Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հանրության առջեւ ստանձնած հանձնառությունները

Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հանրության առջեւ ստանձնած 
հանձնառությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը մայիսի 18-ից Նախիջեւանում անցկացնում է հնգօրյա օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ, որոնք ունեն բացառապես հարձակողական բնույթ։ Դեռեւս մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել էր Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը, առավել եւս, որ այն տեղի է ունենում համավարակի պայմաններում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ վերջին զորավարժությունը մարտին էր տեղի ունեցել, իսկ նման զորավարժություններն անցկացվում են սովորաբար տարին չորս անգամ։ «Բնականաբար, հարցեր են առաջանում, երբ դա տեղի է ունենում համավարակի պայմաններում, իսկ դրան էլ նախորդել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության երկու ռազմատենչ հայտարարությունները, որ պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների վերսկսմանը Հայաստանի «սադրիչ» քայլերի դեպքում։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերադիրքավորվում է։ Ըստ էության, այդ երկիրն իր դիրքորոշումը չէր էլ փոխել, չնայած վերջին շրջանում կար հանգիստ իրավիճակ պահպանելու որոշակի պայմանավորվածություն։ Փաստացի Ադրբեջանը վերափոխում է այդ տակտիկան՝ կրկին անցնելով ռազմական սպառնալիքների, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման իր նախկին քաղաքականությանը»,–մեկնաբանեց պատգամավորը։

Այս զորավարժությունների համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ էր արել ադրբեջանական կողմին զսպվածություն դրսեւորել եւ հարգել միջազգային հանրության առջեւ ստանձնած հանձնառությունները։ Միաժամանակ ընդգծել էր, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք եւ կունենա համապատասխան հետեւանքներ։

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին Ադրբեջանը ուշ էր միացել, բայց գործնականում գործողությունները տրամաբանորեն հակառակն են ցույց տալիս։ Հայկական կողմը մշտապես վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը մշտապես ոչ կառուցողական քաղաքականություն է վարում։ Ադրբեջանի պարագայում խոսքի եւ գործի տարբերությունը հսկայական է։

Նախկինում նույնպես Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել, ինչը բնականաբար սիմվոլիկ նշանակություն ունի։ Այն, որ զորավարժությունները տեղի են ունենում Նախիջեւանում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը թիրախում է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում, որ Արցախն իրենց համար ընդամենը տրամպլին է, եւ իրենց նկրտումները տարածվում են նաեւ ՀՀ տարածքների վրա։

Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը այսպես կոչված «Էրիվանի նահանգապետ» է նշանակում։ Պատգամավորի դիտարկմամբ՝ այս փուլում տվյալ թեմայի ակտիվ շահարկումը ցույց է տալիս տարածքային լայն ընդգրկման հավակնությունները. «Սա արդեն զուտ ադրբեջանական քաղաքականության դրսեւորում չէ, այլ՝ թուրքական։ 1918 թվականի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը թուրքական նախագիծ էր, որը հետագայում ստացավ առանձին պետության կարգավիճակ։ Նույնիսկ քննարկվում էր այն անվանել Հարավային Կովկասի թուրքական պետություն. այդ ժամանակվա մամուլում եւ տարբեր աղբյուրներում այդ մասին հստակ նշված է։ Այսպիսով, տարածաշրջանում Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որի նպատակն է վերացնել հայերի շնորհիվ պահպանված երկու պետությունների միջեւ միջանցքը»։

Բնականաբար, Հայաստանը տարբեր հարթություններում քայլեր է իրականացնում հակազդելու համար թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությանը։ Զրուցակիցս նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ ադրբեջանական սադրանքը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, իսկ ռազմական գործողություններն էլ կարող են տեղափոխվել իրենց տարածք։

ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մայիսի 19-ին «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը եւ վարումը» թեմայով։ Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբների եւ ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները եւ դաշտային վարժվածությունը։ Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով։ Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Բացի ռազմական ուժի եւ պատրաստվածության ցուցադրումից, որը իրական անվտանգության երաշխիքն է, աշխատանքներ են տարվում նաեւ դիվանագիտական հարթությունում։ Տ. Հայրապետյանի խոսքով, պետք է ավելի հստակ ցույց տալ միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանը շարունակում է թուրքական քաղաքականությունը, ինչը ցույց կտա խնդրի բարոյական կողմը։ «Փաստացի Ադրբեջանն ուզում է իրագործել այն, ինչ 1915 թվին չկարողացավ ավարտին հասցնել Թուրքիան։

Ադրբեջանը հենց այդ քաղաքականության կրողն ու իրագործողն է։ Դրանով է պայմանավորված մեր այն դիրքորոշումը, որ հետքայլի տեղ չկա՝ անվտանգությունը զիջման ենթակա չէ, եւ դա կենսական անվտանգության հարց է։ Կենսական է նրանով, որ լուծում ենք մեր գոյության խնդիրը։ Մեկ անգամ արդեն՝ 1915 թվականին, բախվել ենք դրա հետ, երբ մեզ կոտորեցին եւ հայրենազրկեցին։ Երկրորդ անգամ նման բան թույլ չենք տա։ Դրա պատասխանը մենք տվել ենք 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Արցախի ազատագրմամբ»,–հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ազատվել հայերից, սակայն մենք շարունակելու ենք պաշտպանել մեր գոյության եւ ապրելու իրավունքը մեր հայրենիքում։

 

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]