HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսիմ Հակոբյանը Շամլուղի փակ հանքերում ներդրումներ չի անում. հանքափորները զոհվում են փլվածքներից

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 140 հանքի 1-ին տեղամասում այսօր փլվածքի հետևանքով մահացել է Ախթալայի  38-ամյա բնակիչ Վրեժ Սահակյանը:

Վրեժը 3 անչափահաս երեխաների հայր է: «Տանը ոչ մեկս չենք աշխատում, մենակ ինքն էր աշխատում: Հանքի աշխատանքով իր երեխաներին պահում էր, իր քրտինքով ապրում էր: Իմ տղան հանքը չէր սիրում, ստիպված էր մտնում հանք, որ իր երեխան ոչ մի բանի պակաս չլինի: Էդ հանքի դուռը էնպես փակվի, էլ ոչ մի մարդ էլ չմտնի։ Գիտեմ էդ հանքը այնպիսի վիճակում է, էնտեղ աշխատելու չէ, բայց ինչ անենք, ոնց ապրենք, ուրիշ աշխատանք չկա»,- արտասվելով ասում է Վրեժի մայրը:

«Ախթալայի ԼՀԿ»-ի 140 հանքի 1-ին տեղամասի 22-րդ երակի առաջ առավոտյան` ժամը 11։00-ի սահմաններում, մի քանի ավտոմեքենաներ, ախթալացիներ և հանքափորներ էին կանգնած: Այդտեղ էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական բաժանմունքի պետ Լեռնիկ Գիգոլյանը և քննիչ Արարատ Ուլուխանյանը:

Երբ հայտնվեցի հանքի տարածքում, «Ախթալայի ԼՀԿ»-ի անվտանգության ծառայության պետ Վարդան Առաքելյանը մոտեցավ ինձ և ասաց. «Սա հանքի տիրոջ սեփականությունն է, խնդրում եմ  դուրս գալ ուրիշի սեփական տարածքից»: Վարդան Առաքելյանին ստիպված էի բացատրել, որ հանքը ոչ թե հանքի տիրոջ, այլ ժողովրդի սեփականությունն է, ուստի ինքը իրավունք չունի և չի կարող ինձ հանքի տարածքից հեռացնել:

Աշխատողները ասացին, որ փլվածքը տեղի է ունեցել հանքի 3կմ-ի վրա: Տուժածին ժամը 10։00-ի սահմաններում դեպքի վայրից ընկերները տեղափոխել են հանքի հարևանությամբ գտնվող աշխատանքային տնակ: Ըստ դեպքի վայրում գտնվող հանքափորների` ժամը 10:30-ի սահմաններում հանքավայր է ժամանել Շտապ օգնության մեքենան, որի անձնակազմը արձանագրել է  հանքափոր Վրեժ Սահակյանի մահը: Մեր այցելության ժամանակ տուժածը գտնվում էր հանքի աշխատանքային տնակում: Այդ ժամանակ էլ հասկացա, թե ինչու էր «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետը  ամեն գնով փորձում ինձ հեռացնել հանքի տարածքից: Տուժածը ժամը 10-ից մինչև 13:30-ը մնաց տնակում:

Սպասում էին դատաբժշկի Վանաձորից ժամանելուն: Մահացած Վրեժ Սահակյանի հագին հանքավորի պատշաճ հագուստի փոխարեն իր հնամաշ շորերն էին։ Ակնհայտ էր, որ հանքափորները  չեն ապահովվում հանքափորի հագուստով, պաշտպանիչ գլխարկով և սապոգներով:

Քննչական խմբի հետ տեղազննության համար 140 հանքի 1-ին տեղամասի 22 երակ մտած  ոստիկաններից մեկից տեղեկացա, որ հանքում անվտանգության որևէ կանոն չի պահպանվում,  ծանր վիճակ է այնտեղ: Հանքի պատին Վ. Սահակյանի հենց 1-ին հարվածից հսկա հանքային բեկորներ են թափվել նրա վրա: 

«Հանքում քարաթափում է եղել, Վրեժ Սահակյանը մնացել է քարաթափման տակ և մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր` առավոտյան ժամը 10-ի կողմերը»,-ասաց տեղամասի պետ Սամվել Դավիթավյանը : «Հանքի Ձեր ղեկավարած տեղամասում ապահովված է հանքափորների անվտանգությունը»,- հարցրի: Սամվել Դավիթավյանը պատասխանեց՝ հա,  և, շրջվելով, հեռացավ: Ժամը 13:15 րոպեի սահմաններում դեպքի վայր ժամանեց Լոռու մարզի դատական բժիշկ Արթուր Անտոնյանը: «Հանքափորը մահացել է գանգուղեղի, կրծքավանդակի և ստորին վերջույթների  համակցված պոլիտրավմայից: Վերջնական եզրակացությունը կարող ենք տալ դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- «Հետք»-ին հայտնեց Արթուր Անտոնյանը:

Հանքավայրում վախի մթնոլորտ էր տիրում: Շատ հանքափորներ տարածքում կանգնած անվտանգության ծառայության պետ Վարդան Առաքելյանից վախենում էին պատասխանել  հարցերին: Պատասխանողներն էլ խնդրում էին չհայտնել իրենց ազգանունը։

«Հանքափորներս 15 օր աշխատում, 15 օր ազատ ենք լինում: Առավոտյան 8-ին գալիս ենք աշխատանքի, երեկոյան 19:00-ին դադարեցնում ենք 1-ին հերթափոխի աշխատանքները: Երեկոյան ժամը 19-ից մինչև առավոտ հանքում աշխատում են 2-րդ հերթափոխի հանքափորները: Ինչքան աշխատում ենք, այդքան էլ մեզ աշխատավարձ են տալիս: Ամսվա մեջ ստանում ենք 300-400 հազար դրամ աշխատավարձ: Աշխատում ենք աշխատանքային դժոխային պայմաններում: Հանքում հանքափորի աշխատանքային անվտանգության ապահովման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնեց  հանքափորներից մեկը:

«Ախթալայի սոված ու աղքատ ամբողջ բնակչությունը ուզում է հանքում աշխատի: Այ էդ ուզելն է, որ էսօր կանգնել ենք փաստի առաջ: Այո, հանքում  անվտանգության մասին խոսք լինել չի կարող, բայց ով է գնում, նայում: Տնօրեն Լևոն Վարդանյանը մեկ–մեկ հանք է մտնում, բայց  էնտեղ ղեկավարներին ոչ թե հանքափորի կյանքի անվտանգությունն է պետք, այլ հանքաքարը»,-ասաց մեկ այլ հանքափոր:

«Հանքերում սեփականատիրոջ կողմից ամրակապում չի կատարվել, որպեսզի փլվածքի դեպքում հանքափորները չվնասվեն: «Ախթալայի ԼՀԿ»-ի  բոլոր փակ հանքերը սպառնալիք են հանքափորների կյանքի համար: Հանքերը շահագործող Մաքսիմ Հակոբյանը ոչ մի կոպեկ ծախս չի անում փակ հանքերի անվտանգությունն ապահովելու համար, ստրուկի նման շահագործում է հանքափորներին, դրա համար էլ օրը մի հանքափոր է հանքում հայտնվում փլվածքի տակ և մեռնում»,- Վրեժ Սահակյանենց շենքի բակում հայտնեց հանքի մեկ այլ հանքափոր:

«Հանքափորին աշխատանքային հագուստ, պաշտպանող գլխարկ, սապոգներ, ոչինչ չեն տալիս: Որ ռեզինե սապոգներ ենք ուզում, ասում են չենք տալիս: Ասում են ուզում ես հանքում փող աշխատես, գնա քեզ համար սապոգ առ, հագուստ առ,  ֆանառիկ առ, մտի հանքը աշխատի: Ժողովրդի թիկունքին, եթե կանգնող լինի, ժողովուրդը Մաքսիմ Հակոբյանի աչքերը կհանի»,- հայտնեց «ԼՀԿ»-ի աշխատողներից մեկը:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 140 հանքի 2-րդ տեղամասում մահվան ելքով այսօր տեղի ունեցած վթարը եզակի դեպք չէ Մաքսիմ Հակոբյանի կողմից շահագործվող Շամլուղի փակ հանքերում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 17-ին Շամլուղի վարչական տարածքում գտնվող 6-րդ փակ հանքում փլուզման  հետևանքով 41-ամյա հանքափոր Աղբալ Առաքելյանը մնացել է փլուզման տակ և ստացել է մարմնական ծանր վնասվածքներ:

Դեռ այն ժամանակ, երբ փակ հանքում տեղի ունեցած պատահարի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լյովա Վարդանյանից, վերջինս պատասխանեց, թե դեպքը տեղի է ունեցել առավոտյան, դեպքի այլ մանրամասներ խուսափեց հայտնել: Ասաց  դեպքի մանրամասները կհաղորդի վաղը: Լյովա Վարդանյանից այդպես էլ  չհաջողվեց ստանալ պատշաճ տեղեկատվություն: Ցավալին այն է, որ «Ախթալայի ԼՀԿ»-ի փակ հանքերում հանքափորների մահվան ելքով կամ հաշմանդամ դարձնող արտադրական վթարների համար «ԼՀԿ»-ի սեփականատերը եւ ղեկավարները որևէ պատասխան չեն տալիս:  Իսկ հանքերի փլուզման դեպքերն ավելանում են:    

Մեկնաբանություններ (4)

Սամվել
Հանքերը շահագործող Մաքսիմ Հակոբյանը ոչ մի կոպեկ ծախս չի անում փակ հանքերի անվտանգությունն ապահովելու համար, ստրուկի նման շահագործում է հանքափորներին, դրա համար էլ օրը մի հանքափոր է հանքում հայտնվում փլվածքի տակ և մեռնում»,- Վրեժ Սահակյանենց շենքի բակում հայտնեց հանքի մեկ այլ հանքափոր:
Լուրջ հարց
Ողբալի է մարդկանց վիճակը: Իսկ որպիսզի լավ հասկացվի ինչ է կատարվում նրանց գլխին, բավական կլիներ մի երկու համեմատություն բերվեր - ասենք, որքան են ստանում եվրոպացի հանքափորները եւ ինչ պայմաններում են իրենք աշխատում? Պղինձը վաճառվում է միեւնույն միջազգային շուկայում, հետեւաբար գները, վարձատրությունները եւ պայմանները նույնպես պիտի շատ չտարբերվեն: Արդյոք այդպես է?
Վարազ Սյունի
Արդեն տարբեր անգամներ գրել եմ. այդ հանքերի գոնե մի մասը ՊԵՏԱԿԱՆ սեփականություն պիտի դառնա և/կամ այդ հանքերի գոնե մի մասի բաժնետերեր պիտի դառնան նաև հանքի աշխատողները (հիշու՞մ եք ԶՊՄԿ-ում աշխատողներին պատկանող 20% բաժնետոմսերի «չքանալու» առեղծվածը):................ ՀԳ.Մաքսիմ Հակոբյանը նույն Լիսկայի տեսակն է. տարբերությունն այն է,որ առաջինը ֆիզիկական բռնություններ չի կատարել: Բայց հոգով/ մտածելակերպով նույն տեսակից են:
Վարազ Սյունի
Հայաստանում այսօր իրականացվողը հանքարդյունաբերություն չէ,այլ գիշատիչ հանքափորությու՛ն: Հայաստանը (հատկապես Սյունիքը) այսօր ենթարկվում է հանքային տեռորիզմի: «Հանքային տեռորիզմ» բառը հենց այնպես չեմ օգտագործում: Դուք մի հատ տեսեք, թե ԻՆՉՔԱՆ հայ տղամարդ է մահանում հայաստանյան հանքերում: Մի քանի օր հայտնվում են նորություններում, իսկ իրենց ընտանիքները ՄԵԿԸՆԴՄԻՇՏ դժբախտանում են (բանակում զոհված/սպանված զինվորների ընտանիքների պես): Հայաստանի հանքարդյունաբերությունում (և բանակում) մի բան ԼՈՒՐՋ ԿԵՐՊՈՎ սխալ է: Հայաստանը հետ է գնում դեպի 19-րդ դար,երբ, օրինակ, կապանյան հանքերի բանվորները գաղտնի (զինված) խմբեր էին ստեղծում՝ ագահ-անտարբեր հանքատերերին պատժելու համար: «Սասնա ծռերն» ու ճանապարհներ փակելը առաջին մունետիկներն են, իսկ իշխանությունները պարզապես խելացի չեն ու չեն հասկանում իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter