Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացավ Տիգրան Գաբոյանի «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» գրքի շնորհանդեսը

Կայացավ Տիգրան Գաբոյանի «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» գրքի 
շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տպագրված՝ Տիգրան Գաբոյանի թվով երրորդ՝ «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաստեղծին շնորհավորելու էին եկել պոեզիայի սիրահարներ, բանաստեղծի ընկերները, բարեկամներն ու հարազատները` Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ, Շանթ Մկրտչյանը, նշանավոր գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը, դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանը, գրող, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը, Գաբոյանի մայրը՝ գրող Նորա Թուրբենտյանը և ուրիշներ: Նրանք միջոցառման ընթացքում իրենց կարծիքը հայտնեցին գրքում տեղ գտած բանաստեղծությունների վերաբերյալ:

Գրքի խմբագիր, բանաստեղծ Արմեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Տիգրան Գաբոյանը յուրահատուկ գրիչ ունի:

«Արևմտահայերեն բանաստեղծությունները շատ գեղեցիկ են, հատուկ հմայք ունեն: Գրքի տպագրվելուց առաջ, դեռևս որոշված չէր, որ ես պետք է խմբագրեմ, ուղղակի խնդրել էի նրան, որ մի քանի բանաստեղծություն ուղարկի ինձ կարդալու համար: Որոշ դիտարկումներ արեցի, Տիգրանն ընդունեց դրանք, հետո որոշ առաջարկներ էլ արեցի, ինչից հետո որոշվեց, որ գրքի խմբագիրը ես լինեմ: Ինձ համար արևմտահայերենով առաջին գիրքն էր, որ խմբագրում էի»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Տիգրան Գաբոյանը նշեց, որ գրքի վերնագիրը արտացոլում է իր ապրած տարբեր երկրների քաղաքակրթությունների, մշակույթների բախումները, իր մեջ արթնացած ալեկոծությունները:

«Մտահոգություններ ունեի գիրքս արևմտահայերենով տպագրելու առումով, սակայն իմ լավ ընկերները հորդորեցին տպագրել այն: Շատ շնորհակալ եմ նրանց, որ ջանք գործադրեցին և հավատացին ինձ ու իմ ուժերին: Նրանց շնորհիվ ես իմ ստեղծագործություններին սկսեցի այլ աչքով նայել»,- նշեց Գաբոյանը:

Գիրքը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով, շուտով դրանք կլինեն գրախանութներում:

Տիգրան Գաբոյանն առաջին՝ «Դեպի երկինք արձակված նետ» գիրքը  գրել է 1995 թվականին, իսկ երկրորդ՝ «Անմաս» գիրքը՝ 2003-ին:

Գաբոյանը նաև արաբերենի թարգմանիչ է, գրական-մշակութային գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ  և միջազգային հարաբերությունների մագիստրոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]