«Ցավում եմ, որ տղամարդկանց փոխարինել են կանայք, հիմա հետապնդվում են կին լրագրողները». Զարուհի Փոստանջյանը` «Հայելի» մամուլի ակումբի մոտ ունեցած միջադեպի մասին

«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը:

«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ դա բավարար չէ, տեղի է ունեցել խմբակային խուլիգանություն: Զարուհի Փոստանջյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի առաջադրված մեղադրանքը լրացնեն.

«Քննչական կոմիտեն թերացել է ճանաչել տուժող «Հայելի» ակումբ իրավաբանական անձին, Քննչական կոմիտեն թերացել է մեղադրանքի ծավալի վերաբերյալ, քրեական գործ հարուցված չէ խուլիգանության դեպքով, մինչդեռ պետք է հարուցեին, հարուցված չէ քրեական գործ խտրական վերաբերմունքի մասով, մինչդեռ ակնհայտ երիտասարդները տեսանյութում շեշտում են, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, իսկ նրա նկատմամբ հետապնդում կա օրենսդիրի և գործադիրի կողմից: Որպես կասկածյալ՝ ներգրավված են 4 անձ, նրանց պետք է տրվի մեղադրյալի կարգավիճակ:

Վարույթ իրականացնող մարմինը, կարծում եմ, ոտքը կախ է գցել, սպասում է հավանաբար ցուցումի, բայց մենք պնդելու ենք, որ նրանց ներգրավեն որպես մեղադրյալ և մեղադրանքի ծավալը մեծացնեն: Չենք բացառում, որ սա ուղղորդվում է գործադիրի և օրենսդիրի կողմից, քանի որ այդ երիտասարդները Ֆեյսբուքում ունեն նկարներ, որոնք ապացուցում են, որ նրանք մասնակցել են ավագանու քարոզարշավին, նկարներ ունեն վարչապետի հետ:

Նյութական վնասի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, բայց մենք պնդում ենք նաև, որ հասցվել է բարոյական վնաս և սպառնալիքներ են հնչեցվել, քանի որ երիտասարդները պնդում էին, որ, եթե դուռը բաց լիներ, նույն բանը ներսում կանեին, մենք սա համարում ենք սպառնալիք»:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է որոշել ստանձնել ակումբի պաշտպանությունը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ իր մասնագիտությունն ուզում է ծառայեցնել ազատ խոսքի պաշտպանությանը:

«Ես հիմա պրակտիկ զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ և  ինձ համար ցանկացած լրատվամիջոցի ազատ գործելը արժեք է, լրագրողի ազատությունը սահմանափակելու, նրա աշխատանքը խոչընդոտելու դեպքում ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողությունները ներդնել: Ժամանակին, երբ լրագրողներն իրենց գործունեության համար հանիրավի հետապնդվում էին, ես պաշտպանում էի իրենց շահերը, հիմա ուղղակի մեթոդներն են փոխվել, ցավում եմ, որ տղամարդկանց փոխարինել են կանայք, հիմա հետապնդվում են կին լրագրողները: Համարձակ և իշխանության հետ համաձայն չլինող խոսքը չպետք է հետապնդվի, այլ պետք է պաշտպանվի»:

Զարուհի Փոստանջյանից նաև հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ ի՞նչ հունով կընթանա գործը:

«Այսօրվա իրավապահ մարմինները կատարում են պատվերներ: Քննչական կոմիտեի ղեկավարը թեև Աղվան Հովսեփյանը չէ, մեկ այլ անձ է, հանրությանը ոչ այդքան հայտնի, բայց գործերի քննության տրամաբանությունը շարունակում է նույնը մնալ: Եթե հաշվի առնենք, որ Քննչական կոմիտեի ղեկավարին նշանակում և ազատում է Նիկոլ Փաշինյանը, ապա հասկանում ենք, թե այդ պատվերները որտեղից են գալիս: Հետևաբար՝ հիմա կանխատեսել, թե այս գործի վերջը ի՞նչ կլինի, ես չեմ կարող, բայց մենք մեր ձեռքի տակ եղած բոլոր իրավական միջոցները ծառայեցնելու ենք, որ պատժի կանչենք նրանց:  Կարող է թվալ, թե սա փոքր գործ է, բայց սա շատ լուրջ գործ է, խոսքի ազատության դեմ ոտնձգությունը  եթե դու թողնում ես անպատիժ, ուրեմն խրախուսում ես, այդ խրախուսանքը հետո դյուրին չի լինելու իշխանության համար»,- պատասխանեց Զ. Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը զուգահեռներ անցկացրեք «Հայելի» ակումբի դեպքի և դատավոր Աննա Դանիբեկյանի գործի միջև՝ ասելով, որ ուղղորդվածություն է նկատում:

«Մի դեպքում կան կալանքի տակ գտնվող երկու տղաներ, ովքեր հարցապնդումներ են արել դատավորին, ճիշտ է՝ հարցի հղման ձևը անդուր էր, տհաճ էր, ցանկալի չէր, դա պետք է այլ կերպ արվեր, բայց հարցի հեղինակը գործադիր իշխանության ղեկավարն է, ինչո՞ւ իր դեմ նույն հոդվածով՝ դատարաններին վիրավորելը, մեղադրանք չի առաջադրվում, կարող են ասել՝ դա վերացական խոսք էր, կոնկրետ անձի չէր դիմում, բայց դա արվել է գործադիր իշխանության առաջին դեմքի կողմից, դա միջամտություն է դատական համակարգի գործունեությանը: Իրավապահ մարմինները մի դեպքում լռել են, ձայն չեն հանել, մյուս դեպքում՝ չեն լռում, կալանավորում են, կոնկրետ մեր գործի դեպքում որպես մեղադրյալ չեն ներգրավում, խուլիգանության մասով քրեական գործ չեն հարուցում, ուրեմն այստեղ կա ուղղորդվածություն, որը գալիս է հենց գործադիր իշխանության առաջին դեմքի կողմից»,- ասում է նա:

Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ ազատ խոսքը պաշտպանելու համար դիմելու է հնարավոր բոլոր մարմիններին՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին 4 երիտասարդ եկել էին «Հայելի» մամուլի ակումբ, դուռը փակ էր եղել, ձվեր էին նետել ակումբի դռան և պաստառների վրա: Երիտասարդները պնդում էին, որ իրենց ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հոդվածն է, նրանք նաև ասում էին, որ պատրաստվում էին նույնը ներսում անել, եթե դուռը բաց լիներ: Երիտասարդները շեշտում էին, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է և ՀՀ-ում գործունեություն ծավալելու իրավունք չունի: Հոկտեմբերի 6-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս