Մատչելիության հղումներ

Վուչիչ․ «Սերբիան տասնապատիկ ավելի զենք է վաճառել Ադրբեջանին, քան Հայաստանին»


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում ասուլիսի ժամանակ հաստատել է, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։

«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին: Չգիտես ինչու, սակայն, որևէ մեկն այդ մասին չխոսեց, որևէ լրատվամիջոց չանդրադարձավ դրան», - տարակուսում էր Սերբիայի նախագահը՝ ընդգծելով, ի դեպ, որ Ադրբեջանի նախագահի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Սերբիայի իշխող Առաջադիմական կուսակցության գրասենյակում նախորդ շաբաթավերջին կայացած այս ասուլիսի ընթացքում Վուչիչն արձագանքում էր սերբական մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն՝ Բելգրադն ու Երևանը սպառազինության ոլորտում վերջին տարիներին մի շարք լուրջ գործարքներ են կնքել: Բելգրադում լույս տեսնող НИН հանդեսը, մասնավորաբար, պնդում է, թե Հայաստանը շուրջ 5 միլիոն 800 հազար եվրոյի և 5 միլիոն 300 հազար դոլարի սերբական արտադրության զենք է գնել: Խոսքը մասնավորապես տարբեր տրամաչափի ականների և «Գրադ» կայանքների համար նախատեսված սպառազինության մասին է: Նույն աղբյուրի վկայությամբ՝ միայն 2019 թվականին Սերբիայից Երևան սպառազինությամբ 16 չվերթ է իրականացվել: Նույն լրատվամիջոցը նաև պնդում է, թե սերբական զենքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 14-ին և 15-ին:

Սերբիայի նախագահի խոսքով՝ թեև ինքը Երևանի հետ կնքված գործարքները որոշակիորեն վիճահարույց է համարում, այնուհանդերձ, հենց նման մատակարարումներն են, որ հնարավորություն են տալիս երկրի ռազմաարդյունաբերական համալիրին խուսափել վերջնական անկումից:

«Իսկ ի՞նչ ենք անելու մենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Դուք ուզում եք, որ դրանում ներգրավված մարդիկ անգո՞րծ մնան: Սերբիայի ռազմաարդյունաբերական համալիրում 17 հազար մարդ է աշխատում, և հարկավոր է այնպես անել, որ նրանք պահպանեն աշխատատեղերը։ Բայց եթե ընդհանրացնենք, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ ենք մենք սպառազինություն վաճառելու ապագայում։ Ում էլ վաճառենք, միևնույն է, ենթարկվելու ենք քննադատության», - արձանագրում էր Սերբիայի նախագահը։

XS
SM
MD
LG