Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Doctor Yan և Bliink հայկական ստարտափերում

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Doctor Yan և 
Bliink հայկական ստարտափերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բժշկական ծառայությունների ամրագրման առաջին հարթակը Հայաստանում՝ Doctor Yan-ն ու արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային հավելված Bliink-ը ներգրավել են ֆինանսական և խորհրդատվական աջակցություն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրեշտակների ցանցի կողմից։ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) միավորում է տարբեր երկրներից և ոլորտներից հայազգի հաջողակ ներդրողների ու ձեռնարկատերերի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը շեշտել է, որ իր ստեղծման օրվանից STAN-ը, որպես առաջին բիզնես հրեշտակների ցանց, հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրը։ «Ցանցի անդամ ներդրողները ոչ միայն ուղղակի ֆինանսական ներդրումներ են կատարում գիտելիքահեն ստարտափերում, այլև նվիրում են իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը: Նրանք հանդես են գալիս որպես մենթորներ և ստարտափերին աջակցում անհրաժեշտ կապերի հաստատման գործում»,-ասել է Օրուջյանը: 

Doctor Yan հավելվածը նախատեսված է ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների համար։ Պացիենտներին այն հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այլ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի և հերթերում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակներում և հեղինակության առաջխաղացում։ 

«Մենք գործունեության այն փուլում ենք, երբ ֆինանսավորումը և մասնագիտական խորհրդատվությունը կօգնեն մեզ ռազմավարություն մշակել՝ խթանելով ու արագացնելով հարթակի հետագա զարգացումը: Հաջորդ ամիսներին նախատեսված մեր ծրագիրը ներառում է ինտենսիվ իրազեկման արշավներ ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների շրջանում, նաև ակտիվ համագործակցության հաստատում հիվանդանոցների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ»,- նշել է ստարտափի համահիմնադիր և տնօրեն Իրինա Ղազարյանը՝ հավելելով, որ Doctor Yan համակարգում այժմ գրանցված են 10 հազարից ավելի պացիենտ և 600 համագործակցող բժիշկ։

Bliink-ը, որը նաև FAST-ի նորարարության վենչուրային ծրագրի՝ InVent-ի շահառուներից է, թույլ է տալիս օգտատերերին կանխարգելել և քչացնել համակարգչով աշխատանքից առաջացած առողջական խնդիրները, ինչպիսիք են՝ աչքերի չորություն, կարմրություն, մեջքի ու պարանոցի շրջանում ցավերը: Օգտագործելով այս հավելվածը օգտատերերը զարգացնում են առողջ աշխատանքային սովորություններ ու դառնում ավելի արդյունավետ։ Bliink-ը անընդհատ ստուգում է օգտատերերի աշխատանքային վարքն ու նրանց ծանուցում ուղարկում՝ հիշեցնելով թարթել աչքերը կամ նստել ճիշտ դիրքով։ Հավելվածը նախատեսված է ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ օգտատերերի համար։ 

«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում տարբեր ընկերությունների հետ, որոնք ցանկանում են Bliink-ը հասանելի դարձնել իրենց աշխատակիցներին: STAN-ից ստացած ֆինանսական ու խորհրդատվական աջակցությունը կծառայեցվի նոր թիրախային օգտատերեր գտնելուն, մարքեթինգային արշավներին ու թիմի ընդլայնմանը: Այն կնպաստի նաև այլ օպերացիոն համակարգերի (macOS և Linux) համար բետա տարբերակի մշակմանը»,-ասել է Bliink-ի համահիմնադիր և տնօրեն Նաիրի Բաղդասարյանը:

Հոկտեմբերի սկզբին կկայանա STAN-ի հաջորդ 11-րդ փիչինգը, որի ժամանակ մասնակից ստարտափերը կներկայացնեն իրենց գաղափարները։

 STAN-ը FAST-ի գիտության առևտրայնացման ուղղությամբ իրականացվող կարևոր ծրագրերից է, որը ստեղծվել է 2018 թվականին՝ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով։ Ծրագրի նպատակը սաղմնային փուլում գտնվող գիտական և տեխնոլոգիական հայկական ստարտափերում ներդրումներ կատարելն է։ Նախապատվությունը տալով արհեստական բանականության (ԱԲ) լուծումներ առաջարկող ստարտափերին՝ STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով։ 

Առաջինը՝ ավանդական հրեշտակային ներդրումներն են նախասաղմնայինից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափերում։ Երկրորդը՝ կանանց ձեռներեցությունն է, ներդրումներ են իրականացվում կազմավորման վաղ փուլում գտնվող և կանանց կողմից ղեկավարվող ստարտափերում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու համար։ Եվ երրորդը՝ Moonshot նախագծեր․ ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ և խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:

 Ներկայում հրեշտակ ներդրողների ցանցի անդամ է 39 ձեռնարկատեր աշխարհի 7 երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]