1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին. Greek City Times

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 
թվականին. Greek City Times

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական « Greek City Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նախ անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը, որով վերջինս IGB-ը ( Interconnector Greece-Bulgaria- Հունաստան-Բուլղարիա գազամուղ- խմբ) բնութագրել էր որպես «արժեքների խողովակաշար», որը կապում է Հունաստանի բնական գազի փոխադրման ազգային համակարգը Բուլղարիայի ցանցի հետ եւ կարող է տարեկան միլիարդավոր խորանարդ մետր գազ տեղափոխել Ադրբեջանից: Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության մասին՝ հոդվածագիրը հարցադրում է արել, թե որքանով են տեղին Հունաստանի ղեկավարության նման հայտարարությունները:

«Եթե որպես օրինակ նայենք նաև մեդիա ոլորտին, ապա այն արժեքները, որոնց մասին խոսում է Միցոտակիսը, բավարար չեն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է . «Նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձում է լռեցնել մնացած բոլոր քննադատներին»: Ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում երկրի ներսում, եւ քննադատական դիրքորոշմամբ բոլոր տպագիր թերթերը փակվեցին: Պետական գրաքննության թիրախում գտնվող անկախ լրատվական կայքերի մեծ մասը, ինչպիսին է Azadliq amd Meydan TV-ն, գործում են արտասահմանում»,- ասված է հոդվածում:

« Greek City Times»-ի հոդվածագիրը դրանով է նաեւ բացատրում, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա կամ ոստիկանության աշխատակից չի պատժվել լրագրողին ծեծելու կամ վիրավորելու համար, և որ «Բաքվի ռեժիմը փորձում է արտաքսման մեջ գտնվող անկախ լրագրողներին լռեցնել՝ ճնշում գործադրելով երկրում մնացած նրանց ընկերների ու հարազատների վրա:

«Սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ալիևի վարչակարգը լրագրողների վրա իր հարձակումներն արտահանում է Ադրբեջանի սահմաններից դուրս»- նկատում է հոդվածագիրը:

«Greek City Times»-ի լրագրողը ներկայացրել է 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և  նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս.

Մայիսի 31 -ին ադրբեջանցի բլոգեր Թուրալ Սադօղլին, ով ապրում է Գերմանիայում, սակայն ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները իր դեմ դավադրություն են նախապատրաստում:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ կյանքը լուրջ վտանգի տակ է։ Այս անգամ նրանք ինչ-որ բան են ծրագրում իմ դեմ։ Համապատասխան հանձնարարական է տվել նախագահի աշխատակազմը: Այդ իսկ պատճառով ծնողներս վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Բաքվում՝ նախագահականի դիմաց։ Ես խնդրում եմ քաղաքական կուսակցություններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին աջակցել նրանց», – գրել է Սադօղլին «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի ուշ  Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին իր սոցիալական ցանցերում հաստատել է բլոգերի կյանքին սպառնացող վտանգը:

«Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալ և բլոգեր, «Azad soz» (Խոսքի ազատություն) կազմակերպության ղեկավար Թուրալ Սադօղլին գրել է իր կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Ալիևի ռեժիմը բազմիցս ձերբակալել, առեւանգել եւ շանտաժի է ենթարկել արտասահմանում բնակվող իր հակառակորդներին։ Իլհամ Ալիևը բազմիցս ահաբեկչական խմբավորումներ է օգտագործել նրանց դեմ, ում նա չէր կարողացել ձերբակալել։ Անցած տարի Բայրամ Մամեդովը սպանվել էր Ստամբուլում, Վուգար Ռզան՝ Բելգիայում, Հուսեյն Բակիխանովը՝ Թբիլիսիում: Փորձեր են արվել սպանել Մագոմեդ Միրզալիին, Օրհան Աղաևին, Օրդուխան Բաբիրովին, Գաբիլ Մամեդովին։ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու՝ Մագոմեդ Միրզալիի սպանության փորձի համար։ Թուրալ Սադօղլիի նկատմամբ սպանության սպառնալիքը, նրա բնակության հասցեն փնտրելը բավական լուրջ խնդիր է։ Եվրոպական իրավապահ մարմինները պետք է ապահովեն Թուրալի անվտանգությունը», - ասել է Մուխթարլին։

Հոդվածագիրը մեջբերում է նաև «Infoteka24»-ի հրապարակումը Եվրոպայում ևս մեկ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի վրա հարձակման մասին։ Այս անգամ հարձակման զոհ է դարձել բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն, ով հայտնի է Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի հասցեին քննադատություններով:

Մանաֆ Ջալիլզադեի հարձակման ենթարկվելու փաստին անդրադարձել է նաև Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մուհամադը։

«Շվեյցարիայում բնակվող բլոգեր Մանաֆ Ջալիլզադեին 2022 թվականի ապրիլի 29-ին իր տան դիմաց երեք ադրբեջանցիներ դաժան ծեծի են ենթարկել: Նրա վիճակը շատ ծանր է», -  գրել էր նա «Թվիթեր»-ի իր էջում։

« Greek City Times»-ի լրագրողի խոսքով՝ սրանք ընդամենը 2022 թվականի մի քանի օրինակներ են, սակայն նման դեպքեր կարելի է վեր հանել Ադրբեջանի հետխորհրդային շրջանի յուրաքանչյուր տարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]