Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ունենք հրթիռ, որը կարող է հասնել Բաքու․ «մոռանում ես, որ ստիպում ես մեզ դիմել կոճակ սեղմելուն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը (օրիգինալ տեքստը՝ այս հղումով) բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել Արցախի հարցի շուրջ՝ միաժամանակ առաջ բերելով մի շարք կարևոր հարցեր, թե, օրինակ, ինչպե՞ս և ի՞նչ տրամաբանությամբ կշարունակվի խաղաղության գործընթացը և ընդհանրապես ինչի՞ մասին են խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպումների ժամանակ, ինչի՞ շուրջ են բանակցելու, եթե հայկական կողմը պնդում է, որ Արցախի իշխանության ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին, իսկ Մինսկի խումբն ըստ երևույթին դեմ է դրան։ Այդ մոտեցումը կտրականապես մերժում է նաև Ադրբեջանը։ Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին և տարրերին, որոնց առնվազն զգալի մասը չի համապատասխանում հայկական շահերին, Փաշինյանն էլ ասում է, որ այդ կետերը պարզաբանման կարիք ունեն, և բանակցությունների հիմք պիտի դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները։ Պաշտոնական Ստեփանակերտն աջակցում է Փաշինյանին այս հարցում, բայց էլ ավելի հեռուն է գնում՝ խոսելով նաև դրանց վերանայման մասին։ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և պետք են նոր՝ իրատեսական մոտեցումներ։

«Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը՝ մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների և բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,-ասել է Մայիլյանը։

https://www.tert.am/cache_image/news_images/975/2923135_1/52161649_297457694257478_7730901992763031552_n.thumb-770x510.png

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի հաջորդ քայլը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակն ու բոլոր կողմերի դիրքորոշումները։

– Նախ ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն այնքան նուրբ հարց է, որ դրա հետ կապված՝ մշտապես Հայաստանում երբ եղել է վճռորոշ պահ, ողջ հասարակությունը միացել, միավորվել է։ Շատ ժամանակ, երբ երկրում կային պրոբլեմներ, մարդիկ նույնիսկ մտածում էին, որ այս ժողովուրդն այլևս կռվող չի, բայց 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ մեր հասարակությունը վտանգի պահին միշտ ունակ է համախմբվել, և անգամ բահով կռվեցին։ Այսինքն՝ մեր հակառակորդը խոր թյուրիմացություն կարող է ունենալ այս առումով, որ հանկարծ մտածի՝ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իր համար բարենպաստ լինի։ Իսկ ինչ վերաբերում է այն հորդորներին, խորհուրդներին, անգամ քննադատություններին, որոնք հնչում են, որ իշխանությունները կարողանան այս կամ այն քայլերը անեն, իրարամերժ հայտարարություններ չանեն, շտապողական քայլեր չանեն, դա ամբողջը արվել է մի բանի համար՝ հուշենք, որպեսզի իշխանությունները խուսափեն սխալներից։ Բայց հիմա մենք հասանք մի գծի, որ պետք է պատկերացնենք, թե այդ գծից այն կողմ ինչ է։ Ո՞րն է այդ գիծը․ հայկական կողմն այլևս չզիջեց։ Թեպետ պատրաստ է գնալ հանդիպման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, բայց միևնույն է, շարունակեց պնդել, որ Ղարաբաղը պետք է ներկայացված լինի բանակցություններում, և մնաց այդ կարծիքին։ Ղարաբաղն էլ մնաց այդ կարծիքին, անգամ չլիազորեց իր անունից բանակցել, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Սա նշանակում է, որ եթե արդեն այս վիճակն է, ես կարծում եմ, որ արդեն աջակցության խնդիր կա, ոչ թե քննադատության։ Քննադատությունը պիտի լիներ մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը և նաև հայկական կողմի՝ երկու պետությունների համատեղ արձագանքը։ Այստեղից այն կողմ պետք է սատարել երկրի ղեկավարությանը։ Ենթադրենք՝ հարցը հանգեցրեց նրան, որ համաձայնության չեկանք։ Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ եթե բանակցությունները ձախողվեցին, ուրեմն դրա այլընտրանքը պատերազմն է։ Ինչպես անգլիացիներն են ասում՝ «talk tak is better than war war»՝ խոսելն ավելի լավ է, քան պատերազմելը։ Բայց հիմա, երբ եկել ենք այսպիսի վիճակի, և Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ եթե հայկական կողմը հանկարծ հրաժարվի բանակցություններից, դրա այլընտրանքը պատերազմը, ու հույս ունի, որ հայկական կողմը պետք է դրանից ահաբեկվի, կարծում եմ՝ հիմա հասարակությամբ պետք է օգտագործենք «պլան Բ»-ն։ Ո՞րն է դա․ այն, որ այդ պատերազմը Ադրբեջանին ոչինչ չի տալու։ Այո, մենք չենք ուզում պատերազմ, որովհետև մեր ամեն մի երեխան մի տան ճրագ է, մի տան հույս ու լույս է, և մեզ ոչ մի դեպքում չի սփոփի այն, որ մենք, ենթադրենք, մեկ զոհ տանք, իրենք՝ տասը։ Նման մոտեցմամբ կարող են միայն ռազմական գործիչներ նայեն, ասեն՝ մենք էսքան տեխնիկա ենք կորցրել, իրենք՝ ավելի շատ, մենք էսքան զոհ ենք տվել, իրենք՝ ավելի շատ։ Այսինքն՝ հաջող գործողություն ենք կատարել։ Դա ուրիշ խնդիր է։ Բայց մեզ համար ամեն կյանք թանկ է։ Իսկ արդյո՞ք Ադրբեջանը վստահ է, որ եթե ինքը պատերազմ սկսի՝ իր երկրի ներքաղաքական անկայունությունը չի հանգեցնի նրան, որ նախ՝ պաշտոնանկ արվի Ալիևը, որն այդքան ռազմատենչ չի, որքան ուզում է իրեն ցույց տալ, երկրորդը՝ այդ երկրի ներքին խմորումները չեն հանգեցնի նրան, որ ներքին պառակտումներ լինեն, զինյալ խմբավորումներ առաջանան և այլն։ Այսինքն՝ եթե հայկական կողմը գնացել է այն կոշտությանը, որ միևնույն է, չեմ զիջելու այդ դիրքը, ուրեմն պիտի գնա մինչև վերջ։ Նաև դիմացինին ցույց տա, որ պատերազմը այդքան էլ բարենպաստ չի լինի քեզ համար։

Մենք պետք է մի բան հաշվի առնենք՝ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է մեծացել, որը պատերազմ չի տեսել, միայն կրակոցներ է լսել, բայց Ղարաբաղը նա իրենը չի համարում։ Միայն գիտի, որ մի գծից այն կողմ թշնամի է ապրում։ Եթե քեզ վրա հարձակվում են՝ դու քո տունն ես պաշտպանում։ Դա ուրիշ կռիվ է։ Բոլորով համախմբվում ու պաշտպանում ենք մեր տունը։ Բայց եթե Ադրբեջանն է նախահարձակ լինում՝ այնտեղ էլ ուժեր կան, որ ասում են՝ մեր ինչի՞ն է պետք այդ պատերազմը։ Մենք պետք է նաև այս թելերի վրա խաղանք, որ եթե հնարավոր չի կանխել պատերազմը, այնուամենայնիվ, Ադրբեջանը պիտի իմանա, որ դա իր շահերից չի բխում։ Նա ավելի շատ վախենալու բան ունի։ Արդեն առիթ եղել է ասելու, որ մենք կարճատև պատերազմի պատրաստ ենք, իսկ երկարատև, լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում նա պետք է շատ լավ հաշվարկի՝ իր երկիրը պատրա՞ստ է հանդուրժել այդ քայլը, Ալիևին պաշտոնանկ չե՞ն անի, նոր տարածքային կորուստների չի՞ հանգեցնի։

Գուցե մենք կարողանանք դրանով կանխել պատերազմը։ Իմ ասածը դա է։

Այսպիսով, կա երկու փուլ։ Փուլ համար մեկ՝ մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, և փուլ համար երկու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո, երբ գաղտնազերծվեցին հիմնախնդրի կարգավորման կետերը։ Ի դեպ, այդ կետերը բոլորս էլ գիտեինք, այնտեղ գաղտնի բան չկար, բայց առաջին անգամ դրանք պաշտոնապես հնչեցվեցին։ Այսինքն՝ ուզեցան ցույց տալ, որ հայկական կողմը սրա շուրջ է գալիս, բանակցում։ Դա էլ իմացեք։

– Բայց ինչո՞ւ նրանք որոշեցին Ալիևի ու Փաշինյանի հանդիպումից առաջ հիշեցնել այն կետերը, որոնք ըստ էության դեմ են մեր շահերին ու շատ ավելի ձեռնտու են ադրբեջանական կողմին։

– Քանի որ մինչև այս պահը շատ տարընթերցումներ կային, թե ի վերջո ինչի՞ շուրջ ենք բանակցում, եթե Արցախի անունից չենք բանակցում՝ էդ դեպքում ի՞նչ ծրագիր է դրված բանակցությունների սեղանին։ Մենք գիտենք, որ սեղանին դրված ոչ մի համաձայնեցված փաստաթուղթ չկա, ընդամենը համաձայնեցված կետեր են՝ որպես բանակցության հիմք։ Դրանք Մադրիդյան սկզբունքներն են, նաև մի քիչ ձևափոխված Կազանյան փաստաթուղթը, որը, ինչպես հայտնի դարձավ, Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է ստորագրել։ Այսինքն՝ հստակեցրին այն նպատակով, որ տարընթերցում չլինի, հայտարարեցին, որ սեղանին դրված է նույն փաստաթուղթը, դրա շուրջ պետք է խոսակցությունն ընթանա։ Բայց հայկական կողմը շարունակում է պնդել, որ եթե հանդիպում են՝ բանակցություններից առաջ պետք է հստակեցնեն ձևաչափը, որպեսզի Արցախը ներկայացված լինի։ Հիմա մենք կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց խնդիրը հետևյալն է։ Մինչև Մինսկի խմբի հայտարարությունը լուրջ քննադատություններ էին հնչում բավական խելացի փորձագետների, քաղաքագետների, վերլուծաբանների կողմից, որոնք նշում էին հնարավոր ռիսկերը։ Եվ դրանց մեջ շատ օգտակար բաներ կային, ու կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադիր լինի նման տեսակետների նկատմամբ։ Բայց տեղի ունեցածից հետո, երբ համատեղ հայտարարություն հնչեց Արցախից, և կողմերն արդեն նախապատրաստվում են հանդիպման, ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է միասնական ձևով հայտարարենք, որ անկախ ամեն ինչից, եթե հայկական կողմը գնում է այս տարբերակով, ուրեմն պիտի իմանա, որ իր թիկունքն ամո՛ւր է։ Բոլոր ժամանակներում այդպես է եղել։ Նույնիսկ լեգիտիմության խնդիր ունեցող մեր իշխանավորները բանակցությունների ժամանակ իմացել են, որ իրենց թիկունքին կանգնած է ժողովուրդ։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ ունենք դեստրուկտիվ ընդդիմություն։ Սա ինձ դուր չի գալիս։

– Որը քննադատում է Փաշինյանին Մինսկի խմբի հայտարարության համար, ասում է՝ սա իր ձախողումն է։ Թեև պարզ չի, թե Փաշինյանն ի՞նչ կապ ունի Մադրիդյան սկզբունքների հետ։

– Խնդիրն այն է, որ ներքաղաքական ինչ խնդիր էլ լինի, Ղարաբաղի հարցում երբեք անհաջողությունների վրա չարախնդալ չի եղել, և առիթ չեն ման եկել՝ թե տեսեք, հիմա պրոբլեմ կառաջանա և այլն։ Ցանկացած գործիչ, որն ասել է, թե հիմա պատերազմ կսկսի, մեր կարիքը կունենան, նրան շատ կարճ ժամանակում նետել են քաղաքական աղբանոց։ Ես սա ուզում եմ հստակ ընդգծել, որովհետև լինելով երկար տարիների ընդդիմադիր գործիչ՝ հրաշալի հիշում եմ, որ բանակցություններից առաջ միշտ էլ իշխանությունն իմացել է, որ կապ չունի՝ ինքն ինչքան ձայն է ստացել և լեգիտի՞մ է, թե՞ ոչ, ժողովուրդը միասնականորեն աջակցում է իրեն, տալիս է ուժ, ասում է՝ գնա, պայքարի։

Ավելին, նույնիսկ մեր իշխանավորները բանակցությունների ժամանակ ասում էին, որ եթե զիջումներ անենք՝ ժողովուրդը մեզ կտապալի, ու բանակցությունները զրոյից եք սկսելու։ Ավելի լավ է՝ թողեք՝ մենք շարունակենք։ Այսօր մենք ոչ մի դեպքում չպիտի թույլ տանք, որ ադրբեջանական կողմը հանկարծ մտածի, թե լեգիտիմության խնդիր չունեցող մեր վարչապետը չի վայելում իր ժողովրդի աջակցությունը Արցախի հարցում։ Երկրորդը՝ չպիտի թույլ տանք, որ Ադրբեջանը հանկարծ մտածի, որ մենք այնքան ենք սարսափած պատերազմից, որ ինքը կարող է շանտաժ անել։ Ո՛չ, մենք երբեք պատերազմ չենք ուզում, բայց նաև չենք վախենում պատերազմից։ Այս պարագայում մեր շահերից չեն բխում ռազմատենչ հայտարարությունները։ Մեր շահերից բխում են կառուցողական հայտարարությունները։ Բայց այնպես չլինի, որ Ադրբեջանին պատրվակ էր պետք պատերազմ սկսելու ու սպասում էր՝ մենք մի սխալ հայտարարություն անենք։ Այսինքն՝ ուզում ենք ասել՝ նա արդեն կարծում է, որ այդ պատերազմում հաղթելո՞ւ է։ Ես խիստ կասկածում եմ։ Ինքն ավելի շատ մտածում է, որ մենք ենք խաբվել դրա վրա։ Դրա համար հստակ ասում եմ՝ այս փուլի համար պետք է անվերապահ աջակցություն լինի, որովհետև դա Ղարաբաղի հարցն է, ուրիշ խնդիր չի, ներքաղաքական խնդիր չի, տնտեսության հետ կապված հարց չի։
– Ուզում եք ասել, որ պատերազմի ռիսկերն այսօր ավելացե՞լ են։ Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը փորձի գնալ ռազմական ճանապարհով, ինչո՞վ է այս իրավիճակը բարենպաստ իր համար։

– Հիմա ասեմ։ Եթե խոսենք պատերազմի առիթների մասին՝ համարենք, որ առիթներ կան, ու այնպես չի, որ 2016 թվականին հայկական կողմը որևէ դեստրուկտիվ քայլ էր արել, որը թույլ տվեց նրանց պատերազմ սկսել։ Եթե իրենք կարծեն, որ իրենց ուժը բավարար է, համապատասխան պատրվակ կգտնեն և նույնիսկ առանց պատրվակ կհարձակվեն։ Դրա համար խնդիրը վերաբերում է մի բանի՝ առաջինը, աշխարհին ցույց տանք, որ մենք կոնստրուկտիվ ենք, Ադրբեջանը՝ դեստրուկտիվ, երկրորդը, եթե, այնուամենայնիվ, դա մեզ չհաջողվեց, իսկ Ադրբեջանն ասաց՝ «եթե համաձայնության չենք գալիս՝ ես պատերազմով կվերցնեմ իմ հողերը», առավել ևս, որ Ալիևը վերջերս հայտարարեց, թե աշխարհը փոխվել է, և հարցերը լուծում են ուժի դիրքերից, ապա մենք պետք է կարողանանք իրեն հանրամատչելի բացատրել, որ այդքան էլ ճիշտ չես, որ քո ուժը բավարար է, որովհետև խիստ կասկածում ենք, որ քո ժողովուրդը մի բռունցք կդառնա, քանի որ դու ես հրահրելու պատերազմ։ Ադրբեջանի մայրերն էլ չեն ուզում իրենց զավակներին կորցնել այն պատերազմի համար, որից 25 տարի է անցել։ Եվ մենք արդեն գիտենք, որ հարձակվող կողմի փաստարկներն այդքան էլ ուժեղ չեն։ Մենք նաև այդ հարցը պիտի հաշվի առնել, որ հանկարծ մեր կառուցողական դիրքորոշումը թուլության տեղ չընդունեն։ Ու կապ չունի՝ ինչ հակասություններ կլինեն իշխանության ու ընդդիմության միջև։

– Իսկ համաձայն չե՞ք, որ Մինսկի խումբն իր այս հիշեցմամբ լեգիտիմացրեց Ադրբեջանի տարածքային հավակնություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որովհետև մինչ այդ Բաքուն խոսում էր ուժի դիրքերից, խոսում էր վերջնագրերով՝ թե «դուրս բերեք զորքերը մեր տարածքներից՝ առանց նախապայմանների», մինչդեռ Փաշինյանը ավելի կառուցողական հայտարարություններով էր հանդես գալիս, մի քանի անգամ ընդգծեց, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Եվ հիմա համանախագահները շարադրում են հակամարտության կարգավորման կետերը, որտեղ, ըստ էության, գրված է, որ հայկական կողմը պետք է տարածքային զիջումներ անի՝ Ադրբեջանից չստանալով որևէ լուրջ փոխզիջում։

– Այստեղ խնդիրն այն է, որ նոր իշխանությունները լիովին իրավունք ունեն չշարունակել այնտեղից, որտեղ ավարտել են բանակցությունները նախկին իշխանությունները։ Մի քանի պատճառներով։ Առաջինը՝ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, երկրորդը՝ ստորագրված որևէ փաստաթուղթ չկա, երրորդը՝ շատերի մոտ այն տպավորությունն է, որ եթե հանկարծ ճնշում գործադրեն Նիկոլ Փաշինյանի վրա, ու նա ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, մի վայրկյանում ինչ-որ բան է կատարվելու։ Ոչինչ էլ չի կատարվելու։ Մենք շատ լավ գիտեք, թե ինչքան երկար ժամանակ է պահանջում հիմնախնդրի կարգավորումը, եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրեն։ Նախ՝ եթե այդ փաստաթուղթը հայկական կողմի համար բարենպաստ չլինի՝ կարող է հանգեցնել շատ ուժեղ ցնցումների, և այդ փաստաթուղթը կարող է այդպես էլ կյանքի չկոչվել։ Երկրորդը՝ պետք է հաշվի առնել, որ որևէ մեկը չի պատրաստվում ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը դեմ է հայկական կողմի շահերին։ Սկսենք դրանից։ Այսինքն՝ ասել, թե եկեք նախապատրաստվենք խաղաղության ու սկսենք ճնշում գործադրել առաջին դեմքերի վրա, որ ասենք՝ եթե նախապատրաստել ենք՝ դուք էլ պատրաստվեք ինչ-որ բան հանձնելու կամ զիջելու, դա չի աշխատելու, որովհետև ի վերջո աշխարհը գիտի մի բան՝ Հայաստանի որևէ առաջնորդ չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրել Ղարաբաղի մասին ի վնաս Հայաստանի՝ հույս ունենալով, որ կկատարի համաշխարհային ուժի կենտրոնների շահերը, ցանկությունները, և նրանք իրեն, որպես դրածոյի, կպահեն իշխանության ղեկին։ Հիմա աշխարհում չկա այդպիսի ուժի կենտրոն, որը չհասկանա, որ եթե Հայաստանում ժողովուրդը չցանկացավ ինչ-որ տարբերակ ընդունել, լցվելու է փողոց։
– Բայց փաստորեն ստացվեց, որ գոնե նախորդ երկու նախագահները առաջնորդվել են ավելի շատ դրսի ուժերի, քան թե հայկական շահերով՝ ընդունելով այն սկզբունքները, որոնք առաջարկել կամ պարտադրել է Մինսկի խումբը։ Այս կետերը բացարձակապես կապ չունեն հայկական շահերի հետ։ Ինչպե՞ս է դա ստացվել։

– Խնդիրն այն է, որ նախկին ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել պայմանավորվածությունների շուրջ, բայց ամեն ինչ արել են, որ այդ պայմանավորվածությունները չդառնան կոնկրետ, գործնական քայլեր։ Համարենք դա դիվանագիտական ճարպկություն, թե մանր ժուլիկություն, այնուամենայնիվ, կարողացել են դա անել ու ամեն անգամ ասել են՝ մի քիչ էլ ձգենք, ով գա՝ զրոյից է սկսելու, կարող է՝ այս ամբողջ աշխատանքը չընդունի, ու անընդհատ ժամանակ են ձգել։ Այդ ձգելու ընթացքում առաջացել է այդպիսի խնդիր։ Ի վերջո, ստատուս-քվոն օգուտ մե՞զ է, թե՞ օգուտ Ադրբեջանի։ Եկեք հասկանանք։ Ադրբեջանն օգտագործել է ստատուս-քվոն ավելի շատ զենք ձեռք բերելու, որոշակի դիրքեր ամրապնդելու համար, իսկ այդ ընթացքում հայկական կողմը ցույց է տվել, որ Ադրբեջանում մեծացել է մի ամբողջ սերունդ, որը հասկանում է, որ Արցախն այլևս իրենց երկրի կազմում չէ։ Դրան գումարած՝ աշխարհում արդեն եղել են նախադեպեր, որ ճանաչվել են ինքնորոշված ժողովուրդների անկախությունը։ Ենթադրենք, Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը Ռուսաստանն է ճանաչել, արևմտյան երկրները չեն ճանաչել, Կոսովոյի դեպքում էլ արևմտյան երկրներն են ճանաչել, բայց այս մյուս կողմը չի ճանաչել։ Բայց արդեն մենք ունեցանք այդպիսի նախադեպեր, որ նույնիսկ եթե այդ կոնֆլիկտները տարբերվում են ղարաբաղյան հիմնախնդրից,- մերը որակապես այլ խնդիր է,- միևնույն է, այս զարգացումները օգուտ մեզ էին։ Ու եթե Ռուսաստանն է ճնշում, ասում ենք՝ հարգելիս, բայց չէ՞ որ քո պարագայում Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիր կա, էլ չենք ասում Ղրիմի մասին։ Եթե Արևմուտքն է ճնշում գործադրում՝ ասում ենք՝ դուք համարում եք, որ Կոսովոյի փաստարկներն ավելի լուրջ են, քան Ղարաբաղի՞ դեպքում։ Ո՞նց եք փորձում ճնշել։ Այսինքն՝ ամեն կողմ մտածում է՝ ինչպես անի, որ ստատուս-քվոն պահպանելը, ժամանակ շահելը իր օգտին լինի։ Հիմա մենք ունենք մեր առավելությունները, Ադրբեջանը՝ իր։ Այս պարագայում, ինչպես էլ հարցին նայենք, մեր շահերից է բխում կրկին ժամանակ ձգձգել, որովհետև դա Ադրբեջանի համար նաև ուրիշ խնդիր է առաջացնում՝ նա զենք է առնում, ժողովուրդն ասում է՝ այդքան զենքն ինչի՞ համար ես առնում, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը դեռ բավարար չի համարում իր ուժը, որ պատերազմ սկսի։

– Ժամանակ շահելը նաև մեր օգտին է, այդպես չէ՞, որ մենք էլ տնտեսապես, ռազմականապես հզորանանք, եթե, իհարկե, ունենք ռազմավարություն և գիտենք՝ ինչո՞ւ ենք ժամանակ ձգում և ինչի՞ ենք ձգտում։

– Կա նաև այսպիսի խնդիր՝ երբ Հայաստանը ձեռք է բերում այնպիսի զինատեսակներ, որոնցով կարող է ավելի մեծ հեռահարությամբ թիրախներ խոցել, այդ թվում նաև հարվածել մինչև Բաքու, դա խոսում է նրա մասին, որ եթե դու սովորական սպառազինության միջոցով փորձում ես առավելություն ձեռք բերել, մոռանում ես, որ ստիպում ես մեզ դիմել կոճակ սեղմելուն։ Ուրիշ օրինակ բերեմ․ աշխարհում կան ատոմային երկրներ, որոնց տնտեսությունը շատ թույլ է, բայց նրանք ասում են՝ «հանկարծ եթե մեզ շատ նեղեք՝ մենք ստիպված կլինենք օգտագործել միջուկային զենքը»։ Եվ դրանից մարդիկ հասկանում են, որ չի կարելի միջուկային զենք ունեցող երկրին շատ նեղել։ Հիմա մենք չունենք միջուկային զենք, բայց ունենք հրթիռ, որը կարող է հասնել Բաքու։ Եվ մենք էլ հայտարարել ենք, որ որևէ համաձայնեցում չի լինելու Ռուսաստանի հետ, դա մեր զենքն է։

– Իսկանդերը։

– Այո։ Այսինքն՝ այս պարագայում էլ մենք ենք ասում՝ եթե մեզ շատ նեղես՝ ստիպելու ես, որ մենք այդ քայլին գնանք։ Մենք չենք ուզում այդ քայլին գնանք, բայց դու չես հաղթելու, որովհետև չես կարողանալու բաքվեցուն բացատրել, որ գնացել էիր Ստեփանակերտը գրավելու, ու ինքը Բաքուն կորցրեց։ Չես կարողանալու բացատրել։ Սա ադրբեջանցու տեսանկյունից արդար պատերազմ չի։ Երբ խոսքը խաղաղության նախապատրաստվելու մասին է իսկապես խաղաղության նախապատրաստվելու համար, այո, պետք է հնչեն կոչեր, բացատրեն, որ ինչի՞ համար եք կռվում, ի՞նչ եք ուզում ձեռք բերել։

– Բայց ինչքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի ղեկավարությունը ներշնչում է իր բնակչությանը, թե դրանք իրենց հողերն են, ու իրենք են հանդես գալիս արդարության դիրքերից, «ազգային-ազատագրական պայքար» մղում, մենք էլ «օկուպանտն» ու «ագրեսորն» ենք։

­- Ինչքան էլ դա ասեն, այնուամենայնիվ, կանոնավոր բանակը, որ կռվելու է, Արցախ չի տեսել, որովհետև երիտասարդներ են։ Եթե նախորդ պատերազմին իրենք վարձկաններ էին ներգրավում, որովհետև փող ունեն, ապա նոր ժամանակի պատերազմում, որը շատ լուրջ ավերածությունների կարող է հանգեցնել, որևէ երաշխիք չկա, որ այն վարձկանները, որոնք կհայտնվեն արցախյան ճակատում իշխանության թողտվությամբ, համաձայնությամբ կամ առանց համաձայնության, թիկունքից չեն հարվածի այդ իշխանությանը, եթե տեսնեն, որ նրա դիրքերը երերում են։

– Քանի որ խոսեցիք նոր հնարավոր պատերազմի մասին, մի կարևոր հանգամանք հաշվի առնենք, որովհետև գիտենք, որ կոնֆլիկտները սովորաբար ունենում են թե՛ ներքին և թե՛ արտաքին կառավարման մեխանիզմներ։ Ու ինչքան լսել եմ հեղինակավոր փորձագետներին, նրանք միշտ կարևորել են Մինսկի խմբի ազդեցությունն ու դերակատարումը այս հարցում։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ Ադրբեջանը առանց համանախագահող երկրներից որևէ մեկի հավանության որոշի պատերազմ սկսել կամ գուցե հավանություն կտան նրա գործողություններին։

– Նախ, որևէ միջազգային կառույց ագրեսիայի հավանություն չի տա։ Ուրիշ խնդիր է, որ, ենթադրենք, իրենք չխոչընդոտեն։ Բայց այդ նույն կառույցները գոյություն ունեին նաև 2016 թվականին ու ոչ մի կերպ չկարողացան կանխել ադրբեջանական ագրեսիան, ու նույնիսկ անհասկանալի էր, թե ինչը հանգեցրեց 2016 թվականի պատերազմին։ Այն, որ ադրբեջանական կողմը զենք էր կուտակում, լարվածությունն ավելանում էր, դիվերսիոն ներթափանցման փորձեր էին լինում, գիտեինք՝ դա ինչ էր։ Բայց ադրբեջանական կողմը չուներ այն առիթը, որը կարող էր գտնել և պատերազմ սկսել։ Բայց, միևնույն է, Ադրբեջանը չհասավ իր նպատակին, չունեցավ լուրջ հաջողություններ։ Իսկ նոր՝ լայնածավալ պատերազմի դեպքում պետք է նկատի ունենալ, որ այդ լայնածավալ պատերազմը բոլոր կողմերին էլ կարող է մեծ վնաս հասցնել, բայց չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահն էն ուժեղ տղեն է, որն ասում է՝ կա՛մ Ղարաբաղը կազատագրենք, կա՛մ ես կզոհվեմ բարիկադների վրա։ Չեմ տեսնում այդպիսի կերպար։ Ավելի շատ մենք ենք մեր երկրի ներսում ուռճացնում այդ վտանգը, որովհետև եթե մենք պատրաստ լինենք պատերազմին՝ այն հաստատ չի էլ սկսելու։ 2016 թվականին մենք պարզապես պատրաստ չէինք, որովհետև մտածում էինք՝ միջազգային հանրությունը թույլ չի տա, Ադրբեջանը պարտությունից հետո այնպես ուշքի չի եկել, որ երկրորդ անգամ պատերազմ սկսի։ Չէ՞ որ մենք գիտենք՝ ինչն էր պատճառը, որ նրանք առիթից օգտվեցին։ Միայն զենքի կուտակումը չի պատճառը։ Իսկ այսօր մենք գիտենք, որ, այո, նա ունակ է պատերազմ սկսելու և կարող է հաշվի էլ չառնել միջազգային հանրության կարծիքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում