Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Հայաստանի համար կկռվի ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ Ռուսաստանը, բայց Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում

Նոյեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում տեղի ունեցավ այսպես կոչված՝ «Լազարյան ակումբի» բացումը։ Ակումբի անդրանիկ նիստին հրավիրված էին բազմաթիվ հայտնի դեմքեր Ռուսաստանից և Հայաստանից, մասնավորապես՝ Հայաստանի ներկա և նախկին ղեկավարները, Արցախի նախագահը, ռուսաստանցի և հայաստանցի պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ և այլն։

Միջոցառման կազմակերպիչը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գլխավորած ԱՊՀ երկրների ինստիտուտն է։ Ակումբի նախաձեռնողներն ասում են, որ սա նոր ոչ ֆորմալ, ազատ և մշտական հարթակ է Ռուսաստանի և Հայաստանի հանրությունների միջև հանդիպումների և մտքերի փոխանակման մասին։ Նշվում է, որ ակումբի նախաձեռնողները հայտնի քաղաքական գործիչներ են, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, ձեռնարկատերեր և հասարակական գործիչներ երկու երկրներից, բայց ինչպես տարիներ առաջ գործած «Գրիբոյեդով» ակումբում, այս պարագայում էլ ակումբի ակտիվ մասնակիցները Հայաստանի կողմից հիմնականում, այսպես ասած, ռուսամետ կողմնորոշում ունեցող գործիչներ էին, օրինակ՝ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, գեներալ Հայկ Քոթանջյանը, Զորի Բալայանը և այլն։ Ռուսաստանի ներկայացուցիչներն էլ՝ բնականաբար, պուտինյան քաղաքականության թունդ աջակիցներ, հակաարևմտյան, հակաամերիկյան հայացքներով հայտնի դեմքեր, այդ թվում՝ հայկական ծագումով որոշ լրագրողներ ու փորձագետներ։ Ու, իհարկե, այս մթնոլորտում խոսակցությունները գլխավորապես «հայ-ռուսական դարավոր եղբայրության», «կայունացնող» Ռուսաստանի և «ապակայունացնող» Ամերիկայի, Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության ու «չար» Արևմուտքին դիմակայելու անհրաժեշտության մասին էին։ Ակումբի առաջին լիագումար նիստը բավական խոսուն խորագիր ունի՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ. պաշտպանություն և անվտանգություն»։

Բայց համընկնո՞ւմ են արդյոք Հայաստանի և Ռուսաստանի շահերը բոլոր առումներով, թե՞ կան հարցեր, որոնց շուրջ ռազմավարական երկու դաշնակիցների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև կարող են հակադրվել։ Հիշենք, որ լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը միաժամանակ ռազմավարական գործընկերություն է զարգացնում Հայաստանի ոխերիմ հարևան Ադրբեջանի հետ և ռազմավարականի ձգտող հարաբերություններ ունի մեր մյուս՝ ոչ այդքան բարեկամական հարևան Թուրքիայի հետ։ Հայաստանն էլ, չնայած Ռուսաստանի հետ խոր ռազմաքաղաքական հարաբերություններին, այլ կերպ է նայում թե՛ Եվրամիության և թե՛ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին։ Ու եթե Միացյալ Նահանգները Հայաստանի համար բարեկամ երկիր է ու կարևոր գործընկեր, ապա Ռուսաստանի համար՝ մրցակից և նույնիսկ աշխարհաքաղաքական հակառակորդ, որի նկատմամբ Վաշինգտոնը խիստ պատժամիջոցների քաղաքականություն է իրականացնում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լազարյան ակումբի» առաջին լիագումար նիստի կազմակերպիչներից մեկը՝ Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

Պարոն Եվսեև, «Լազարյան ակումբի» առաջին նիստը շատ հետաքրքիր խորագիր ունի՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիք պաշտպանություն և անվտանգություն»։ Բայց ելույթ ունեցող գործիչներն այնպես են ներկայացնում Ռուսաստանի քաղաքականությունը, հայ-ռուսական հարաբերությունները, կարծես Ռուսաստանի և Հայաստանի շահերն ամեն ինչում համընկնում են, և երկու երկրների միջև որևէ խնդիր չկա։ Պարզ է, որ այս երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր, բայց Հայաստանն այնպիսի վիճակում է, որ ստիպված է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, մանևրել, լավ հարաբերություններ զարգացնել նաև այլ երկրների հետ։ Եվ անընդհատ մենք բախվում ենք միևնույն խնդրին, երբ Ռուսաստանը կոչ է անում իր դաշնակիցներին պաշտպանել իր հակաարևմտյան քաղաքականությունը, բայց Հայաստանն այն վիճակում չէ, որ բացահայտորեն դեմ դուրս գա Եվրամիությանը կամ Միացյալ Նահանգներին։ Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում։

Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը վերջին տարիներին այն է, որ Ռուսաստանը փորձում է չլինել որևէ պետության դեմ՝ որևէ կոնֆլիկտի պարագայում։ Դա վերաբերում, օրինակ, Սիրիային, որտեղ կան բոլոր նախադրյալները Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիմակայության համար։ Այնուամենայնիվ, շնորհիվ հենց Ռուսաստանի հաջողվում է լիցքաթափել լարվածությունը, քանի որ նա հանդես չի գալիս ԱՄՆ-ի դեմ։ Ավելին, երբ երկու պետություններ դիմակայում են Սիրիայի տարածքում՝ ինչպես եղավ Իրանի և Իսրայելի միջև, Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ լարվածությունը վերացնելու համար։ Եվ հենց Ռուսաստանը պայմանավորվեց Իսրայելի հետ։ Իսկ երբ Իսրայելը անցավ «կարմիր գիծը» և փաստացի նպաստեց ռուսական ինքնաթիռի խոցմանը, Ռուսաստանը ստիպված էր միջոցներ ձեռնարկել, բայց Ռուսաստանը ռազմական միջոցներ չձեռնարկեց Իսրայելի դեմ։

Հիմա վերադառնանք Հարավային Կովկասին։ Ռուսաստանը հարաբերություններ ունի այս տարածաշրջանի տարբեր երկրների հետ։ Ունենալով ռազմավարական դաշինք Հայաստանի հետ՝ Ռուսաստանը միաժամանակ ռազմավարական գործընկերություն ունի Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ, որ նախկինում Ռուսաստանը սխալ էր գործում, երբ զենք էր զենք վաճառելով Ադրբեջանին՝ փոփոխություններ չէր անում մատակարարվող սպառազինության ցուցակում։ Պետք է հստակ ասել, որ որոշ զինատեսակներ չպետք է մատակարարվեն Ադրբեջանին։ Այսօր այս խնդիրն այդքան արդիական չէ, քանի որ Ադրբեջանին մատակարարվող ժամանակակից զինատեսակների մեծ մասը ռուսական չէ։ Մասնավորապես, Բելառուսն Ադրբեջանին մատակարարեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որը «Սմերչի» համանմանությունն է։ Իսկ Իսրայելն ուզում է Ադրբեջանին մատակարարել հրթիռային համակարգեր, որոնք որոշ առումով Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների համանմանությունն է։ Այնուամենայնիվ, նախկինում Ռուսաստանը միշտ չէ, որ ճիշտ էր արձագանքում, և դա որոշակի խնդիրներ էր առաջացնում ռուս-հայկական հարաբերություններում։

Այսօր Ռուսաստանը կոչ չի անում Հայաստանին Միացյալ Նահանգների դեմ հանդես գալ։ Ես ծանոթ չեմ նման հայտարարության։ Բայց Ռուսաստանը կուզենար, որ Հայաստանը, ցանկացած որոշում ընդունելիս, հաշվի առներ ձեռնարկվող քայլերի հետևանքները։ Բերեմ հետևյալ օրինակը։ ՆԱՏՕ-ի ներսում կան տարբեր երկրներ, իսկ որոշները նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն իրար հետ։ Օրինակ՝ Թուրքիան և Հունաստանը, որը պատերազմական վիճակում էին, իսկ այսօր Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային սահմանը։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը շարունակում է գոյատևել։ ՀԱՊԿ-ում ևս տարբեր կերպ են վերաբերվում տարբեր խնդիրներին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Օրինակ, Ղազախստանը Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին, բայց դա չի խոչընդոտում ՀԱՊԿ-ի պահպանմանը։ Բայց եթե Հայաստանը շարունակի կոշտ ձևով պնդել, որ իր ներկայացուցիչը պետք է նշանակվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա դա ապակառուցողական մոտեցում է։ Չեմ ասում, թե դա կքանդի ՀԱՊԿ-ը, բայց դա կդժվարացնի Ռուսաստանի գործը՝ պաշտպանելու Հայաստանին ՀԱՊԿ-ի ներսում։ Խաչատուրովը նշանակվել էր շնորհիվ Ռուսաստանի աջակցության։

Որոշ ժամանակ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում էր պաշտոնակատարը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ Խաչատուրովին նշանակել այդ պաշտոնում։ Բայց Հայաստանի նոր ղեկավարության՝ մինչև վերջ չմտածված քայլերը հանգեցրին այն իրավիճակին, որ Ռուսաստանն այժմ երկու տարբերակ ունի։ Առաջին տարբերակը՝ ոչ ոք չի նշանակվում գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Սա ամենաօպտիմալ տարբերակն է, և ես հույս ունեմ, որ հենց այսպիսի որոշում կընդունվի։ Երկրորդ տարբերակը՝ այնուամենայնիվ, նոր մարդ է նշանակվում գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Եվ որքան ես եմ հասկանում ներկայիս իրավիճակը՝ դա լինելու է Բելառուսի ներկայացուցիչը՝ մի երկրի, որը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Ուստի նման պայմաններում ՀԱՊԿ-ի շրջանակներում կատարվող ցանկացած քայլ պետք է չափազանց կշռադատված լինի։ Ինչո՞ւ․ որովհետև, եթե ինչ-որ երկիր դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից՝ դա շատ լուրջ խնդիրներ չի առաջացնի։ Օրինակ՝ ենթադրենք, որ Թուրքիան դուրս է եկել ՆԱՏՕ-ից։ ՆԱՏՕ-ն դրա հետևանքով չի կազմաքանդվի, բայց դա միանշանակ կվատթարացնի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները և կդառնա շատ լուրջ գործոն, որը կխոչընդոտի Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների զարգացմանը։ Նույն տրամաբանությամբ էլ, եթե Հայաստանը դադարեցնի իր անդամակցումը ՀԱՊԿ-ին՝ դա, անշուշտ, վատ կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դա պետք է հասկանալ։ Այսինքն՝ պետք է շատ հեռատես լինել և հասկանալ, թե դա ինչ հետևանքների կհանգեցնի։ Ուստի ես կարծում եմ, որ Հայաստանում շատ զգույշ պետք է վերաբերվեն Հայաստանի անդամակցմանը ՀԱՊԿ-ին, քանի որ սա մի գործոն է, որն ամրապնդում է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ Պարզ է, որ ՀԱՊԿ-ը չի կռվի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանը կկռվի, եթե դրա կարիքը լինի։ Մենք կոչ ենք անում Հայաստանին պարզապես ծանրութեթև անել ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր քայլերը և խորհրդակցել Ռուսաստանի հետ՝ այդ որոշումներն ընդունելուց առաջ։ Սա է մեր ուզածը։ Մենք կոչ չենք անում Հայաստանին դեմարշներ անել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Դա մեզ պետք չէ։

Կա ևս մի հանգամանք, որն առնչվում է այս թեմային։ Դա Հայաստանին Միացյալ Նահանգների կողմից զենքի անվճար մատակարարման հարցն է։ Ընդգծում եմ՝ ոչ թե զենք գնելու, այլ անվճար մատակարարման։ Կողքից նայողը, եթե լավ ծանոթ չէ իրավիճակին, կարող է ասել, թե դա շատ լավ է։

– Այսինքն՝ Միացյալ Նահանգները կարող է անվճար զե՞նք մատակարարել Հայաստանին։

– Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է անվճար Հայաստանին տրամադրել որոշ զինատեսակներ։ Դա հնարավոր է։

– Բայց չէ՞ որ նրանց հետաքրքրությունը փող աշխատելն է, և Դուք շատ լավ գիտեք, որ Թրամփն ուզում է զենք վաճառել առաջին հերթին Ադրբեջանին, իսկ Հայաստանին կարող են զենքն տալ՝ հավասարությունը պահպանելու նպատակով։

– Իհարկե, Դոնալդ Թրամփի գլխավոր առաջնահերթությունը ցանկացած գործարքից ֆինանսական եկամուտներ ստանալն է։ Այդ պատճառով նա զենք է վաճառում Սաուդյան Արաբիային։ Բայց նա կարող է զենք վաճառել նաև Ադրբեջանին, որովհետև դա նույնպես փող կբերի։ Այս պայմաններում նա կարող է անվճար Հայաստանին մատակարարել որոշ զինատեսակներ։ Ես չեմ կարծում, որ ամերիկացիներն այդ զենքը կվաճառեն Հայաստանին։ Բայց այդ զենքը ստանալու որոշումը կայացնելիս՝ Հայաստանը պետք է հաշվի առնի մի քանի գործոններ։ Օրինակ՝ որքա՞ն գումար կպահանջվի՝ այդ զինատեսակներն օգտագործող անձնակազմի վերապատրաստման համար։ Որքա՞ն գումար կպահանջվի այդ սպառազինության վերանորոգման բազա ստեղծելու և դրանց պահեստամասերը գնելու համար։ Դրանք համատեղելի կլինե՞ն այսօր Հայաստանի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող սպառազինությանը։ Որքա՞ն գումար կպահանջվի այդ զինատեսակների արդիականացման համար։ Ուզում եմ ասել, որ այս ամենը պետք է հաշվի առնեք։ Այսինքն՝ ամերիկյան զենքի անվճար մատակարարումն իրականում անվճար չէ և դա որոշակի ֆինանսական ծախսեր կպահանջի Հայաստանից, բայց որոշ մարդիկ փորձում են դա անտեսել։ Ես կողմ եմ, որ այս ամենը հաշվի առնվի։

– Բայց չե՞ք կարծում, որ դա քիչ հավանական է, որովհետև մենք, նախ, չգիտենք՝ կոնկրետ ի՞նչ զինատեսակներ կարող են տրամադրվել Հայաստանին, երկրորդը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայիս կոշտ դիմակայության պայմաններում Մոսկվան ամենայն հավանականությամբ շատ կտրուկ կարձագանքի դրան, և Հայաստանը դժվար թե նման քայլի գնա։

Կարծում եմ՝ Հայաստանը պոտենցիալ առումով կարող է համաձայնվել ամերիկյան զենքի մատակարարմանը։ Չեմ ասում, որ դա անպայման տեղի կունենա։ Ես ասում եմ, որ նման պոտենցիալ կա։ Այնուամենայնիվ, այսօր գլխավոր հարցը ոչ թե դա է, այլ այն, թե ինչպե՞ս կարելի է պահպանել որակական հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որովհետև Ադրբեջանը ջանքեր է գործադրում որակական հավասարակշռությունը փոփոխելու ուղղությամբ։ Ինչպես նշեցի՝ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզներ», Իսրայելից՝ հրթիռային համակարգեր, ինչպես նաև պատվիրել է Իսրայելից հարձակողական տիպի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։

– Իսկ այսօր հավասարակշռությունը պահպանվո՞ւմ է։

– Հավասարակշռությունը պահպանվել է նախորդ տարի մատակարարված զենքի շնորհիվ։ Բայց եթե այսօր Ադրբեջանը հավելյալ սպառազինություն գնի՝ այդ դեպքում որակական հավասարակշռությունը կարող է կրկին փոխվել։ Եվ դրան պետք է հավասարակշռել Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինության միջոցով։ Եվ պարտադիր չէ անպայման համարժեք զինատեսակներ կամ զինտեխնիկա ձեռք բերել։ Օրինակ՝ իսրայելական ԱԹՍ-ներին կարելի է հակազդել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, որոնք ունի Ռուսաստանը։ Այսինքն՝ պատասխանը պետք է լինի անհամաչափ։ Այսօր Ադրբեջանը փորձում է փոխել ուժերի որակական հավասարակշռությունը, քանի որ քանակական հավասարակշռությունն արդեն իսկ Հայաստանի օգտին չէ։ Նրանք ունեն քանակական գերազանցություն։ Պետք է թույլ չտալ, որ նաև որակական առավելության հասնեն։ Եվ դրա պատասխանը պետք է լինի զենքի գնումը Ռուսաստանից։ Հայաստանը, իհարկե, գնում է այդ զենքը Ռուսաստանից, բայց գնում է մարման շատ երկար ժամկետ ունեցող վարկով։ Եվ այդ զենքը գնելիս՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի կողմի ձեռնարկող գործողությունները, որպեսզի հնարավոր լինի առաջ անցնել Ադրբեջանից, և չկրկնվի այն վիճակը, որը կար 2016 թ․ ապրիլի նախօրեին։

– Այս համատեքստում կա շատ կարևոր մի հարց, որի մասին կուզենայի Ձեզ հարցնել։ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում լայնորեն քննարկվում ու շահարկվում է ոչ միայն Արցախի հարցը, այլ նույնիսկ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը և ռուսական զենքի մատակարարումների հարցը։ Հայտնի է, որ 200 մլն դոլարի չափով տրամադրված վարկային համաձայնագիրն արդեն կատարվել է, և Հայաստանն այդ վարկով ձեռք է բերել համապատասխան զինատեսակներ և զինտեխնիկա։ Հետո Հայաստանին տրամադրվեց մի նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով։ Բայց քանի որ սրանք գաղտնի գործարքներ են, մենք չգիտենք՝ ի՞նչ զինատեսակներ է Հայաստանը ստացել Ռուսաստանից վերջին շրջանում։ Եվ Դաշնակցություն կուսակցության ղեկավարը նախորդ շաբաթ հայտարարեց, թե «մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել»։ Այս հայտարարությունը կարո՞ղ է ինչ-որ առումով մոտ լինել ճշմարտությանը, թե՞ սա պարզապես քաղաքական շահարկում է։

Ես չգիտեմ՝ մայիսից հետո զենք մատակարարվել է, թե ոչ։ Ես պարզապես չունեմ նման տվյալներ։ Այն, որ նախորդ տարի զենք մատակարարվել է, տեսանք ռազմական շքերթին։ Բայց ես հստակ գիտեմ մի բան, որ նախկինում զենքի անվանացուցակի համաձայնեցումը շատ երկար ժամանակ էր տանում։ Գուցե խնդիրը հենց սա է, որ առայժմ հստակեցված չեն այն զինատեսակները, որոնք պիտի մատակարարվեն։ Դրան գումարած՝ ցանկացած զինատեսակի մատակարարելուց առաջ՝ նախ պետք է արտադրել այն։ Ուստի, երբեմն պատահում է այնպես, որ զենքի մատակարարումը որոշակի ժամանակ է պահանջում՝ մեկուկես-երկու տարի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ այս թեման գիտակցաբար սրելը ճիշտ չէ, և սխալ են այն ենթադրությունները, թե Ռուսաստանը դիտավորյալ զենք չի մատակարարում Հայաստանին այն պատճառով, որ երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև փոխըմբռնման որոշակի պակաս կա։ Բոլոր դեպքերում պետք է քայլեր ձեռնարկել երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման համար, որպեսզի զենքի մատակարարումները ճիշտ ժամանակին լինեն։ Պետք է, օրինակ, զորավարժություններ անցկացնել միացյալ զորախմբի շրջանակներում, մարզումներ կազմակերպել ռուսական հրաձգարաններում և այլն։ Գուցե Հայաստանի կառավարության փոփոխությունը ևս ազդել է մատակարարման ձգձգման վրա, քանի որ պարզապես չկան այն մարդիկ, ում հետ կարելի է երկխոսել։

– Բայց չէ՞ որ պաշտպանության նախարարությունը չի անհետացել։

– Բոլոր դեպքերում պետք է հասկանալ իրավիճակը։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դիտավորյալ չի ձգձգի զենքի մատակարարումը։ Եվ, ինչպես ասացի, համատեղ զորավարժությունների անցկացումը կնպաստի այդ գործընթացի արագացմանը։ Դա լավ ֆոն կլինի։ Դա չի նշանակումը, որ մեկն առանց մյուսի հնարավոր չէ։ Օրինակ, Ռուսաստանը չի պահանջում, որ Հայաստանը դադարեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին։ Ռուսաստանը հարցը նման կերպ չի դնում։ Դա Հայաստանի դիրքորոշումն է, նա ուզում է մասնակցել և մասնակցում է։ Ռուսաստանը չի ասում, թե Հայաստանը պետք է դադարեցնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանն այնտեղ մասնակցում է տարբեր միջոցառումների։ Դա նույնպես Հայաստանի իրավունքն է։ Բայց Ռուսաստանը կուզենար, որ Հայաստանը հաշվի առնի նաև ռուսական շահերը, քանի որ կան որոշակի գործոններ։ Օրինակ՝ ամերիկյան զենքի անվճար մատակարարումը Հայաստանին անցանկալի է Ռուսաստանի համար՝ հատկապես ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունների պայմաններում։ Նման բաները պետք է հաշվի առնել։

– Իմ առաջին հարցը հենց դրա մասին էր, որ պետք է այդ շահերին պրագմատիկ նայել՝ առանց հույզերի, ու թերևս նորմալ է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, Հայաստանը՝ իր։ Եվ ինչպես արդեն նշեցինք՝ Հայաստանի հետ հարաբերություններին զուգահեռ՝ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ինչո՞ւ Ռուսաստանի փորձագիտական շրջանակները, քաղաքական վերնախավը իրատեսորեն չեն ընկալում Հայաստանի քաղաքականությունը, որ Հայաստանը կարող է ունենալ նաև այլ՝ տարբերվող շահեր։

Նախ և առաջ, ռուսական վերնախավը ճիշտ չի հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ ճիշտ չեն հասկանում կոմպլիմենտարիզմի քաղաքականությունը, որի շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունները փոխլրացվում են Արևմուտքի հետ հարաբերություններով։ Բայց մյուս կողմից՝ կան մտավախություններ, որ որոշակի հեռանկարում ոչ թե Արևմուտքն է փոխլրացնելու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, այլ Ռուսաստանն է փոխլրացնելու Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ Ռուսաստանում մտավախություններ կան, որ Ռուսաստանը որոշակի հեռանկարում այլևս չի լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը։ Ու քանի որ կան այդպիսի ակնկալիքներ՝ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է միմյանց պարզաբանեն իրենց դիրքորոշումները։ Հատկապես այսօր փոխըմբռնման պակաս կա։ Մենք փորձում ենք մեկնաբանել մյուս կողմի դիրքորոշումը՝ ելնելով միֆերից, որոնք իրականում գոյություն չունեն։ Սա է խնդիրը։ Ուստի մենք պետք է փորձենք ավելի լավ հասկանալ իրար։

Եթե խոսենք ռուս-թուրքական հարաբերությունների մասին, ապա իրականում ամենաբարձր մակարդակում վստահություն չկա, բայց այդ հարաբերությունները պահպանվում են, և ես չեմ բացառում Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ վարում է հենց պրագմատիկ արտաքին քաղաքականություն, և Թուրքիան պետք է Ռուսաստանին Իդլիբի հարցի պատճառով։ Հայաստանի հետ կապված վիճակն այլ է։ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունների միջև միշտ եղել է փոխվստահության շատ բարձր մակարդակ։ Այսօր այդ վստահության մակարդակը գուցե մի քիչ իջել է։ Հասկանում եմ, որ Հայաստանում դա այլ կերպ կարող է մեկնաբանվել, բայց Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանում վերականգնել նախկին ղեկավարների իշխանությունը։ Դա Հայաստանի ներքին գործն է, և մենք դրան չենք խառնվում։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պրոֆեսիոնալիզմի պակաս ունի։ Երբեմն նրանք այսրոպեական որոշումներ են ընդունում և հաշվի չեն առնում հետևանքները։ Այսպիսով, կան ներկայիս ղեկավարության հետ շփումների որոշակի բարդություններ։ Այդ բարդությունները, իհարկե, կարելի է վերացնել, բայց դրա համար անհրաժեշտ է շատ ակտիվ երկկողմանի տեղեկատվական քաղաքականություն, որպեսզի երկու կողմերը տեղեկացնեն միմյանց, երկրորդը՝ այս խնդիրները պետք է լուծվեն ոչ միայն պաշտոնական, այլև ոչ պաշտոնական երկխոսությունների միջոցով։ Այնպիսի երկխոսությունների միջոցով, ինչպիսին, օրինակ, «Լազարյան ակումբն» է։ Եթե խնդիրներ չլինեին քաղաքական ղեկավարության մակարդակում՝ հասարակությունների միջև երկխոսության խիստ անհրաժեշտություն չէր լինի, բայց այսօր զգացվում է, որ մենք ոչ ֆորմալ մակարդակում էլ լուրջ կապեր, շփումներ չունենք, դրանք նույնպես թուլացած են։ Շատ թույլ են շփումները Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջև։ Մեզ պետք է ռուս-հայկական հարաբերությունների երկրորդ գիծը, երկրորդ շավիղը։

– Չեմ ուզում միանշանակ պնդել, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, որոնք մենք համարում ենք ժողովրդավարական փոփոխություններ, բացասաբար են ընդունվել Ռուսաստանում։ Նման հայտարարություններ չեն եղել, բայց եղել են որոշ ազդակներ, օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի արտահայտած դժգոհությունը Մարտի 1-ի գործով անցնող մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործի հարուցման կապակցությամբ։

– Այո, Խաչատուրովի դեմ սկսված քրեական հետապնդումը։ Դա հայկական կողմի ոչ հեռատես քայլն էր։

– Այսինքն՝ Հայաստանում պետք է կանխատեսեին, որ Քոչարյանի կալանավորումը դուր չի գա Մոսկվային, և փակեի՞ն Մարտի 1-ի գործը։

– Ոչ։ Տեսեք, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Եթե Հայաստանում որոշեն, որ պետք է ինչ-որ մեկին կալանավորել՝ այդ որոշումը կայացնում է Հայաստանի դատարանը, և Ռուսաստանը չի պատրաստվում դրան միջամտել։ Բայց եթե այն մարդը, որին ուզում եք կալանավորել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է, ապա նորմալ պրակտիկան հուշում է, որ նախ պետք է խորհրդակցել ՀԱՊԿ-ի գործընկեր պետությունների հետ, հետո հետ կանչել նրան և միայն դրանից հետո քրեական գործ հարուցել նրա դեմ։ Դա նորմալ պրակտիկա է։ Հիմա՝ ժողովրդավարական գործընթացների մասին։ Ռուսաստանն ամբողջությամբ աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին։ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանում պայքարեն կոռուպցիայի դեմ, Ռուսաստանը երբեք դեմ չի եղել դրան։ Այլ հարց է, որ Ռուսաստանն ուզում է, որ ընդունվող քաղաքական որոշումներն ավելի հաշվարկված լինեն։ Ռուսաստանն այսօր հետաքրքրված է միայն մի բանում, որ բարձրացվի քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմի մակարդակը։ Խոսքը դրա մասին է, ոչ թե այն մասին, որ Ռուսաստանն աջակցում է ինչ-որ ուժերի։ Այս օրերին Հայաստանում ընթանում է նախընտրական քարոզարշավ, և Ռուսաստանը չի աջակցում որևէ կուսակցության, չի խառնվում Հայաստանի քաղաքական գործընթացներին, և այն, որ Հայաստանում որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, դա Հայաստանի ներքին գործն է, ոչ թե Ռուսաստանի։ Ռուսաստանը չի պատրաստվում դրան միջամտել և կաջակցի ցանկացած իշխանության, որը կլինի Հայաստանում։ Բայց այդ իշխանությունը պետք է ավելի պրոֆեսիոնալ լինի։

– Վերադառնանք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին։ Այսօր փաստացի այս հարցի պատճառով լուրջ ճգնաժամ է առաջացել, նույնիսկ՝ կոնֆլիկտ, թեև սա ընդամենը կադրային, տեխնիկական հարց է։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ըստ էության, արարողակարգային նշանակություն ունի։

Ոչ, դա այդքան էլ այդպես չէ։

– Շատ լավ։ Բայց ամեն դեպքում ինչո՞ւ եք կարծում, որ ապակառուցողական է հայկական կողմի այն պնդումը, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը, բայց ապակառուցողական չեն Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումները, որոնք այս հարցում առաջնորդվում են ոչ թե ՀԱՊԿ-ի կանոնադրության դրույթներով, այլ իրենց սուբյեկտիվ մոտեցումներով, և բացահայտորեն, կարելի է ասել՝ դեմոնստրատիվ պաշտպանում են երրորդ երկրի՝ Ադրբեջանի շահերը, որն ամեն կերպ փորձում է միջամտել այս հարցին և ինչ-որ վատություն անել Հայաստանին։ Դա Ադրբեջանի քաղաքականությունն է, և այստեղ նույնիսկ զարմանալու բան չկա։ Բայց չե՞ք կարծում, որ Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին և ինչ-որ գնահատական տա, որովհետև ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկիրը միջամտում է կազմակերպության ներքին գործերին և, ըստ էության, իր գործողություններով, իր մտերիմ ընկերների միջոցով խորացնում է այս ճգնաժամը։

Ռուսաստանը ՀԱՊԿ-ում տարբեր հարաբերություններ ունի տարբեր երկրների հետ։ Մասնավորապես, նախագահ Նազարբաևի՝ այս տարվա սկզբին Վաշինգտոն կատարած այցից հետո Ղազախստանը մի շարք քայլեր ձեռնարկեց, որոնք Ռուսաստանում գնահատվեցին որպես ոչ բարեկամական գործողություններ։ Մասնավորապես, խոսքն այն մասին էր, որ Միացյալ Նահանգները մուտք է ստանալու Ղազախստանի ռազմական ենթակառուցվածքներին։ Ֆորմալ առումով այս որոշումը արդարացվում էր այսպես կոչված՝ տրանզիտի գաղափարի իրականացմամբ։ Սկզբից խոսում էին պարզապես բեռների մասին, հետո պարզվեց, որ դրանք ռազմական բեռներ են։ Հիմա ասում են, որ դա հարձակողական սպառազինություն չէ։ Այնուամենայնիվ, սեփական ռազմական ենթակառուցվածքին Միացյալ Նահանգներին մուտք տալը Ռուսաստանում գնահատվեց որպես ոչ բարեկամական քայլ։

Եթե նայենք Բելառուսի տարածքին՝ կտեսնենք, որ այս երկրի տարածքում Ռուսաստանն ունի որոշ ռազմական օբյեկտներ, բայց չունի ռազմաբազա։ Դա ևս խոսում է երկու երկրների փոխգործակցության իրական մակարդակի մասին։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չունի որևէ ռազմաբազա նաև Ղազախստանի տարածքում։ Իսկ Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, ուստի եթե խոսում ենք ռազմական համագործակցության մասին, ապա պետք է նշել, որ ռուս-հայկական ռազմական համագործակցության մակարդակը շատ ավելի բարձր է Ռուսաստանի և Բելառուսի կամ Ռուսաստանի և Ղազախստանի ռազմական համագործակցության մակարդակից։ Սա ներկայիս իրականությունն է։ Հետևաբար, նմանատիպ գործողություններն անակնկալ չէին։ Բայց այս իրավիճակում յուրաքանչյուր կողմ, նկատի ունեմ Ռուսաստանին և Հայաստանին, պետք է ելնի որոշակի փոխզիջումից, որն ընդունելի է։ Ի՞նչ ընդունելի փոխզիջում կարող է լինել, օրինակ, Ռուսաստանի կողմից։ Դա ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար չընտրելն է և գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին այդ պաշտոնում թողնելը։ Ի՞նչ փոխզիջում կարող է լինել հայկական կողմից․ պետք չէ շատ շեշտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման, պնդել, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Սա հնարավոր փոխզիջումն է Հայաստանի կողմից, որովհետև հայկական կողմն էլ է որոշ չափով սրում իրավիճակը՝ ասելով, որ «դա մեր իրավունքն է, թող մեր ներկայացուցիչը լինի գլխավոր քարտուղար» և այլն։ Կարծում եմ՝ սա սրում է իրավիճակը, և այս հարցում հարկավոր է փոխզիջում։ Պետք է, այդուհանդերձ, նվազեցնել ակտիվությունն այս ուղղությամբ։ Այս հարցը լուծելու համար ժամանակ է պետք։ Այժմ Ռուսաստանը չի կարող այնպիսի որոշում ընդունել, որը կբավարարի Հայաստանի շահերը ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այժմ հնարավոր է միայն ժամանակավորապես հետաձգել հարցը։ Ռուսաստանը կարող է որոշակի հեռանկարում փորձել ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը։ Բայց նման խնդիրները հեծելազորային հարձակման միջոցով չեն լուծվում։ Նման խնդիրների լուծումը որոշակի ժամանակ է պահանջում։ Ուստի, երբ նման խնդիրներ են առաջանում, երկու կողմն էլ պետք է ելնեն որոշակի փոխզիջումային մոտեցումից։ Եթե և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը համաձայնեն փոխզիջման՝ լարվածությունը կնվազի։ Ընդ որում` պետք է ելնել այն հանգամանքից, որ Հայաստանի անվտանգությունը կախված է ոչ թե ՀԱՊԿ-ից, այլ ռազմական ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների մակարդակից։ Բայց Հայաստանի ցանկացած գործողություն ՀԱՊԿ-ի շրջանակներում, որը բացասական բնույթ կկրի, բացասաբար կազդի ռազմական ոլորտում ռուս-հայկական համագործակցության վրա։ Ուստի Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում՝ չնայած այն հանգամանքին, որ այս կազմակերպությունում կան այնպիսի երկրներ, որոնք երբեմն ավելի շատ աշխատում են Ադրբեջանի օգտին, ոչ թե դաշնակից երկրների։ Բայց միաժամանակ պետք է ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ՝ գիտակցելով, որ հենց Ռուսաստանն է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ոչ թե ՀԱՊԿ-ը։ Ղազախստանը կամ Բելառուսը չեն ուղարկի իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ապահովելու համար։ Դա կանի Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց Հայաստանում պետք է հասկանան, որ ՀԱՊԿ-ը կարևոր է Ռուսաստանի համար որպես ռազմաքաղաքական դաշինք, ուստի այս իրավիճակում Ռուսաստանը հույս ունի, որ իր դաշնակիցը կհասկանա ստեղծված իրադրությունը, որ Հայաստանը պետք է աջակցի Ռուսաստանին, նույնիսկ այն դեպքում, երբ որոշ պետություններ ոչ բարեկամական գործողություններ են անում Հայաստանի նկատմամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում