Մատչելիության հղումներ

ՀՀ-ի հարևան չորս երկրներում արձանագրվել է վարակի ավելի քան 66 հազար 600 դեպք


Հնարավոր է` Ադրբեջանում արտակարգ դրություն հայտարարվի, այսօրվա ճեպազրույցում ասել է կառավարության մամուլի խոսնակ Իբրահիմ Մամեդովը:

Նա նշել է, որ փաստաթղթի ձև է մշակվում, որի հիման վրա քաղաքացիները կարող են դուրս գալ տնից: Ինչ վերաբերում է մամուլին, կառավարության խոսնակն ասել է, թե Բաքվում, Սումգայիթում և Ապշերոնյան թերակղզում լրագրողները կարող են ազատ աշխատել:

Իբրահիմ Մամեդովը նաև ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վերջին տվյալները: Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 41-ով, հիվանդներից 8-ի վիճակը ծանր է, 11-ը` միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է գնահատվում:

Նա նշել է, որ վարակը փոխանցվում է երկրի ներսում, վարակվածները դրսի հետ կապ չունեն: Նախօրեին կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի հայտնած տեղեկատվության համաձայն` Ադրբեջանում կորոնավիրուսով 359 վարակված մարդ կար: Նոր դեպքերը գումարած այստեղ արդեն վիրուսի 400 դեպք է արձանագրվել: Հիվանդներից 5-ը մահացել են, 26-ը` բուժվել:

Սպասվում է, որ առաջիկա օրերին երկրի ոստիկանությունը հնարավորություն կունենա քաղաքացիների տեղաշարժին հետևել օնլայն ռեժիմով: Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության վարչության պետի տեղակալ Ազիզ Բագիևը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությանը երեկ երեկոյան տված հարցազրույցում պարզաբանել է, թե դա ինչպես է իրականացվելու:

«Կարանտինի ընթացքում տնից դուրս գալուց առաջ քաղաքացին պետք է զանգահարի կամ sms գրավոր հաղորդագրություն ուղարկի, թե ուր է գնում և ինչ նպատակով: Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժինը ընդունելու է քաղաքացու հայտնած տվյալը, որն իսկույն երևալու է ոստիկանների պլանշետների վրա: Եթե մարդը նույնիսկ խանութ կամ դեղատուն է գնում, միևնույնն է` պետք է այդ մասին տեղեկացնի ոստիկանությանը: Ոստիկանները, փողոցում կանգնեցնելով մարդուն, կարող են ստուգել, թե արդյոք նա տնից դուրս գալու թույլտվություն ունի»,- ասել է Ազիզ Բագիևը` նշելով, որ էլեկտրոնային այդ համակարգի մշակումն արդեն ավարտված է, և շուտով հանրությանն այդ մասին կտեղեկացվի:

Վրաստանում ևս կորոնավիրուսի դեպքերն աճում են: Այնտեղ մի շարք դեպքեր կապված են դրսի հետ: Քվեմո Քարթլիի շրջանում դաշտային հիվանդանոց է տեղափոխվել 17 մարդ, այդ թվում` 19-ամյա հղի կին, ում մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել: 4-ի մոտ վարակը կապ ունի ավելի վաղ Ադրբեջան կատարած այցելությունների հետ: Նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին ասել է, թե 11 հազար բնակչություն ունեցող Բոլնիսիում անհրաժեշտ է հատուկ կառավարման ռեժիմ մտցնել` սննդամթերքի և դեղորայքի դեֆիցիտից խուսափելու նպատակով:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն ասել է, որ ընդունված նոր պացիենտների վարակը կապված է դրսի հետ, մեկը վերադարձել է Հայաստանից, երկուսը` Ֆրանսիայից: Այդ հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 36 հիվանդ կա: Վրաստանում այսօրվա դրությամբ հաղորդվում է կորոնավիրուսի հաստատված 130 դեպքի մասին, կարանտինի մեջ է գտնվում շուրջ 5 հազար 500 մարդ: Մահվան դեպք չկա:

Մարտի 31-ից Վրաստանում համապետական կարանտին է, արտակարգ իրավիճակ է հայտարարված, նաև պարետային ժամ է մտցվել:

Թուրքիայում կորոնավիրուսի հետրանքով մահվան դեպքերն ավելացել են` հասնելով 277-ի, ավելի քան 15 հազար 600 մարդ վարակված է: Սա ապրիլի 1-ի տվյալներն են, որը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է երկրի առողջապահության նախարարը` նշելով, որ հաստատված դեպքերից 600-ը առողջապահական համակարգի աշխատակիցներ են: Վիրուսը ամենաշատը տարածված է Ստամբուլում, բոլոր դեպքերի 60 տոկոսը, այնուհետև Իզմիրում և Անկարայում: Բոլոր 81 նահանգներում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել: Ներքին գործերի նախարարն այսօր CNN Türk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ստամբուլում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն են արձանագրվել` ավելի քան 8800, քանի որ այս քաղաքը սերտորեն կապված է Եվրոպային:

Հայաստանի մյուս հարևան Իրանը վիրուսի տարածման սկբնական շրջանում ամենավատ վիճակում հայտնված երկրներից մեկն էր: Այսօրվա դրությամբ Իրանում կորոնավիրուսի 50 հազարից ավելի դեպք է գրանցվել, մահացել է 3 հազար 160 մարդ:

Այսպիսով, Հայաստանին սահմանակից 4 երկրներում միասին վերցրած մինչև հիմա արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 66 հազար 600 դեպք, մահացել է գրեթե 4 հազար մարդ:

XS
SM
MD
LG