211652_close_icon
views-count5070 դիտում article-date 18:59 24-10-2019

«Պետությունն առաջադրել է նախագիծ, բայց չի հստակեցնում, թե որն է դրա իմաստը». քննարկում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հոկտեմբերի 23-ին «Լոֆթ» ակումբում անցկացրել է երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության նպատակն է վերհանել համալսարանի գործունեության հետ կապված տարբեր ոլորտներում առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման հետ կապված տեղական ու միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև առաջարկել սեփական մոտեցումները։ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ որպես հանդիպման մոդերատոր, փաստեց, որ այս անգամ հրավիրված քննարկումը նվիրված է համակարգային խնդրի՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Մեր քննարկումը չի ներառելու ամբողջական նախագիծը: Մենք թիրախավորել ենք այն դրույթները և հատվածները, որոնք վերաբերում են կազմակերպաիրավական ձևին, ինչպես նաև կառավարման և ինքնավարության հարցերին»,- տեղեկացրեց Մենուա Սողոմոնյանը: Հանդիպմանը զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արսեն Թավադյանը՝ ներկայացնելով բուհերի կազմակերպաիրավական ձևերը և դրանց ազդեցությունն ակադեմիական ազատության վրա: «Կարծում եմ՝ պետք չէ մանրամասն խոսել ակադեմիական ազատության անհրաժեշտության մասին: Պարզապես նշեմ, որ այն պաշտպանում է հետազոտողներին և գիտնականներին հասարակությունից ու պետությունից: Ակադեմիական ազատության բացակայության պատճառով գիտության շատ ճյուղեր, որոնք տվյալ պահին հակադրվում են իշխանության կամ հասարակության գերակշիռ մոտեցումներին, կարող են վերանալ»,- փաստեց Արսեն Թավադյանը: Զեկուցման ընթացքում նա ասաց, որ այս պահին պետության կողմից հիմնադրված մի շարք համալսարաններ ունեն ՊՈԱԿ-ի, մյուս մասը՝ հիմնադրամի կարգավիճակ, և չկա հանրային որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորի այդպիսի տարբերակման նշանակությունը: «Ըստ էության, ՊՈԱԿ-ը 2000-ականների սկզբին ձևավորված կազմակերպաիրավական ձև է, որի միջոցով պետությունը փորձում էր որոշակիորեն կարգավորել այն հարցերը, որոնք վերաբերում են պետության կամ պետական կառավարման ապարատի մեջ չմտնող հիմնարկներին, որոնք իրենց բնույթով չեն կարող լինել կամ չեն կարող համարվել վարչարարություն իրականացնող սուբյեկտ»,- պարզաբանեց Ա. Թավադյանը: Նրա տեղեկացմամբ, համալսարանների վերակազմակերպումը ՊՈԱԿ-ներից հիմնադրամների սկսվել է 2014 թ.. «Փոփոխությունների հիմնավորումներում նշվում էր, որ դա հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, բազմազանեցնելու ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպելու գնումների գործընթացը և համալսարանի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը»: Վերլուծելով ներկայացված դրույթները ՊՈԱԿ-ների և հիմնադրամների մասին օրենքների համատեքստում՝ ԵՊՀ դոցենտը տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ների դեպքում սահմանվում է, որ պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով, իսկ հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել և որոնց համապատասխանում է: Հիմնադրամն իրավունք ունի զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով: «Այսինքն՝ առերևույթ, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու տեսանկյունից՝ հիմնադրամները նույնիսկ մի փոքր ավելի սահմանափակված են, քան ՊՈԱԿ-ները»,- փաստեց բանախոսը: Անդրադառնալով գնումների գործընթացին՝ նա նշեց, որ ՊՈԱԿ-ների դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պատվիրատուն պետության կամ համայնքի, կամ պետական, կամ համայնքային ոչ առևտրային, կամ պետության, կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամը կամ ձևավորված միավորումն է, իսկ հիմնադրամների դեպքում՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային, կամ պետության, կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամը: «Այսինքն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով կազմակերպաիրավական երկու ձևերը պատվիրատու են, և ըստ այդմ՝ այս տեսանկյունից ևս դրանց միջև տարբերություն չկա»,- ասաց Արսեն Թավադյանը: Խոսելով ֆինանսական մուտքերի մասին՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտը փաստեց, որ ՊՈԱԿ-ների դեպքում պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից, իսկ հիմնադրամների դեպքում՝ հիմնադրի ներդրումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, դրամական մուտքերը պետական բյուջեից, դրամաշնորհները և այլն. «Ըստ էության՝ սկզբունքային տարբերություն նշված հարցի վերաբերյալ ՊՈԱԿ-ների և հիմնադրամների դեպքում չկա։ Երկուսի դեպքում էլ գործում է նույն կարգավորումը»։ «Ըստ իս՝ ՊՈԱԿ-ների և հիմնադրամների իրական տարբերությունն այն է, որ հիմնադրամներն անջատ են իրենց հիմնադիրներից: Այսինքն՝ նրանք մասնակցություն չունեն, և օրենքը հնարավորություն է ընձեռում կանոնադրության մեջ համապատասխան դրույթների առկայության դեպքում հիմնադրամին տալու հիմնադրից լիակատար ազատություն»,- ասաց Արսեն Թավադյանը: Նա տեղեկացրեց, որ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամի սկզբունքով: «Այսինքն, ըստ էության, հիմնադիրն է ձևավորում հոգաբարձուների խորհուրդը: Բայց կանոնադրությամբ կարող է սահմանվել ընթացակարգ, համաձայն որի՝ հիմնադիրն ընդհանրապես դուրս է մնում հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացից»,- պարզաբանեց Արսեն Թավադյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայիս կարգավորման համաձայն՝ խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: «Առաջարկվող կարգավորման համաձայն՝ նախատեսվում է Կառավարման խորհուրդը ձևավորել հետևյալ համամասնությամբ՝ ուսանողության 2 ներկայացուցիչ, որոնց համապատասխանաբար առաջադրում է բուհի ուսանողական խորհուրդը, բուհի հիմնական ակադեմիական կազմի 2 ներկայացուցիչ, որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, բուհի հետ համագործակցող կազմակերպությունների 2 ներկայացուցիչ, որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը՝ ելնելով բուհի առանձնահատկություններից և ոլորտային ուղղվածությունից, և գործարարների, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության կամ այլ ոլորտների 6 ներկայացուցիչ, որոնց ընտրում է նախարարը»,- հայտնեց բանախոսը: Նա փաստեց, որ և՛ ներկայիս, և´ առաջարկվող կարգավորումների դեպքում պետությունը կառավարման խորհրդում ունի և ունենալու է հիսուն տոկոս մասնակցություն. «Որևէ իրավական ակտում նկարագրված չէ՝ որն է այսպիսի գերակշիռ մասնակցության նպատակը»։ Արսեն Թավադյանի կարծիքով, պետական գերակշիռ մասնակցությունը համալսարանների կառավարման խորհուրդներում կարող է մի քանի հիմնավորում ունենալ, որոնցից են, օրինակ, կրթության որակի վերահսկողությունը, միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը, հանձնված գույքի պահպանությունը և գիտական գործունեության ուղղությունների առաջադրումը. «Այս բոլոր նպատակներն առկա իրավական միջոցներով կարելի է իրականացնել՝ առանց կառավարման խորհրդում որևէ մասնակցություն ունենալու: Զեկուցման ընթացքում բանախոսը ներկայացրեց ակադեմիական ինքնավարության բաղադրատարրերը՝ ակադեմիական ազատությունը, հաստիքային ազատությունը, ֆինանսական ազատությունը և կազմակերպչական ազատությունը: «Ակադեմիական ազատությունը, ըստ իս, գիտական գործունեության ուղղություններն ազատորեն ընտրելու հնարավորությունն է, հաստիքային ազատությունը՝ դասախոսներին ազատորեն ընտրելու հնարավորությունը, ֆինանսական ազատությունը՝ ֆինանսական միջոցներն ազատորեն ծախսելու, իսկ կազմակերպչական ազատությունը՝ համալսարանի ղեկավար կազմի ընտրության հնարավորությունը՝ առանց պետության և հասարակության միջամտության»,- պարզաբանեց Արսեն Թավադյանը: Նրա փաստմամբ, պետության կողմից գերակշիռ մասնակցություն ունեցող կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտորի, որը շատ լայն լիազորություններ ունի, այդ թվում՝ գիտական խորհրդի ձևավորման հարցում, ուստի պետությունը միջնորդավորված շատ լայն լիազորություններ ունի գիտական գործունեության ուղղությունների որոշման և դրա կառավարման ոլորտում. «Ներկայիս և առաջարկվող կարգավորումների դեպքում ակադեմիական ազատությունը լրջորեն կարող է սահմանափակվել»։ Զեկուցման ավարտին Արսեն Թավադյանը ներկայացրեց իր կողմից առաջարկվող լուծումները. «Համալսարանների համար հիմնադրամի կազմակերպաիրավական ձևի ընտրություն պետք է լինի: Իհարկե, սա պետք է քննարկվի: Պարզապես ես կարծում եմ՝ օրենքով պետք է ամրագրվի այն դրույթը, որ հիմնադիրը կառավարական խորհրդում չպետք է մասնակցություն ունենա»: Բացի դրանից՝ նա առաջարկում է իրականացնել կառավարման խորհրդում պետական մասնակցության նպատակների ձևակերպում և դրան համապատասխան քանակի սահմանում. «Այսինքն՝ պետությունը պետք է հստակեցնի, թե որն է կառավարման խորհրդում նրա գերակշիռ մասնակցության նպատակը»: Արսեն Թավադյանն առաջարկում է նաև սահմանել կառավարման խորհրդի անդամների ընտրության չափանիշներ, ինչպես նաև ներդնել ուսանող և դասախոս անդամների համար ուղղակի ընտրության մեխանիզմներ. «Պետության կողմից նշանակվող անդամների ընտրության համար չափանիշներ չկան։ Ուսանողներից և դասախոսներից անդամներն ընտրվում են մի քանի մակարդակ քվեարկության արդյունքում, որը գրեթե զրոյացնում է սովորական դասախոսի մասնակցությունն ընտրական գործընթացին»: Զեկուցմանը հետևեցին հարցեր: Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի խորհրդի անդամ Սիրանուշ Դվոյանը, որը նաև երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ-ում, հետաքրքրվեց, թե ինչպես պետք է կազմակերպվի ուղղակի ընտրությունը, որին ի պատասխան՝ Արսեն Թավադյանն ասեց, որ դրա կազմակերպման ընթացակարգը կարող է ենթադրել բոլոր դասախոսների ու ուսանողների առաջադրում և ընտրություն բոլորի կողմից: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նարեկ Մարգարյանն էլ հարցրեց Արսեն Թավադյանին, թե այդ դեպքում մասնակցության խնդիր չի առաջանա, քանի որ ուսանողության զգալի մասին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում հոգաբարձուների խորհրդում: Արսեն Թավադյանը նշեց, որ պատճառահետևանքային կապի այլ մեկնություն էլ կա, այսինքն՝ նրանց չի հետաքրքրում, քանի որ առկա ընտրության մեխանիզմների պայմաններում նրանք ընտրելու և ընտրվելու հնարավորություն չունեն: Պատասխանելով հարցերին՝ բանախոսը փաստեց, որ մի կողմից պետությունը պետք է հիմնավորի կառավարման խորհրդում իր 50 % մասնակցության նպատակը, մյուս կողմից՝ դասախոսները և ուսանողները պետք է հիմնավորեն իրենց մասնակցության նպատակը: ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը որպես հարց-դիտարկում նշեց, որ այն հանգամանքը, թե հիմնադրամները կարող են կանոնադրության փոփոխություններ կատարել, մեծ տարբերություն է ՊՈԱԿ-ների համեմատ և առավելություն: Նա նաև փաստեց, որ կազմակերպաիրավական նոր ձևի ընտրությունը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել՝ ենթադրելով բազմաթիվ օրենքների փոփոխություն: ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներ են գործում արտասահմանյան բուհերում, մասնավորապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է. «Պատմությունը ցույց է տալիս, որ հոգաբարձուները պետք է լինեն այն մարդիկ, որոնք ունեն լծակներ, հնարավորություններ ու կարողություններ ինչ-որ բան փոխելու: Բայց երբեմն և շատ հաճախ մենք տեսնում ենք հոգաբարձուների խորհրդի ձևավորված կազմ, որոնց անդամների նկատմամբ է պետք հոգ տանել»: Արսեն Թավադյանն ի պատասխան ասաց, որ օրինակ՝ Ռուսաստանում տարբեր մեխանիզմներ են գործում. «Կան բուհեր, որոնք ամբողջությամբ պետության վերահսկման ներքո են, կան բուհեր, որոնք հիմնադրամներ են, ունեն առանձին ֆոնդեր և այլն: Բայց հստակ ուսումնասիրություն չկա»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն իր հարցն ուղղեց Էմիլ Մարգարյանին՝ հետաքրքրվելով, թե ուսումնական հաստատությունը որպես ոչ առևտրային իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձև սահմանելն ինչ խնդիրների կարող է հանգեցնել՝ փաստելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն այդ դեպքում լուրջ հիմնախնդիրների առաջ չի կանգնի: Ի պատասխան՝ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետն ասաց, որ կազմակերպաիրավական նոր ձևը գրանցելու համար մեծաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն է ենթադրում: Քննարկման ընթացքում՝ հարցուպատասխանին հետևեցին ելույթներ և դիտարկումներ: ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը փաստեց, որ հոգաբարձուների խորհրդի դերն ու նշանակությունն առավելապես երևալու են բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելիս: Անդրադառնալով կազմակերպաիրավական ձևի ընտրությանը՝ նա փաստեց, որ հարցը քննարկվում է տարիներ շարունակ. «Մենք փորձում ենք հասկանալ, թե որ կազմակերպաիրավական ձևն է արդյունավետ: Գործող օրենսդրության շրջանակում լավագույնը հիմնադրամն է, դրա համար անցում կատարեցինք դրան»: Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ կառավարման խորհրդի կազմի ընտրության չափանիշներն այս պահին էլ քննարկվում են. «Նախարարությունում էլ տարբեր կարծիքներ են հնչում: Մենք պետք է փորձենք ստեղծել պրոֆեսիոնալ կառավարման խորհուրդ»: «Պետության մասնակցության առումով պետք չէ այդքան անհանգստանալ: Հարցի վերաբերյալ կա երկու մոտեցում. եթե ասում ենք պետության ազդեցություն, ապա դա միայն բացասական ենք ընկալում: Քաղաքական ազդեցության դեպքում՝ այո, բայց այս տարիների ընթացքում մենք փորձել ենք քաղաքական և պետական պաշտոն զբաղեցնող անձանց չներգրավել: Ի վերջո, կա պետություն, որը ստեղծել է կառույց և չի հավակնում 100-տոկոսանոց կառավարում իրականացնել ու ոչ էլ նույնիսկ գերակշիռ մասով, այլ հավասար: Չի կարող բուհի զարգացման ռազմավարական ծրագիրն անջատ լինել պետության զարգացման ռազմավարությունից: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատությանը, մենք ամեն կերպ փորձում ենք այն ընդլայնել»,- ասաց Ռոբերտ Սուքիասյանը: Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ, եթե պետության մասնակցությունը բուհի կառավարման գործընթացում դիտարկվում է զարգացման կանխավարկածից, ապա ընդունելի է, իսկ եթե վերահսկման կանխավարկածից, հարցը մտահոգիչ է. «Ոչ մի երաշխիք չկա, թե հաջորդ իշխանությունը որ կանխավարկածով կառաջնորդվի»: Ի պատասխան՝ Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ եթե բոլոր մարմինների իրավասությունները և պարտականությունները հստակորեն սահմանվեն, ապա մտահոգիչ խնդիրներն առավելագույնս քիչ կլինեն: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի դիտարկմամբ, կառավարման արդյունավետության տեսանկյունից՝ օրենքը տալիս է հնարավորություններ և սահմանափակումներ. «Եթե բոլոր առաջարկություններն ընդունվեն, արդյոք դա կնշանակի, որ կառավարման արդյունավետությունը կբարձրանա: Գուցե այո և գուցե ոչ: Իմ խորին համոզմամբ, նախադրյալները, որոնք կբարելավեն գործընթացը, պարզապես ստեղծում են հնարավորություններ, որ կառավարող խումբը կկարողանա օգտագործել: Այո՛, փոփոխությունները խիստ կարևոր են, բայց պակաս կարևոր չէ, թե ովքեր են իրականացնում այդ փոփոխությունները»: ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ Արսեն Հովհաննիսյանի հավաստմամբ, կազմակերպաիրավական ձևը պետք է լինի միջոց՝ հասնելու առաջադրված նպատակներին. «Ինչի՞ ենք մենք ուզում հասնել: Մենք ուզո՞ւմ ենք բարձրացնել բուհական ինքնավարության մակարդակը, սահմանել կառավարման նոր կարգ և այլն: Այս ամենը պետք է հստակեցնել: Ես համաձայն եմ, որ գործող իրավակարգավորումների շրջանակում ամենաճկուն գործող ձևը հիմնադրամն է»: Նա անդրադարձավ նաև գնումների գործընթացին. ««Գնումների մասին» գործող օրենքը որոշակիորեն խոչընդոտում է համալսարանի բարձրագույն կրթական և գիտական գործունեությանը: Ի՞նչ անել այս դեպքում. փոփոխություննե՞ր կատարել «Գնումների մասին» օրենքում, թե՞ փորձել հիմք տալ կազմակերպաիրավական այն ձևին, որով հնարավոր կլինի ոչ թե շրջանցել օրենքը, այլ գոնե դրա դրույթները չտարածել այն հարաբերությունների վրա, որոնց վրա չենք ուզում»: Արսեն Հովհաննիսյանի կարծիքով, եթե փոփոխություն կատարվի օրենքում, ապա այդ տեսանկյունից կգտնվեն կազմակերպություններ, որոնք կփորձեն իրավական ֆիկցիայի միջոցով հիմնավորել իրենց առանձնահատուկ լինելը և դուրս գալ օրենքի կարգավորումներից: Վահե Հովհաննիսյանն ասաց, որ քննարկման ընթացքում բարձրաձայնված բոլոր հարցերը խիստ արդիական են. «Ինձ համար կարևոր է, թե փոփոխությունների արդյունքում հանրային բուհը մրցունակ է մասնավոր կամ միջպետական բուհերի հետ» Սիրանուշ Դվոյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց իր ունեցած տեղեկատվությունը Վրաստանում և Բելառուսում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք ստացել է այդ երկրների ներկայացուցիչներից կազմակերպված քննարկումների ժամանակ: Նրա փոխանցմամբ, Վրաստանում պետությունը ոչ մի մասնակցություն չունի բուհի կառավարման գործընթացում, իսկ Բելառուսում դեռևս գործում է ուղղաձիգ կառավարումը: «Մեզ համար հետաքրքիր էր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փորձը, որը բաց հայտարարություն է տարածել և աշխարհի բոլոր անկյուններից հավաքագրել հոգաբարձուների խորհրդի կազմը: Չգիտեմ՝ արդյոք սա կարող է կիրառելի լինել մեր դեպքում՝ հաշվի առնելով սփյուռքի ներուժը: Իհարկե, այդ հայտարարության մեջ պետք է նշվեն պահանջվող չափորոշիչները և ակնկալվող գործունեությունը»,- ասաց Սիրանուշ Դվոյանը: Նրա հավաստմամբ, կարևոր է, թե հայաստանյան բուհերն ինչ կարգավիճակ են սահմանում իրենց համար, և պետությունն իր հերթին ինչ կարգավիճակ է նրանց համար սահմանում, ու ըստ այդմ՝ ինչ քաղաքականություն է մշակվում: Արսեն Թավադյանը, որպես ամփոփում, նշեց, որ քննարկումը ցույց տվեց, որ պետությունն առաջադրել է նախագիծ, բայց չի հստակեցնում, թե որն է դրա իմաստը. «Սկզբում պետք է լինի ռազմավարություն, որը կպատասխանի առաջադրված բոլոր հարցերին: Գուցե պետությունն իսկապես ունի բացատրություն, թե ինչու պետք է ունենա 50 տոկոս մասնակցություն կառավարման գործընթացում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր