▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր առաջարկներով ստեղծված հաղորդումների մի մասը եթերում կհայտնվի արդեն այս տարվա աշնանը. Արա Շիրինյան

 

ՀՀՌ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր ստեղծագործական առաջարկների մրցույթ: Այդ նպատակով բացվել էր ինտերնետ հարթակ, որտեղ մեկ ամիս շարունակ (հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը) ցանկացած անձ կամ ստեղծագործական խումբ հնարավորություն ուներ մուտքագրել իր առաջարկը՝ լրացնելով համապատասխան ձևաթերթիկը:

Հանրայինի գեղարվեստական խորհուրդն արդեն ամփոփել է ստացված բոլոր՝ 612 առաջարկները: Հայտերի մեծ մասը ներկայացրել են անհատ ստեղծագործողները, փոքր մասը՝ արտադրող ստուդիաները: Նախագծերը բաժանվում են հետևյալ խմբերի. մշակութային՝ 98, կրթական՝ 96, ժամանցային՝ 82, հասարակական՝ 72, նովելաշարեր (սերիալներ)՝ 52, վավերագրական՝ 42, մանկական՝ 41, երաժշտական՝ 27, սփյուռքին ուղղված՝ 22, քաղաքական՝ 4, այլ՝ 76:

Ընտրություն կատարելիս գեղարվեստական խորհուրդն առաջնորդվել է հետևյալ չափանիշներով. նախագծի թեմատիկ արդիականությունը, բովանդակության հանրային նշանակությունն ու թարմությունը, հեռուստատեսային ձևաչափի գրավչությունն ու դիտելիությունը, իրականացնողի մասնագիտական կարողությունները, փորձը, նախկինում կատարված աշխատանքների որակը:

Այս ընթացքում գեղարվեստական խորհուրդն անցկացրել է 6 նիստ, քննարկել և արդեն ընտրել է 20-ից ավելի նախագծեր, որոնց հեղինակները հաջորդ շաբաթ կհրավիրվեն հանդիպման՝ Ռադիոտուն: Մնացած հայտերի հեղինակները կստանան էլեկտրոնային նամակ: 

Երկրորդ փուլում գեղարվեստական խորհրդին կմիանան նաև հրավիրյալ երկու փորձագետներ (անուններն առայժմ չենք հայտնի): Ընտրված նախագծերի հեղինակների հետ կքննարկվեն հաղորդման վերջնական ձևաչափը, արտադրական և ֆինանսական պայմանները, իրագործման ժամկետները: Նոր առաջարկներով ստեղծված հաղորդումների մի մասը եթերում կհայտնվի արդեն այս տարվա աշնանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին