1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Սևիլյան սափրիչը» օպերան նոր ոգով կներկայանա երևանյան բեմում

«Սևիլյան սափրիչը»  օպերան նոր ոգով կներկայանա երևանյան բեմում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը»  կատակերգական օպերան, որը Հայաստանում վերջին անգամ հնչել է 14 տարի առաջ, կբարձրանա երևանյան բեմ հայ և օտարերկրացի ճանաչված արտիստների մասնակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Ռոսինիի գլուխգործոցը, որը զարդարում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկը, երաժշտասերները կարող են ունկնդրել մարտի 3-ին և 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մարտի 1-ին լրագրողները ներկա գտնվեցին օպերայի փորձին և զրուցեցին նվագախմբի դիրիժորի, մենակատարների հետ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Այս օպերան դասական երաժշտության հրաշալի  գանձերից է. գեղեցկագույն մեղեդիների անդադար տարափ է: Դա է պատճառը, որ գրված օրվանից մինչ օրս այն չի իջնում բեմահարթակներից և ամենասիրված հիթերից է: «Սևիլյան սափրիչը» կոմիկական օպերա է, բայց պահանջում է հետևել ամեն բառին: Օպերայի թեթևությունը, հումորը ստանալու համար անհրաժեշտ է լուրջ մոտենալ դրան»,-նշեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Անդրադառնալով մենակատարներին` նա ասաց, որ սիրում է աշխատել Լիպարիտ Ավետիսյանի հետ: «Իմացա, որ Լիպարիտը կատարել է Ալմավիվայի դերերգը, դա ևս առիթ հանդիսացավ, որ ներկայացնենք «Սևիլյան սափրիչը»: Լիպարիտին միացավ սոպրանո Աննա Կասյանը, որը հեղինակավոր թատրոններում Ռոզինայի դերերգն է երգում: Բոլոր մենակատարները հրաշալի երգիչներ են, որոնց հետ համագործակցել ենք նաև նախկինում: Նրանք հանդես են գալիս աշխարհի լավագույն բեմերում»,-շեշտեց Թոփչյանը և հավելեց, որ Արամ Խաչատրյան համերգասրահը օպերային բեմ չէ, և իրենք  չեն ձգտել մանրակրկիտ  աշխատել  բեմադրության վրա: «Դա մեզ համար երկրորդական մաս է. կարևորը երաժշտությունն է»,- շեշտեց դիրիժորը:

Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ անչափ  զգացված է, շնորհակալ է մաեստրոյին ու երջանիկ է, որ Հայաստանում կա  բարձրակարգ նվագախումբ, որի հետ կարելի է համագործակցել:  « Սա չնաշխարհիկ օպերա է, որն առաջին նոտայից մինչև վերջին նոտան ֆանտաստիկ հաճույք է պատճառում»,-հավաստիացրեց տենորը:

Սոպրանո Աննա Կասյանի խոսքով` Ռոզինան իր ամենասիրելի դերերգերի լավագույն տասնյակում է և ամեն անգամ  մեծ սիրով է այն կատարում տարբեր երկրների բեմերում, իսկ Երևանում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: «Այս Ռոզինան տարբերվում է այն Ռոզինաներից, որոնց կերտում եմ Եվրոպայում: Այնտեղ նա կամակոր  կին է, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում և անպատճառ պետք է հասնի իր ցանկացածին: Էդուարդ  Թոփչյանի պատկերացմամբ` Ռոզինան ավելի արիստոկրատ է,  ու ես փորձում եմ նրան հենց այդպես ներկայացնել: Հուսամ` ամեն բան լավ կանցնի, և մեր ունկնդիրը կհավանի այս Ռոզինային»,-պատմեց երգչուհին:

Գերմանիայից Հայաստան ժամանած մենակատար Վազգեն Գազարյանը խոստովանեց, որ 2004 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում  Դոն Բազիլիոյի մեներգով կայացել է իր օպերային դեբյուտը: «Հիմա այլ կերպ եմ ելույթ ունենալու. հուզմունքն անցել է, ավելի վստահ եմ դարձել: Շատ հետաքրքիր դեր է. Դոն Բազիլիոն բացասական կերպար է` կեղծավոր, զրպարտիչ, մարդը, որը ամեն ինչի պատրաստ է հանուն փողի: Ըստ իս` բացասական դերերգ կատարելն ավելի  հեշտ է, այդ կերպարներն ավելի խարիզմատիկ են:

Ինձ համար դրական կերպար մարմնավորելիս համոզիչ լինելն ավելի բարդ է»,-անկեղծացավ Գազարյանը:

Կատակերգական օպերայում Ֆիգարոյի կոլորիտային, ճարպիկ կերպարը կմարմնավորի իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, փնթփնթան ծերուկ Բարտոլոյի դերերգը կկատարի  բաս Եվգենի Ստավինսին, Բերտային կմարմնավորի  սոպրանո Ալինա Փահլևանյանը, Ֆիորելլոյին`  բարիտոն Կիմ Սարգսյանը: Ներկայացմանը մասնակցում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան:

Հագուստների և բեմի ձևավորումն իրականացրել են փարիզաբնակ մոդելավորողներ Գևորգ և Վարդան Թառլոյանները:

Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» Հայաստանում ներկայացվել է 2005 թվականի մայիսի 25-ին Էդուարդ Թոփչյանի  ղեկավարությամբ (համերգային կատարում): Երկու տասնամյակից ավել Հայաստանում կատակերգական օպերա չի բեմադրվել:

Ջոակինո Ռոսինին «Սևիլյան սափրիչը» գրել է ընդամենը քսան օրում` Բոմարշեի համանուն կոմեդիայի հիման վրա: Առաջին կատարումը եղել է 1816  թվականի փետրվարի 20-ին Հռոմի «Տեատրո Արջենտինա»-ում: Հիացմունքի արժանի նախերգանքից մինչ վառ ֆինալ օպերայից այնպիսի հզոր կենսական էներգիա է գալիս, երաժշտական հումոր, որ նա հաղթանակած է դուրս գալիս յուրաքանչյուր համեմատության մեջ, անգամ Մոցարտի, որը գրել է «Ֆիգարոյի ամուսնությունը» նույն սկզբնաղբյուրի հիման վրա: Մի անգամ Հեգելն է ասել. «Ես երկրորդ անգամ եմ լսում Ռոսինիի «Սափրիչը»: Թերևս ես վատ ճաշակ ունեմ, բայց այս Ֆիգարոն ինձ համար ավելի գրավիչ է, քան մոցարտյանը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]