211652_close_icon
views-count4196 դիտում article-date 18:56 16-04-2020

COVID-19. աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 մլն 100 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 102 հազար 816-ի: [url=https://armenpress.am/arm/news/1012450.html]«Արմենպրես»-[/url]ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 136 հազարը: Ապաքինվել է 525 հազար 438 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 806 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 572 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 182 հազար 816 է: Մեկ օրում 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 19 հազար 130 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 135 հազար 383 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 850 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է Բրազիլիայում՝ 29 հազար 015 է, Կանադայում՝ 28 հազար 379 է,: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 336 դեպք կա, Ռուսաստանում` 27 հազար 938: Այստեղ մեկ օրում 3 հազար 448 վարակվածության նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 232 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: ԱՀԿ-ն ներկայացրել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու հետևանքները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին: «Այդ որոշման ազդեցությունը լինելու է նշանակալի, առաջին հերթին պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրի գծով»,-ասել է նա օնլայն ճեպազրույցի ժամանակ: Մոետին նշել է, որ ԱՀԿ-ի բյուջեից 300 միլիոն դոլար ուղղվում է աֆրիկյան տարածաշրջանի 47 երկրներում իրականացվող ծրագրերին: Այդ գումարի մեծ մասը նախատեսված է պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն: Այնպես որ, ԱՄՆ-ի որոշումը բացասական ազդեցություն կթողնի այդ ծրագրերի վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորումը: Նրա խոսքով, ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված ժամանակին չի տրամադրել տեղեկատվությունը և միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրել իրողությունների վրա: Սիրիան Չինաստանից բժշկական օգնություն է ստացել Դամասկոսի միջազգային օդանավակայանում ընդունել են Չինաստանից բերված բժշկական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայանում արտաքին գործերի ևմիգրանտների հարցերով նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեկդադը լրագրողների հետ զրույցում Սիրիայի անունից երախտագիտություն էհայտնել Չինաստանին սիրիացի ժողովրդին աջակցելու համար: Նրա խոսքով, այդ աջակցությունն արտացոլում է Չինաստանի իրականձգտումը օգնելու Սիրիային և բոլոր երկրներին կորոնավիրուսի դեմ պայաքարում: Սիրիայում Չինաստանի դեսպան Ֆեն Բյաոն նշել է, որ բերվել է թեստային համակարգ կորոնավիրուսի ախտորոշման համար: Նա ընդգծել է,որ սա նման օգնության առաջին խմբաքանակն է և առաջիկայում ևս նորերն են սպասվում: Դեսպանը հիշեցրել է, որ ավելի վաղ կատարվել էերկու երկրների բժիշկների փորձի փոխանակում: Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին նշել է, որ սա մեծ օգնություն է Սիրիայի առողջապահության համակարգին, որը մեծվնաս է կրել ահաբեկչական գործողությունների հետևանքով: Բրիտանիայում 100-ամյա վետերանը մարաթոնի միջոցով միլիոններ է հավաքել բժիշկների համար Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, որը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, իր 100-ամյակից երկու շաբաթ առաջ քայլակով իրականացրել է բարեգործական մարաթոն իր այգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ նա ցանկանում էր հավաքել 1000 ֆունտ ստերլինգ բժիշկների համար, սակայն արդյունքում հավաքել է 12 մլն և դարձել ազգային հերոս: Գումար հավաքելու գործընթացը Թոմ Մուրը սկսել է որպես շնորհակալություն Առողջապահության ազգային համակարգին՝ NHS-ին, որ բուժել են իր օնկոլոգիական հիվանդությունը և ազդրի կոտրվածքը: Մուրը շարժվում է հատուկ քայլակի միջոցով, սակայն պարտավորվել է իր այգում կատարել 100 շրջան, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի տարածման պայմաններում Առողջապահության ազգային համակարգին օգնելու համար: Արդյունքը սպասվածից ավելին էր: Ավելի քան 620 հազար մարդ նվիրատվություն է կատարել, և հավաքվել է 12 մլն ֆունտ ստերլինգ: Ամեն օր Մուրն անցել է 10 շրջան, իսկ եզրափակիչ շրջանը նա հաղթահարել է BBC-ի ուղիղ եթերում: «Ես ինձ լավ եմ զգում և հույս ունեմ, որ դուք՝ նույնպես: Ես չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բանի կմասնակցեմ: Մենք կհաղթահարենք այս ամենը, միգուցե մի քիչ ժամանակ է պետք, սակայն արևը կրկին կշողա մեր գլխավերևում, իսկ ամպերը կցրվեն»,-ասել է նա` ավարտին հասցնելով քայլքը: Թոմ Մուրի գաղափարն իրագործելու հարցում աջակցել է նրա դուստր Հաննան: Արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի Ճապոնիայի ամբողջ տարածքում Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին կհայտարարվի փորձագետների հետխորհրդակցությունից հետո: Մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում, ևս 5 շրջաններում: Քանի որ երկրում վարակը տարածվում է, հետևաբար որոշվել է արտակարգ դրության ռեժիմը, որը ենթադրում է դպրոցների և այլ հաստատությունների փակում, տարածել մյուս շրջաններում ևս: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 626 մարդ: Մահացել է 178 մարդ: Հնդկական ընկերությունները կսկսեն արագ թեստերի արտադրություն Երեք հնդկական ընկերություններ կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերի արտադրության լիցենզիա են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը ստուգել է ներկայացված նմուշների օրինակները և արտադրության լիցենզիաներ տվել այդ ընկերություններին: Նման թեստերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ ի տարբերություն ներկայում գործող թեստերի, պատասխանները հայտնի են լինում ոչ թե 30, այլ 5 րոպեում: Լիցենզիա ստացած ընկերություններից «HLL Lifecare Limited»-ը նշում է, որ արդեն սկսել են թեստերի արտադրությունը: Իրենք կարող են շաբաթական 100 հազարից ավելի թեստ արտադրել: Նշվել է, որ թեստերի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի ապրիլի 20-ին: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 456 է: Մահացել է 422 մարդ: Թրամփի գնահատմամբ, ԱՄՆ-ը հաղթահարել է վարակի պիկը ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 հազար 569 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը 28 հազարից ավելին է: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ տվյալները վկայում են այն մասին, որ երկիրը հաղթահարում է վարակի պիկը: Նա խոստացել է ներկայացնել «նոր հիմնական սկզբունքներ» ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ընթացքում: «Պայքարը շարունակվում է, սակայն տվյալները խոսում են այն մասին, որ երկիրը անցել է նոր վարակի պիկը»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ պետք է շարունակել զգոնությունը՝ ակնհայտ համարելով, որ իրենց ռազմավարությունն աշխատում է: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին անցկացրել են տեսակոնֆերանս՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ կոնֆերանսին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գլխավոր հարցը կորոնավիրուսի դեմ պայքարում կառույցի անդամ երկրների ռազմական հնարավորությունների կիրառումն է, առաջիկա անելիքները և ապատեղեկատվության դեմ պայքարը: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները իրականացրել են ավելի քան 100 առաքելություն բժշկական անձնակազմի, սարքավորումների փոխադրման համար: Ապահովվել է ավելի քան 25 դաշտային հոսպիտալների հիմնում: Տեղադրվել են 25 հազար հիվանդանոցային մահճակալներ: Ավելի քան 4 հազար զինվորական ներգրավվել է քաղաքացիական ծառայություններին աջակցելու համար»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր