211652_close_icon
views-count2050 դիտում article-date 19:56 22-11-2019

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և այլ ներկայացուցիչներ։ Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Արդեն 18 տարի հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը շարունակում է ակտիվ երկխոսություն ապահովել անդամ երկրների համար՝ ժամանակակից հարկային օրակարգի կարևոր հարցերի շրջանակներում: Այս տարի նիստի հիմնական թեման եղել է «Թվային տնտեսության պայմաններում հարկային վարչարարության իրականացումը»։ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը նշել է, որ թվային փոխակերպումը ազդում է սոցիալական ու տնտեսական բոլոր ոլորտների վրա և նոր մարտահրավերներ է առաջացնում ամբողջ աշխարհի հարկային մարմինների համար: Թվայնացումը փոխում է հաստատված գործընթացները, բիզնեսի մոդելները, ուստի հարկային մարմինները ստիպված են լինում արձագանքել այդ մարտահրավերներին և հարմարվել թվային միջավայրին: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել անդամ երկրներում հարկեր վճարելու կարևորության գիտակցման, հանրային իրավագիտակցության բարձրացման և այլ հարցերի: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ում արդեն իսկ հարկ բառն ընկալվում է որպես ներդրում ընդհանուր գործի մեջ, և այդ մտածելակերպը գնալով արմատավորվում է հասարակության գիտակցության մեջ: ՀՀ պատվիրակության ղեկավարը խոսել է այդ վերաբերմունքի տարածման անհրաժեշտության մասին նաև գործընկեր երկրներում՝ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը համարելով այդօրինակ տեսլականի քննարկման պատեհ հարթակ: Քննարկվել են նաև հարկային մարմինների թվային փոխակերպման արդի տենդենցներին հետևելու, հարկային վարչարարության բարելավման և բիզնեսի հետ աշխատանքի պարզեցման հարցեր: Նիստի ընթացքում ընդգծվել է ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը տեղեկատվության փոխանակման առումով: Նախորդ տարի նոյեմբերին ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում է երկրների միջև տվյալների փոխանակում ավտոմատ ռեժիմով: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափեր, ինչը հնարավոր կդարձնի ստեղծել ծրագրակազմ և անցկացնել տեղեկատվության թեստային փոխանակում 2020 թվականի օգոստոսին, իսկ 2021 թվականին համակարգն արդեն կգործարկվի։ [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր