Մատչելիության հղումներ

«Շատ դժվար է չափել՝ որ վիրավորանքն է ծանր, որը ծանր չէ»


Ֆեյսբուքում վարչապետի լուսանկարին կից վիրավորական արտահայտություն թույլ տալու համար միայն Ավան-Նոր Նորքի քննչական բաժնում ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով արդեն երկու քրգործ է քննվում։ Արդյոք իրավապահները քննում են նույնաբովանդակ այլ գործեր, Ոստիկանությունից «Ազատությանը» չհայտնեցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։

Քրեական օրենսգրքում վերջերս ավելացված 137.1՝ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով առաջին քրգործի մասին հայտին դարձավ անցած շաբաթ։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի փոխանցմամբ՝ գործում դեռևս կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Օգտատերը ոչ թե վարչապետի, կառավարության կամ այլ պաշտոնական էջերում է գրառում կատարել, այլ՝ իր անձնական էջում։ Հարցրինք՝ ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե որ բառն է վիրավորական, որը՝ ոչ, պատասխան չհնչեց։

Նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացվեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։

Այս օրենքը երեկ քննադատեց հեղինակավոր Freedom House-ը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել դրա կիրարկումը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով արդեն իսկ հարուցված քրեական գործին, ընդգծում է. - «Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը»։


Նախագծի համահեղինակ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը օրենքը ամենևին էլ ժողովրդավարական նորմերի հետընթաց չի համարում, նաև չի կարծում, թե այն խոչընդոտում է խոսքի ազատությանը․ - «Որովհետև հայհոյանքը, անձի արժանապատվությունը նվաստացնելը ժողովրդավարության հետ կապ չունի»։ «Այն, ինչում մեղադրվում է Հայաստանի քաղաքական մեծամասնությունը, իշխանությունը, նման բան բնության մեջ գոյություն չունի», - նաև պնդեց Հովակիմյանը «Ազատության» հետ զրույցում։

ԱԺ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյան, արխիվ
ԱԺ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյան, արխիվ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, մինչդեռ, շեշտեց․ - «Այս հետադիմական նախաձեռնությունը հակասում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին ներկայացվող պահանջներին»։

Տեղական լրագրողական կազմակերպությունները ևս դժգոհ են այս օրենքից, հիշեցնում են, որ վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացվել էր դեռ 2010 թվականին, իսկ նոր կարգավորումը համարում են հետընթաց։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս օրենքը վտանգում է առհասարակ քննադատությունը և վնաս է հասցնում խոսքի ազատությանը։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյան, արխիվ
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյան, արխիվ


«Մենք գործ ունենք ընդամենը առաջին ծիծեռնակների հետ, առաջին գործերն են հարուցվում, և սա շատ մտահոգիչ է, քանի որ փաստորեն պաշտոնատար անձը ավելի վեր է դասվում, քան հասարակ քաղաքացիները։ Ստացվում է, որ ուղղակի այս օրենքը նպատակ է հետապնդում լրացուցիչ պաշտպանություն ստեղծել պաշտոնատար անձանց համար, որը շատ վտանգավոր է և հակասում է միջազգային միտումներին», - ասաց ԽԱՊԿ նախագահը։

Մելիքյանը նաև ընդգծում է՝ օրենքը թերի է, պարզ չէ, թե ինչպես է տարբերակվում` ինչն է հայհոյանք, ինչը՝ ոչ, որն է անթույլատրելի արարք, և որը՝ թույլատրելի․ - «Շատ դժվար է չափել՝ որ վիրավորանքն է ծանր, իսկ որ վիրավորանքը ծանր չէ։ Մի անձ կարող է մի խոսքը ընդունել որպես վիրավորանք կամ առհասարակ վիրավորանք չհամարի, իսկ մյուս անձը համարի ծանր վիրավորանք իր հասցեին»։

XS
SM
MD
LG