×


«Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաները սիրեն իրենց հայրենիքը». Արամ Չախոյան

Հաղորդավար Արամ Չախոյանը նոր տարին նոր սպասումներով դիմավորել է ընտանիքի հետ: Տարվա անելիքների, նախորդ տարում կիսատ մնացած աշխատանքները շարունակելու, ինչպես նաեւ մեր օրերի խնդրի՝ ատելության մթնոլորտի եւ իր փոքրիկներին դրանից հնարավորինս հեռու պահելու մասին հաղորդավարը զրուցել է BRAVO.am-ի հետ:

Ամանորն ու Սուրբ ծնունդն Արամը համարում է ընտանեկան տոն եւ նախընտրում է տարեմուտը դիմավորել հարազատների հետ.«Տարվա ավարտի եւ նոր տարվա գալստյան տոները հնարավորություն են ընտանիքի, հարազատների ու երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, ուստի այս տարին էլ դիմավորեցինք ընտանիքով: Իհարկե, հասկանալի պատճառներով չկային այն ուրախությունն ու ոգեւորությունը, որ սովորաբար լինում է այդ օրերին: Այնուամենայնիվ, անցած ծանր տարին, կարծում եմ, պետք է հաղթահարենք խորհելով, վերլուծելով, հասկանալով պատճառները, փնտրելով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լավագույն տարբերակները: Այս օրերին հենց այս մտքերն էին ինձ ուղեկցում»:

Արամ Չախոյանի կինը՝ Աննա Պողոսյանը, եւ դուստրերը


Դուստրերը՝ Միլան եւ Լանան, թեեւ դեռեւս չեն ընկալում իրականությունն ինչպես որ է, սակայն Արամի խոսքով՝ պատերազմական օրերին մշտապես զգացել են, որ ծնողներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացնցում կամ հեռուստացույցի առջեւ.«Բարեբախտաբար, երեխաները չեն գիտակցում, թե ինչ ծանր ժամանականեր ենք ապրում բոլորս, եւ առհասարակ կարծում եմ՝ պետք է նրանց որքան հնարավոր է հեռու պահել պատերազմներից ու բացասական երեւույթներից: Մեր տանը հենց այս սկզբունքն է աշխատում. բացառել ցանկացած երեւույթ, որ կարող է ազդել երեխաների տրամադրության վրա:
Երբ զրույցներ կունենամ աղջիկներիս հետ այս ամենի մասին, կրկին չեմ ընտրի ատելություն սերմանելու տարբերակը: Ինքս էլ փորձում եմ հեռու մնալ այդ մթնոլորտից եւ իմ ներկայությամբ կանխում եմ քաղաքական թեմաներով այն  զրույցները, որոնք այս օրերին հաճախ անգամ մտերիմ մարդկանց հարաբերություններն են փչացնում: Ի վերջո, այդ հայացքները շատ անհատական են եւ խիստ անձնական: Երեխաներիս հնարավորություն կտամ ծանոթանալու փաստերին եւ կատարելու սեփական ընտրությունը»:

Ապագայում էլ չի պատրաստվում խոչընդոտել երեխաների կամքի արտահայտմանն ու ընտրության ազատ հնարավորությանը.«Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաները սիրեն իրենց հայրենիքն ու հպարտանան, որ իրենք փոքր, բայց շատ վեհ ժողովրդի մասնիկ են, բայց կապրե՞ն նրանք Հայաստանում, թե՞ իրենց ճակատագիրը կցանկանան կապել մեկ այլ երկրի հետ, էլի կորոշեն հենց իրենք»:

Արամ Չախոյանը` դստեր հետ


2021-ի աշխատանքային տարին սկսված է, եւ հաղորդավարն էլ պատրաստվում է շարունակել գործունեությունը ռադիոյի եթերում եւ «Armenian Future» բարեգործական հիմնադրամի սկսած աշխատանքներն Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղական համայնքում.«Լուսագյուղում ներդրված նախագիծը 5 տարի ժամկետով նախատեսված ծրագիր է, որն արդեն երկուսուկես տարի է, ինչ ընթացքի մեջ է: Կատարվում են կառուցապատման, վերականգնման աշխատանքներ, երեխաների համար կառուցվում է դպրոց. մի խոսքով՝ շարունակելու ենք մեր աշխատանքը, միայն թե ավելի ջանասիրությամբ: Կարծում եմ՝ երկրի ներկայիս իրավիճակում յուրաքանչյուր հայ պետք է արթնանա գիտակցությամբ, որ եկել է մեր ներուժն ու հնարավորությունները հանուն երկրի ապագայի ծառայեցնելու ժամանակը: Քրտնաջան ու համախմբված աշխատանքի եւ ազգային գաղափարախոսության շնորհիվ է, որ մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը»,- զրույցը եզրափակել է Արամը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Չախոյանի արխիվից եւ Անիտա Մատինյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին