Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի դեմ նոր նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Tigran-Hayrapetyan

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով զբաղվող քննիչներից մեկը երեկ զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին և հայտնել, որ նյութեր են նախապատրաստվում Ժիրայր Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: «Վերջին խոսքում ժիրայր Սեֆիլյանն ընդամենը կանխատեսում էր, որ շուտով հայ ժողովուրդը պետք է վերամիավորվի, այդ խոսքերում չկար որևէ մի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հարց առաջանար»։ Տիգրան Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի արձագանքը՝ կապված այս տեղեկատվության հետ, որը հետևյալն է. «Ցանկանում են մեզ լռեցնել, մեզ լռեցնել հնարավոր չէ, իսկ գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է։ Պարզ է, որ սա հոգեվարքի գործողություններ են»։ Փաստաբանը նաև նկատեց, որ օրենքով սահմանված կարգով դատավճիռը պետք է ուղարկվեր 5 օրերի ընթացքում, 3 շաբաթ է անցել, բայց դատավճիռն այդպես էլ չկա: «Ժիրայր Սեֆիլյանը 10 ամսվա ընթացքում մեկ անգամ հնարավորություն չի ունեցել արտահայտվելու, անգամ վերջին խոսքը չթույլատրեցին, որ նա խոսի, վերջին խոսքը պաշտպանն ընթերցեց, ու պարզվում է՝ այդ տեքստն ընթերցելու համար էլ նախապատրաստվում են նյութեր ու քրեական պատասխանատվության կարող է անձը ենթարկվել»: Անդրադառնալով Կարո Եղնուկյանին՝ Տիգրան Հյարապետյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի հետ կապված դատարանը նշանակել է փորձաքննություն պարզելու համար, թե Եղնուկյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ: «Նրա պարագայում դատարանները, դատախազությունը, փորձագիտական մարմինները պահպանում են հանցավոր լռություն, բազմաթիվ միջնորդությունների որևէ պատասխան չի եղել»: Տիգրան Հայրապետյանը կանխատեսում է, որ եզրակացությամբ կարող է պարզվել, որ Կարո Եղնուկյանը որևէ առողջական խնդիր չունի: «Սա կնշանակի, որ այս 5-6 ամիսներին սիմուլիացիա է արել: Եթե այդպիսին լինի եզրակացությունը, սա հստակ կնշանակի, որ դատարաններն ու պետական կառույցները հստակ գնում են Կարո Եղնուկյանին դիտավորյալ հոգեբանական ճնշումներ գործադրելով սպանելու ճանապարհով»: