News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի՝ օգոստոսի 27-ին, ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցները (Սոլսբերիում նախկին ռուսական գործակալի եւ նրա դստեր թունավորման հետեւանքով): Այդ ամենից բացի, այս պատժամիջոցներով նախատեսում է հրաժարվել  վարկերի տրամադրումից եւ Ռուսաստանի վարկային երաշխիքներից:

Նշենք, որ ռուսական ռուբլին սկսել էր թուլանալ դեռ այս, թվով վերջին պատժամիջոցների նախաշեմին:

Ինչպես միշտ ազդում է մարդկային գործոնը, ինչպես նաեւ արժույթային շուկայում խաղացողների գործողությունները: Ուրբաթ՝ օգոստոսի 24-ին ԱՄՆ դոլարը հասել էր այս տարվա առավելագույն՝ 68,53 ռուբլի նիշին: Սակայն, երեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, Կենտրոնական բանկը սահմանել էր 67.40 ռուբլի փոխարժեքը:

Մի քանի տարի առաջ ռուսական ռուբլու անկումը բացատրում էին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմամբ: Ռուսաստանի տնտեսությունը եւ դրա դաշնային բյուջեն մեծապես կախված էին (եւ այժմ էլ կախված են) էներգակիրների արտահանումից` բնական գազից եւ նավթից:

Սակայն, որոշ փորձագետներ կարծում էին, որ նավթի համաշխարհային գների անկումը միայն բացահայտեց Ռուսաստանի տնտեսությունում գոյություն ունեցող խորը ճգնաժամային երեւույթները:

Այժմ Ռուսաստանում նավթի համաշխարհային գների եւ դոլարի փոխարժեքի միջեւ կապ չկա, սակայն հին խնդիրներին բազմաթիվ նոր խնդիրներ են ավելացել: Մասնավորապես, նշված պատժամիջոցները:

Հետեւաբար, չնայած նավթի զգալի թանկացմանը, ռուբլին թուլացել է ԱՄՆ դոլարի եւ հետեւաբար այլ արժույթների նկատմամբ (ներառյալ հայկական դրամի):

Ռուսաստանում փոխարժեքի դինամիկան թույլ չի տալիս մեզ հուսալ ԱՄՆ դոլարի՝ 50-60 ռուբլի տիրույթում վերադարձին: Ամեն դեպքում առաջիկա ամիսներին: Մինչ այժմ 1 դոլարի դիմաց 70 ռուբլի հոգեբանական նիշ չի գրանցվել: Սակայն, հոռետեսական կանխատեսումների համաձայն, դեկտեմբերին դոլարի փոխարժեքը կարող է անգամ 100 ռուբլի նշաձողին հասնել:

Ակնհայտ է, որ նման լուրերը ուժեղացնում են արժույթի շուկայում աժիոտաժը եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ օտարերկրյա ներդրողների մտադրությունների վրա: Այսպիսով ռուբլու հետագա թուլացման ռիսկը մի տեսակ փակ շրջան է ստեղծում:

Հանուն արդարության նշենք, որ ընթացիկ տասնամյակի համար ԱՄՆ դոլարի միջին օրական ռեկորդային փոխարժեքը գրանցվել է 2016 թվականի փետրվարի 20-ին`77.13 ռուբլի:

Այսինքն, բառացիորեն երկու տարի առաջ դոլարը մոտ 10 ռուբլիով ավելի թանկ էր: Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումները կազմել են ավելի քիչ, քան 39,8 մլն դոլար եւ երկու տարվա ընթացքում (այսինքն՝ 2014 թվականի փետրվարի համեմատ) երկու անգամ կրճատվել են:

Մեկ ամսից էլ շուտ (սեպտեմբերի 25-26) տեղի կունենա ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի հերթական որոշումը: Ակնկալվում է, որ զեղչման տոկոսադրույքը կրկին կբարձրանա: Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացումը սովորաբար հանգեցնում է այլ արժույթների նկատմամբ դոլարի ամրապնդմանը: Սա, իր հերթին, կարող է հանգեցնել զարգացող երկրների, այդ թվում Ռուսաստանի եկամուտների ակտիվներից գումարների դուրսբերմանը:

Տեղական արժույթների թուլացման դեպքում օտարերկրյա ներդրողները կորցնում են այդ երկրների արժեթղթերի (բաժնետոմսերի, պետական պարտատոմսերի եւ այլն) նկատմամբ հետաքրքրությունը: Սեփականատերերը փորձում են ազատվել այդ ակտիվներից, իսկ պոտենցիալ գնորդները հրաժարվում են դրանք ձեռք բերել: Տեղեկացման համար. Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին երկրից կապիտալի մաքուր արտահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5 անգամ եւ կազմել է մոտ 22 մլրդ դոլար:

Վերջերս լրատվամիջոցներում կարծիք է հայտնվել, որ Ռուսաստանը հրաժարվում է դոլարից եւ ոսկու պաշարներ է ստեղծում երկրի տնտեսությունը պատժամիջոցներից պաշտպանելու համար: Իբրեւ թե դրա համար էր Ռուսաստանը վաճառել  նախկինում ձեռք բերված ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի զգալի մասը: Նշենք, որ դոլարը աշխարհի շատ երկրներում գերակայում է որպես պահուստային արժույթ եւ միջազգային առեւտրում հաշվարկների զգալի մասը կատարվում է հենց դոլարով:

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ