձևակերպումը դարձյալ չի համապատասխանում իրականությանը և անգամ դուրս է ողջամիտ տրամաբանության սահմաններից, քանի որ, եթե այդպես լիներ, ուրեմն Տաշիր համայնքը պետք է աղբի մեջ խրված լիներ, մինչդեռ անհերքելի փաստ է, որ Տաշիր համայնքը մշտապես առանձնացել է իր մաքրությամբ և օրեցօր գեղեցկացմամբ:

Կարդացեք նաև

Ավելին՝ բոլորովին վերջերս Տաշիր քաղաքը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության ամենաբարեկարգ և մաքուր քաղաքը: Ինչ վերաբերում է նշված գումարի չափին, ապա պետք է ընդգծել, որ այն հատուկ ուռճացված կերպով է ներկայացվել հանրությանը և նպատակ է հետապնդում հանրությանը ոչ հավաստի տեղեկատվություն հրամցնելու, քանի որ այդ գումարը վերաբերում է երկու տարվա աղբահանության համար փոխանցված գումարներին, և եթե մենք բաժանենք ամիսների, ստացվում է՝ Տաշիր համայնքի աղբահանության և սանմաքրման համար ամսական ծախսվել է ընդամենը մոտ 4 միլիոն դրամ գումար:

Այդ 4 միլիոն դրամի շրջանակներում մոտ 20 աշխատակիցների աշխատավարձի վճարման, ավտոմեքենաների վառելիքի և վերանորոգման ծախսերը կատարելու, ինչպես նաև օրենքով սահմանված հարկերը վճարելու պայմաններում ակնհայտ է դառնում, որ աղբահանության և սանմաքրման աշխատանքները կատարվել են ծայրաստիճան մատչելի գնով: Ինչպես գիտենք, Տաշիր համայնքի կազմի մեջ են մտնում Տաշիր քաղաքը և թվով 8 գյուղերը, որոնք ևս սպասարկվել են հիշյալ գումարի շրջանակներում: Նշվածից ակնհայտ է դառնում, որ Տաշիր քաղաքի և թվով 8 գյուղերի աղբահանության և սանմաքրման համար օրական ծախսվել է մոտ 130,000 դրամ:

Բացի այդ, հարկ է ընդգծել նաև այն, որ նշված աշխատանքների կատարման պայմանագրի կնքմանը նախորդել է օրենքով սահմանված կարգով անցկացված հրապարակային էլեկտրոնային մրցույթի անցկացումը, որին մասնակցել է ընդամենը մեկ կազմակերպություն:

Այսպիսով հարկ է փաստել, որ անմեղության կանխավարկածը ժողովրդավարական հասարակությունում քրեական դատավարության հիմնաքարն է և անձի ազատության ու անձեռնմխելիության կարևորագույն երաշխիքներից մեկը: Միաժամանակ, պետությունը, հանդիսանալով իր տարածքում իրավունքի առաջնային երաշխավոր, թե իրավական և թե բարոյական պարտականություն է կրում ապահովել դրա արդյունավետ իրացումը՝ պաշտպանելով այն ոչ միայն՝ երրորդ անձանց ոտնձգություններից, այլ նախ և առաջ՝ սեփական միջամտությունից:

Արմեն Ֆերոյան
Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս