Ինքնիշխան ապրելու հրամայականը. Մտորումներ Անկախության տոնի առիթով

«Հայ ժողովուրդը պահելու մասին մտածողը, պետք է մտածե հայու թվական, տնտեսական ու մտավորական ուժերու կենտրոնացման մասին, պետք է մտածե հայու ազգային զգացման ու գիտակցության ուժեղացման մասին. իսկ ասոնք հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կապրի հայ հոգիին մեջ իր անկախության համոզումը…»:

Լ. Շանթ               

1991-ի սեպտեմբերով սկզբնավորվեց Հայոց նորագույն պետականությունը: Պատերազմ, արտագաղթ, օտար արժեքների ներխուժում, ժողովրդի բարոյալքում… բայց և` վերանվաճված Հայրենի հողակտոր, ազգայնորեն միատարր Հայաստան պետություն-այսպես նշանավորվեց մեր պետականության ծնունդը:

Անշուշտ, մենք պատրաստ չէինք անկախությանը և, բնականաբար, ճաշակեցինք բոլոր այն դառնությունները, որ առարկայորեն մեզ պիտի հասնեին սառը պատերազմում պարտված սովետական կայսրության փլուզումով, որի մասն էինք մենք: Բայց ճակատագիրը մեր հանդեպ, թերևս, «բարեհաճ» գտնվեց. այս փորձությանն էլ դիմացանք:

Այն, որ ազգերի հոգեվարքը սկսվում է նրանց անկախ ապրելու կամքի թուլացմամբ, որ ազգերի իրական անկախության նախապայմանը նրանց հոգեբանական անկախությունն է` ինքնիշխան ապրելու իրենց ներքին մղումը, վաղուց ապացուցված է պատմությամբ: Որ ոչ թե օտարի բարեհաճությամբ, այլ սեփական արյունով, արցունքով ու քրտինքով է կառուցվում անկախ պետականության շենքը, սա՛ էլ հաստատագրված է պատմությամբ` իբրև օրինաչափություն:

Սակայն, ցավով պիտի արձանագրել, որ հայության հիմնական մասի համար անկախության կամ ինքնիշխանության գաղափարն առ այսօր չի դարձել հոգու պահանջ: Այս տարիներին մեր ընտրանին (առաջին հերթին՝ մտավոր) չարեց անհրաժեշտը` անկախության գաղափարը հայության համար իրապես կենսատու դարձնելու*:

Այսօր հայության առաջ վերստին դրված է սպառնագին հարցը. «ո՞ւր ենք գնում»: Իսկ մենք չգիտենք՝ ո՞ւր ենք գնում, քանզի չենք ճշտել, թե «ինչ ենք ուզում»: Մեր նախնիներն ասում և պատգամում էին, որ մենք ուզում ենք մի երկիր-Հայաստան՝ իր բնական սահմաններով, ուր Հայն ապրի ինքնիշխան և իր բարոյականին համապատասխան: Նրանք ավանդում էին նաև, որ դրա համար հարկ է մշտապես պայքարել և կյանքի մարտադաշտ հասցնել պայքարի՛ սերունդ:

Այնինչ, մեր ժամանակների ընտրանին չի ավետում իր ժողովրդին, թե որն է հայ մարդու կյանքի իմաստը, ինչու պիտի հա՛յ մնալ, ապրել Հայրենիքո՛ւմ, դրա համար մեռնե՛լ, զոհաբերե՛լ հանուն սերունդների, կամ՝ ի՞նչ ասել է՝ լինել լա՛վ հայ, լա՛վ քաղաքացի …

Սրանք կենսական հարցադրումներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել հոգևոր-բարոյական արժեքների հարթության մեջ, և այդ պատասխանները, առաջին հերթին, պետք է ակնկալել ազգային ընտրանուց (դա իր կոչումն է): Այդ պատասխաններն են կանխորոշելու մեր անելիքը, իմաստավորելու մեր պատմական ընթացքը:

Մեզանում դեռ չի գիտակցված, որ ամեն մի բարեփոխում սկսվում է մարդուց՝ նրա հոգեբարոյական կերպարի ձևավորումից: Քանզի, եթե մարդու՝ իբրև հայի և Հայաստանի քաղաքացու համար չեն սահմանված բարոյական արժեքների համակարգ և դրանից բխող վարքի կանոններ, ու այդ ամենը չի հասցված նրա սրտին և ուղեղին, անընդհատ պիտի գանգատվենք օրենքների չգոյությունից, դրանց անկատարությունից, տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությունից, դատական համակարգից, աշխարհագրական դիրքից, ճակատագրից…

Իսկ մեր փոխարեն՝ այդ բացերը յուրովի լրացնում են օտարները: Նրանք «ժողովրդավարական» պետության, «ապագաղափարական» հասարակության և «ազատ» մարդու իրե՛նց արժեքներն են մեզ պարտադրում**: Արդյունքում՝ այսօր մեր «ընտրանու» հիմնական մասը մտածում է ոչ հայորեն՝ դրսից պարտադրված կարծրատիպերով: Տոտալ քարոզչության և մանիպուլյացիայի հետևանքով հայ մարդը դառնում է ազգային դիմադրողականությունից զուրկ «տնտեսական» էակ, կենսաբանական ռոբոտ, որով և՝ կառավարելի օտարի համար (այս առումով, 2018-ի «գունավոր» հեղաշրջումը ևս բացառություն չէ):

Ու այս ընթացքով ստացվելու է այնպես, որ շատ շուտով «ընտանիք», «բարոյականություն», «ավանդույթ», «ազգ», «հայրենիք» և նմանօրինակ` հոգևոր բովանդակությամբ հասկացությունները որակվելու են` իբրև «հետադիմական», իսկ աղանդավորներն ու միասեռականները, պացիֆիստներն ու դասալիքները, օտարամոլներն ու գրանտակերները ձևավորելու են մեր հասարակության «վերնախավը»: Այս մտավախությունը, ցավոք, հիմնավորվում է նաև Հայաստանի ներկա վարիչների վտանգավոր աշխարհայացքով ու քաղաքական անկարողության բացահայտ դրսևորումներով:

* * *

Այսօր մեր երկիրը հոգեբարոյական վերանորոգման, նոր արժեքների հաստատման, ասել է` արմատական-համակարգային փոփոխությունների կարիքն ունի: Իսկ համակարգ փոխել, կնշանակի՝ նախ հասարակության հիմքում եղած արժեքային համակարգը փոխել. ձևավորել արժեքների այն բազիսը, որի վրա պիտի բարձրանան տնտեսական, իրավական, կրթական վերնաշենքերը: Դա կնշանակի` փոխել հասարակական զարգացման ուղղությունը, իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների դրվածքը, կարգավորվածություն մտցնել ներքաղաքական կյանքում, Հայրենիք-Սփյուռք, Պետություն-Եկեղեցի առնչություններում՝ ազգային կառույցների միջև ապահովելով ընդհանուր նպատակներից բխող համաձայնեցված գործունեություն:

Դա կնշանակի` գործող եսակենտրոննյութապաշտական համակարգից անցում ազգակենտրոնհոգևոր համակարգի:

Սեփական արժեհամակարգի և գաղափարախոսության առաջադրումը դարձել է հրամայական: Աշխարհն ինքը նոր արժեքների, նոր գաղափարների երկունքի շեմին է. մարդու իրավունքներն ու անհատի ազատությունը, ազատ շուկան և քաղաքացիական հասարակությունը վերիմաստավորման անհրաժեշտություն են զգում: Կա՛մ մենք կհասկանանք դրա անխուսափելիությունը և կստեղծենք գաղափարախոսական մեր զենքը, կա՛մ ստիպված կլինենք, հերթական անգամ, կուրորեն ընդունելու օտարի պարտադրածը:

Հասկանո՞ւմ է այս ամենը Հայաստանի ընթացիկ իշխանությունը: Ակնհայտորեն, ո՛չ, և դա ունի իր խորքային պատճառները:

Սակայն չհիասթափվե՛նք: Հայությունն օտարի լուծ է կրել, բայց այն հաղթահարել, խավարի դարեր է տեսել ու  վերածնվել, Եղեռն է  տարել, բայց  հարատևելու կամք դրսևորել…

Չմոռանա՛նք, որ ազգի հավաքական կամքն ավելի զորեղ է, քան «նոր աշխարհակարգը» սահմանողների ցանկությունները: Ունենա՛նք սեփական ազատությունը և արժանապատվությունը պաշտպանելու վճռականություն, բայց վերջինս չշփոթենք օրվան հատուկ քաղաքական պոռոտախոսության հետ:

Իսկ մինչ այդ, ինքնիշխան ապրելու հրամայականից դրդված` մեր հավաքական գիտակցության մեջ վերստին բորբոքե՛նք ազգային անկախության գաղափարը և ամրագրե՛նք, որ իրական անկախությունը մեզ դեռ հարկ է նվաճել.  նվաճել քայլ առ քայլ` մեր Հավերժի ճանապարհին օտարից կախվածություններն անընդհատ հաղթահարելով:

Եվ սա կարող են անել միայն կամային մարդիկ, ովքեր ազգային ինքնահարգանքի զգացում ու հայության ապագայի նկատմամբ անբեկանելի հավատ ունեն, որ ընդունակ են հայորեն մտածել և քաղաքականապես իմաստուն գտնվել:

* – Մեզանում քիչ չեն գործիչները, որոնք, անշուշտ՝ նաև դրսի պատվերով, անկախությունը հասկանում են միայն անկախություն Ռուսաստանից, և որոնց «ազգային» գործունեությունը սահմանափակվում է զուտ հակառուսականությամբ:

** – Միջազգային տարաբնույթ կառույցների քարոզչությամբ մեզանում ձևավորվում են կարծրատիպեր, որոնցում կեղծիքն այնքան էլ բացահայտ չէ, և որոնց հաղթահարումը մեզ համար առաջնային խնդիր է: Այսպես, օրինակ՝ մերժելով բնական բազմազանությունը և պարտադրելով աշխարհին միօրինակություն, սահմանվում է նաև կեղծ բազմազանության սկզբունքը. ըստ այդմ, հասարակության մեջ, ասենք, կրոնախևերն ու միասեռականները նույնքան տեղ ունեն, որքան հոգով ու մարմնով առողջները: Իհարկե, սա էլ բազմազանության դրսևորում է, բայց անբնական և աններդաշնակ. ապահայրենացած աղանդավորն ու հայրենակրոն մարտիկը երբեք բնականորեն ներդաշնակելի չեն: Կամ՝ ազգերին մեկ աշխարհայացք պարտադրելով՝ հռչակվում է կարծիքների ազատություն: Բազմաթիվ թերթեր, կուսակցություններ, ռադիո- և հեռուստաալիքներ ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, բայց հե՛նց այդ տեղեկատվական հեղեղով է խլացվում պարտադրվող արժեքային համակարգին ընդդիմացող կարծիքը, որին վերապահված է լուսանցքային դեր:

Առհասարակ, քարոզչության ժամանակակից տեխնոլոգիաները բավական նուրբ են, և, որպես կանոն, մենք դրանց կործանարար ազդեցությունը հասկանում ենք կատարված իրողություններից հետո: Օրինակ, եթե ասենք, որ արտաքին հարձակումն այսօր մեզ վրա բոլոր ուղղություններով է, միգուցե շատերի տարակուսանքը շարժենք, որովհետև պատերազմ՝ մեզանում շատերը դեռևս հասկանում են միայն ռազմական գործողություններ: Այնինչ, մենք ամեն օր տանուլ ենք տալիս պատերազմներն ինֆորմացիոն, հոգևոր, տնտեսական և այլ ոլորտներում՝ մեր ներուժը պարպելով ներքին պայքարներում և արտաքին ճակատը բաց պահելով օտարի ներխուժման համար:

 Մուշեղ Լալայան

ՀՀԿ փոխնախագահ

Տեսանյութեր

Լրահոս