Մատչելիության հղումներ

ԵԽ հանձնաժողովը Մոսկվային կոչ է անում թույլ տալ Նավալնուն մասնակցել 2018-ի ընտրություններին


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին հանրահավաք է անցկացնում Մուրմանսկում, 15-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին հանրահավաք է անցկացնում Մուրմանսկում, 15-ը սեպտեմբերի, 2017թ․

Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպական դատարանի որոշումների իրագործմանը հետևող նախարարների հանձնաժողովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են խախտել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու իրավունքները:

Ռուսաստանը, հիշեցնենք, նույնպես այս կազմակերպության անդամ է և պարտավոր է կատարել Եվրոպական դատարանի՝ իրեն վերաբերող որոշումները:

Եվրախորհրդի հանձնաժողովը մասնավորապես կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ թույլ տալ Նավալնուն մասնակցել 2018 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններին:

Դեռևս 2016-ի փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել էր, որ «Կիրովլեսի գործով» դատարանի առաջին որոշումը արդարացի չէ, և Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել չեղարկել այդ որոշումը, որը թույլ չէր տալիս Նավալնուն առաջադրվել նախագահական ընտրություններին: Սակայն Ռուսաստանի իշխանությունները, թեև չեղարկել են դատական որոշումը, սակայն նոր դատավարություն են սկսել նույն դատարանում և նույնատիպ որոշում են կայացրել:

Նավալնու շտաբը հայտարարում է, որ եվրոպական կառույցները ի վերջո ստիպելու են Ռուսաստանի իշխանություններին՝ չեղարկել նաև այդ դատական վճիռը:

Ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան ասել էր, թե Նավալնին դժվար թե կարողանա մասնակցել 2018-ի ընտրություններին, և եթե նույնիսկ նոր գործընթաց սկսվի, մինչև ընտրություններ դժվար թե դատարանի երկրորդ որոշումը չեղարկվի:

Նավալնին, հիշեցնենք, դատապարտված է հինգ տարվա պայմանական անազատության, և Ռուսաստանի օրենսդրությունը նրան թույլ չի տալիս առաջադրվել որպես թեկնածու նախագահական ընտրություններում:

Ընդդիմադիր գործիչը, այդուհանդերձ, ակտիվ նախընտրական քարոզարշավ է սկսել, մարդաշատ հավաքներ է կազմակերպում Ռուսաստանի տարբեր մարզերում:

Ռուսաստանի լիբերալ ընդդիմությունը, սակայն, նորից պառակտված է: Մասնավորապես, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին արդեն հայտարարել է, որ նույնպես առաջադրվելու է ընտրություններում:

Ռուսական աղբյուրները նաև հայտնում են, որ Կրեմլը նոր սցենար էլ է մշակում, որով ընտրություններում Վլադիմիր Պուտինի մրցակիցներից պետք է լինի լիբերալ դաշտը ներկայացնող կին թեկնածու, օրինակ՝ Քսենյա Սոբչակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG