28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է. նոր կանոններ. Ժամանակ

0-22

Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին և շնորհավորել վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Շատերն են արձանագրել, որ երկրորդ նախագահի այդ վարքագիծը, հատկապես Սերժ Սարգսյանի հանդեպ, սովորական չէ, հաշվի առնելով այն, որ նա Սարգսյանի նախագահության տասնամյակի գրեթե ամբողջ ընթացքում, ըստ էության, նրա գլխավոր մրցակիցն էր, որ հանդես էր գալիս լատենտ, բայց բավականին գործուն մեխանիզմներով:

Ավելին, 2014 թվականին Սարգսյանի արած հայտնի հայտարարությունը, որ այս օրերին դրվում էր նրա առաջ, իբրև խոստմնազանցության փաստ, իրականում դե ֆակտո հենց Ռոբերտ Քոչարյանին ուղղված հայտարարություն էր: Սերժ Սարգսյանը խոսելով այդ հայտարարության քաղաքական համատեքստի, իրավիճակային տողատակի մասին, նկատի ունի հենց այն, որ վարչապետության չհավակնելու ու երկու ժամկետից ավելի չպաշտոնավարելու մասին հայտարարությունը պայմանավորված էր այդ շրջանի քաղաքական իրավիճակով, որը Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական շրջանի լատենտ ակտիվության կուլմինացիան էր՝ ոչիշխանական բևեռի շնորհիվ: Սարգսյանն այդ շրջանում առաջարկեց փոխզիջումային տարբերակ՝ հեռանալ միասին, այսինքն՝ ինչպես Քոչարյանը, նա էլ պատրաստ է հեռանալ տասնամյակն ավարտելուց հետո, բայց թերևս պայմանով, որ պետք է նա ընտրի ժառանգորդին:

Չընդունեց Քոչարյանն այդ տարբերակը, թե չհավատաց, որ Սարգսյանն իսկապես կհեռանա, և ոչ թե ժամանակ կշահի, բայց ակնհայտ է, որ շարունակեց ոչիշխանական բևեռի ճնշումը նրա վրա, հայտարարելով համաժողովրդական շտաբների մասին, որոնք թերևս նշանակելու էին հենց թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլ:

Ի վերջո եղավ 2015-ի փետրվարի քայլը, Գագիկ Ծառուկյանի, իսկ դե ֆակտո Ռոբերտ Քոչարյանի հեռացումը քաղաքականությունից կամ Ծառուկյանի թիկունքից, իսկ հետո արդեն Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի ընտրությունից առաջ գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ այլևս չի ցանկանում մասնակցել խաղին, որտեղ իշխելու է փողը, ոչ թե ծրագրերը և գաղափարները:

Այդուհանդերձ, անգամ այդ ձևը, որով Քոչարյանը հայտարարեց խաղից դուրս գալու մասին, վկայում էր, որ նա դուրս է գալիս Սերժ Սարգսյանի հետ հաշտություն չկնքած, այլ ընդամենը վերադարձի հնարավորությունից զրկված, քանի որ խորհրդարանական մոդելը Ռոբերտ Քոչարյանի համար այլևս անհնարին էր դարձնում քաղաքական վերադարձի լատենտ գործընթացը, երբ նա կարող էր մնալով հիմնականում թիկունքում, ստվերում, գալ և գործընթացը գլխավորել արդեն ավարտին: Խորհրդարանական մոդելում նա թերևս գործընթացը պետք է գլխավորեր արդեն ստվերից դուրս, ավարտին ինչ-որ բանի հավակնելու համար: Իսկ երկրորդ նախագահը մի շարք օբյետիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով պարզապես չուներ հրապարակային քաղաքականության հաջողության շանս, ինչն ի դեպ բավական վառ կերպով դրսևորվեց նրա հավատարիմ թիմակից Վարդան Օսկանյանի քաղաքական հետնախարարական կենսագրության ընթացքում:

Այս ամենով հանդերձ, վարչապետության առիթով Սերժ Սարգսյանին շնորհավորանքը դառնում է առավել քան հետաքրքիր: Սա պարզապես մարդկային հաշտությո՞ւն է, այսպես ասած՝ անցած-գնացածի վերաիմաստավորում, հաշտությո՞ւն, թե՞ ներիշխանական յուրօրինակ կոնսոլիդացիայի ազդակ կամ վկայություն, թելադրված ներիշխանական և ներքաղաքական նոր իրավիճակով: Ընդ որում, այստեղ խնդիրը կարող է լինել թե փողոցում ծավալվող հասարակական բողոքի շարժման ուղղությամբ, որում Սերժ Սարգսյանը կարծես թե կասկածում է ինչ-ինչ «բզբզացողների», կամ փորձում առիթն օգտագործել որպես համակարգի տարբեր թևերին այդ առիթով մեղադրանք ներկայացնելու և, այսպես ասած, պայմաններ թելադրելու խաղաքարտ, թե այն իմաստով, որ նոր համակարգում իշխանության մեջ տեղի ունենալիք խորքային տրանսֆորմացիաները ենթադրելու են տնտեսական ստատուս-քվոյի և հարաբերակցության վերափոխում նույնպես, իսկ Ռոբերտ Քոչարյանը հետնախագահական շրջանում լատենտ քաղաքական ներկայությունից բացի, Հայաստանում ունեցել է տնտեսական շատ ավելի արտահայտիչ ներկայություն, ըստ այդմ կարող է դուրս լինել անմիջական քաղաքական հավակնությունների շրջանակից, բայց չի կարող չլինել համակարգի ներքին տրանսֆորմացիաների շրջանակի շահառու: Իսկ այդ առումով կայուն դիրքերի համար պետք է սկսել Սերժ Սարգսյանի հետ հարաբերության կանոնակարգումից: Այդ իմաստով, Քոչարյանի շնորհավորանքը հուշում է, որ նա վերադառնում է խաղ, բայց արդեն, երևի թե, Սերժ Սարգսյանի կանոններով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ