1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արամ Սաթյանը հավակնոտ ծրագրեր ունի. կվերանորոգվի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան դահլիճը

 Արամ Սաթյանը հավակնոտ ծրագրեր ունի. կվերանորոգվի Դիլիջանի կոմպոզիտորների 
ստեղծագործական տան դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտորների միության վերընտրված նախագահ Արամ Սաթյանը նպատակ ունի նորոգել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը անվանի կոմպոզիտորի 250-ամյակին մեծ համերգային ծրագիր իրականացնելու ակնկալիքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արամ Սաթյանը խոսել է իր նախագահության ընթացքում միության գրանցած հաջողությունների և հետագա ծրագրերի մասին:

 «Շատերին հետաքրքրում է, թե ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել հայ կոմպոզիտորները վերջին տարիներին: 2013 թվականից մոտավորապես ութսուն երիտասարդ և հասուն հայ կոմպոզիտորների գործեր հնչել են արտերկրում: Այդ կերպ մենք ճանաչելի ենք դարձնում հայ ստեղծագործողների երաժշտությունը ողջ աշխարհում. դա մեր առաջնային խնդիրներից է:

Ընդգծեմ, որ մի շարք փառատոներ ենք անցկացրել Բոստոնում, Փրովիդենսում: Նյու Յորքում տեղի է ունեցել կամերային երաժշտության փառատոն, որին նաև ես էի ներկա: Զարմանալի է՝ ամերիկացիները մոտենում էին մեզ ու նշում, որ հայտնաբերել են հայ ժամանակակից երաժշտությունը, և որ այն բարձրակարգ է»,-ասաց Արամ Սաթյանը:

Նա կարևորեց նաև միության կազմակերպած փառատոնը Ֆրանսիայում: «Ֆրանսիացի երաժիշտները ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին կատարում: Հինգ համերգային ծրագիր ենք իրականացրել Փարիզում, Լիոնում, Մարսելում: Այդ նախագծին աջակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:

Համատեղ փառատոն ենք ունեցել նաև Ռուսաստանում և Հայաստանում, որի ընթացքում հաջողված համերգային ծրագրեր անցկացվեցին Հայաստանում, այնուհետև Ռուսաստանի ութ տարբեր քաղաքներում. կրկին կատարվեցին հայ ստեղծագործողների գործերը:

2016-ին համագործակցել ենք Չինաստանի հետ: Հյուրընկալեցինք նրանց Երևանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում համերգային ծրագիր անցկացվեց: Հետո մենք ենք մեկնել Չինաստան և նրանց հետ համատեղ ելույթներ ունեցել Պեկինում: Այդ նույն տարում իր տեսակով առաջին անգամ Բելգիայում կայացավ համերգ՝ տեղի երաժիշտների մասնակցությամբ, որտեղ հնչեցին մեր տաղանդավոր պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները. նման բան երբևէ չէր եղել: Այս տարի էլ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տանը կազմակերպեցինք յուրօրինակ երաժշտական ճամբար՝ միավորելով հայ և վրացի 40 երիտասարդ երաժիշտների և կատարողների:

Եթե փորձեմ ամփոփել, ապա 2013 թվականից ի վեր հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների բազմաթիվ համերգներ են կայացել ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում, Գերմանիայում, Իտալիայում և այլուր: Նրանց գործերը հնչել են աշխարհի տարբեր ծագերում կազմակերպված միջազգային փառատոներում: Կոմպոզիտորների միությունը 2014 թվականից իրականացնում է ժամանակակից երաժշտության (թվով չորս) և երիտասարդ կոմպոզիտորների (թվով 3) փառատոներ, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ (թվով 4):

Կոմպոզիտորների միության 85-ամյակի կապակցությամբ միությունը լույս է ընծայել «Հայ կոմպազիտոր» ամսագիրը, ստեղծել է ինտերնետային ռադիո, որը դասական երաժշտություն է մատուցում:

Անդրադառնալով ապագա ծրագրերին` կոմպոզիտորների միության նախագահն ասաց, որ պատրաստվում են Շվեյցարիայի հետ համատեղ սիմֆոնիկ երաժշտության մրցույթ իրականացնել: «Ծրագրում ենք հայ երիտասարդ կոմպոզիտորների այց կազմակերպել նաև Լեհաստան և հակառակը: Բանակցություններն ընթացքի մեջ են: Հաջորդ ամիս հայ-վրացական համագործակցության շրջանակում հայ երաժշտության 3 համերգ կկայանա Գորի և Թբիլիսի քաղաքներում»,-նշեց նա:

Այս տարիներին վերանորոգվել են Կոմպոզիտորների միության վարչական շենքի երկու հարկերը: Մեծ աշխատանքներ են տարվել նաև Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը. վերանորոգվել է 5 քոթեջ, կառուցվել մանկական խաղահրապարակ և այլն: Նախատեսվում է ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը նորոգել հանճարեղ կոմպոզիտորի 250-ամյակի կապակցությամբ: «Նորոգումից հետո այնտեղ կարող ենք մեծ համերգ իրականացնել, որին կմասնակցեն անվանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ նպատակով բանակցում ենք Բոնի Բեթհովենյան ընկերության և Բեթհովենի անվան սիմֆոնիկ նվագախմբի հետ»,-եզրափակեց Արամ Սաթյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միությունը միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ- քննարկումներ և այլ միջոցառումներ։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում: 2013-ից Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը Արամ Սաթյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]