Մատչելիության հղումներ

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը


Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյան, արխիվ
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյան, արխիվ

Կալանավորվել է «Հյուսիս-հարավ»- քրեական գործով մեղադրյալ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

2008-ից 2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից չարամտորեն խուսափելու համար։ Նա, ըստ Քննչական կոմիտեի, եղել է նաև «Հյուսիս-Հարավ»-ի շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «Սթոնս» ընկերության համակարգողը։

Նույն մեղադրանքն առաջադրվել էր նաև Գագիկ Ծառուկյանի մտերիմներից «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին ու նաև գործարար Սուրեն Ավագյանին։ Ըստ քննչական կոմիտեի, Առուստամյանը, Սուրեն Ավագյանն ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը «Սթոնս» ընկերությանը իբր թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մաս փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Գործարարին ավելի ուշ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար է մեղադրանք առաջադրվել։ Սակայն նրա 20 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել։ Դատախազությունը բողոքարկել է նաև Առուստամյանի, ինչպես նաև Սուրեն Ավագյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. Ավագյանը կշարունակի ազատ մնալ, իսկ Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի հարցն ավելի ուշ պարզ կդառնա։

Անցած տարի հարուցված «Հյուսի-հարավ»-ի քրեական գործը Քննչական կոմիտեում աննախադեպ են որակում՝ ծավալների առումով։ Արդեն ավելի քան 1000 մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Մեղադրյալների թիվը մեկուկես տասնյակից ավելի է։ Նրանցից 5-ը հետախուզվում են։

Հետախուզվողների թվում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը։ Նա «Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով մեղադրվում է փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լյովա Սարգսյանն իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ ազդեցություն է ունեցել 250 միլիոն դոլար ծրագրում շինարարական և ծառայություններ մատուցող ենթակապալառու ընկերությունների ընտրության հարցում՝ պահանջելով ակնկալվող շահույթի 50 տոկոսը։

Լյովա Սարգսյանի անվան հետ կապվող չարաշահումները տեղի են ունեցել 2015 թվականին, երբ կապի և տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն էր։ Նա քրեական գործով վկայի կարգավիճակ ունի։ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը հենց Հանրապետական նախկին պաշտոնյա Գագիկ Բեգլարյանի ղեկավարման օրոք է մեկնարկել։

Թեև հսկայական ծրագրի շինարարության ավարտը նախատեսվում էր 2019 թվականին, սակայն մինչ այս պահը ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհից ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։

XS
SM
MD
LG