1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ներքաղաքական լարվածությունը Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Ներքաղաքական լարվածությունը Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններին 
ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ Բիշքեկի դատարանը մինչև հոկտեմբերի 26-ը (օգոստոսի 8-ի որոշմամբ՝ Աթամբաևը հետաքննական մեկուսարանում գտնվելու էր մինչև օգոստոսի 26-ը) երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը։ Ավելին, դատարանն օրինական է ճանաչել Աթամբաևին կալանքի տակ պահելու որոշումը՝ մերժելով նախկին նախագահի փաստաբանի միջնորդությունը։

Աթամբաևը մեղադրվում է մի շարք ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների մեջ։ Դեռ հունիսի 25-ին երկրի Գլխավոր դատախազությունը հայտնաբերել էր առանձնակի ծանր հանցագործության հատկանիշներ խորհրդարանի ներկայացրած 6 մեղադրանքից 5-ի վերաբերյալ, որոնց թվում էին «Կոյ-Տաշ գյուղում ապօրինի կերպով հողատարածքի սեփականաշնորհումը, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի կերպով ազատ արձակումը, ապօրինի հարստացումը,  Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում կոռուպցիոն գործարքների իրականացումը, Բիշքեկի ՋԷԿ-ին ածխի ապօրինի մատակարարման հնարավոր մասնակցությունը»։ Դատախազության եզրակացության հիմքով էլ խորհրդարանը հունիսի 27-ին 103 կողմ, 6 դեմ ձայներով Աթամբաևին զրկել էր անձեռնմխելիությունից, ինչից հետո Աթամբաևին կանչել էին հարցաքննության, սակայն մի քանի անգամ մերժել էր ներկայանալ երկրի Գլխավոր քննչական վարչություն՝ իր դեմ հնչեցվող մեղադրանքները անվանելով «աբսուրդ»։ Այժմ այդ մեղադրանքներին ավելացել են նորերը։ Մասնավորապես, Աթամբաևին մեղադրել են «հանցավոր ճանապարհով ձեռք բերած եկամուտի օրինականացման» մեջ՝ կալանքի տակ վերցնելով նախագահի և նրա ամենամերձավոր բարեկամների ունեցվածքը, շարժական և անշարժ գույքի մոտ 120 միավոր։ Եվ վերջապես, Ղրղըզստանի նախկին նախագահը մեղադրվում է նաև սպանության մեջ։ Այս մեղադրանքի հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ օգոստոսի 7-8-ը Կոյ-Տաշում Աթամբաևի ձերբակալման գործողությունների ժամանակ սպանված հատուկջոկատայինը վիրավորվել է Աթամբաևի տանը հայտնաբերված դիպուկահար հրացանից:

Ղրղզստանի այս իրադարձություններին տարբեր շրջանակներ տալիս են քաղաքական երանգ՝ որոշ դեպքերում Աթամբաևի ձերբակալությունը պայմանավորելով գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ իր ունեցած անձնական հարաբերություններով։ Իրականում Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները բավական հետաքրքիր են նրանով, որ ներքաղաքական հակասություններն առաջացել են հենց իշխող քաղաքական ուժի ներսում։ Նախ, Աթամբաևը Ղրղզստանի առաջին նախագահն էր, որ 2017թ. ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ իր աջակցությունը հայտնելով նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Ժեենբեկովին, որն, ըստ Աթամբաևի, իր ամենամտերիմ ընկերն էր: Ըստ էության, իշխանությունից հեռանալով՝ Աթամբաևը ցանկացել է նախագահի պաշտոնը թողնել իր թիմակցին, առավել վստահելի գործընկերոջ։ Ղրղզական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարվա մարտից Աթամբաևի և Ժեենբեկովի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկման են դատապարտվել նախկին նախագահի տասնյակ թիմակիցներ ու մերձավորներ։ Նախկին նախագահը սկսել է քննադատել գործող իշխանություններին՝ նշելով, որ չի ճանաչում վերջինիս լեգիտիմությունը։ Իսկ ավելի ուշ տարբեր մեղադրանքների հիման վրա սկսվել է նաև Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Փաստորեն, ժամանակի ընթացքում Ժեենբեկովը սկսել է գործել ավելի ազատ և անկաշկանդ։

Մյուս կողմից Աթամբաևը, լինելով խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (ՂՍԴԿ) ղեկավարը, փաստորեն, անձեռնմխելիությունից զրկելու գործընթացում չի ստացել խորհրդարանական խմբակցության աջակցությունը։ ՂՍԴԿ-ն խորհրդարանում ամենաշատ մանդատներ ունեցող կուսակցությունն է (38) և հանդիսանում է իշխող կոալիցիայի անդամ։ Այդ կուսակցությունից է ժամանակին նախագահի պաշտոնում առաջադրվել նաև Ժեենբեկովը։ Ներկայումս ՂՍԴԿ-ում կարելի է առանձնացնել երեք խմբավորում՝ Աթամբաևը և իր մերձակա շրջապատը, խորհրդարանական խմբակցությունը և այսպես կոչված «ՂՍԴԿ-ն առանց Աթամբաևի» շարժումը։ Վերջին երկուսը դեմ են դուրս եկել Աթամբաևին և անգամ ցանկանում են հեռացնել նրան կուսակցությունից։

Հատկանշական է նաև Ղրղզստանի ներքաղաքական իրադարձությունների արտաքին ասպեկտը։ Մասնավորապես, երկրի ներսում չստանալով բավարար աջակցություն՝ Աթամբաևը փորձեց այն ստանալ Մոսկվայից։ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Կրեմլն արտահայտել է իր մոտեցումը Ղրղըզստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես, նշելով, որ «Ղրղզստանին քաղաքական կայունություն է հարկավոր, և հանրապետության բնակիչները պետք է միավորվեն գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի շուրջ»: Սա հստակ մեսիջ էր բոլոր կողմերին, որից հետո, թվում էր կրքերը կհանդարտվեն, և երկրի քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներ կլինեն՝ 2020թ. սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Կարելի էր ակնկալել, որ Աթամբաևն իր աջակիցների հետ կդիրքավորվի որպես ընդդիմություն՝ փորձելով հնարավորինս շատ մանդատներ ստանալ խորհրդարանում։

Սակայն իրավիճակը չհանդարտվեց, իսկ Աթամբաևը կալանավորվեց։ Բնականաբար, դա չի կարող ազդեցություն չունենալ սպասվող ընտրությունների վրա։ Ներկայումս Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Կուսակցությունը տրոհված է, որի հիմնական կորիզը շարունակում է մնալ խորհրդարանական խմբակցությունը։ Այսպիսով, մինչև 2020թ. խորհրդարանական ընտրությունները, ՂՍԴԿ-ի ներսում տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժերը պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ ընտրությունների մասնակցության, ինչպես նաև ՂՍԴԿ «պիտակի» պահպանման հարցում։ Ընտրական գործընթացներում կարևոր է լինելու նաև մյուս քաղաքական ուժերի, ինչպես, օրինակ, ներկայումս կոալիցիայի մեջ գտնվող «Ղրղըզստան» կուսակցության և Սոցիալիստական կուսակցության դիրքավորումը։ Հավանական է նաև ընդդիմադիրների որոշակի ակտիվացում իշխող ուժի ներսում առկա խնդիրների ֆոնին («Հանրապետություն-հայրենիք», «Բիր-բոլ» լիբերալ կուսակցություն և այլն)։ Այսպիսով, 2020թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Ղրղըզստանի քաղաքական կյանքում կարելի է նոր հետաքրքիր զարգացումներ սպասել։

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]