Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը

Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի 
և Նիլսենի գործերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականի առաջին համերգին կատարելու է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը, որը հայաստանյան պրեմիերա է, և Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը:  Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Համերգը ղեկավարելու է «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա փետրվարի 21-ին Արման Խաչատրյան համերգասրահում:

Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ Ջոն Նելսոնը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի և Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ:  2009 թվականին Հայաստանում ելույթ է ունեցել ՀԱՖՆ-ի և երեք երգչախմբի հետ: «Ունկնդիրը Նելսոնին շատ է սիրել: Իսկ Գերմանիայից ժամանած դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը Մոցարտի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանող է: Ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան և ցանկանում է այլ կոմպոզիտորի գործեր նվագել, ես հորդորում եմ կրկին Մոցարտ կատարել»,-շեշտեց Թոփչյանը:

Ջոն Նելսոնն էլ խոստովանեց, որ հպարտանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբով: «Եթե կարողանում ես ճիշտ ներկայացնել  Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան, որը շատ դժվար է, ուրեմն հաջողել ես: Բեթհովենը բարդ մարդ էր, ագրեսիվ, չէր հարմարվում հասարակությանը: Այդ ամենն արտացոլվել է նրա հինգերորդ սիմֆոնիայում: Հրաշալի է, որ նվագախումբը կարողանում է ֆանտաստիկ մեկնաբանել այդ ստեղծագործությունը»,-ասաց դիրիժորը:

Նելսոնը 11 տարի առաջ է եղել Հայաստանում: Նա հավաստիացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է ապրել, ինչի կապակցությամբ շնորհավորում է Թոփչյանին:

Անդրեաս Ֆրյոլիխն էլ նշեց` արդեն իսկ պատիվ է ունեցել աշխատել Թոփչյանի հետ, իսկ այժմ պատիվ ունի համագործակցել մեկ այլ ականավոր կոմպոզիտորի` Ջոն Նելսոնի հետ: «Մենք առաջին անգամ ենք միասին ներկայանալու, բայց տպավորություն է, որ երկար տարիներ ենք  համատեղ ելույթ ունենում»,-ասաց դաշնակահարը:

Անդրադառնալով Բեթհովենին` Ֆրյոլիխը պատմեց, որ ապրում է Բեթհովենի ծննդավայրում` Բոնում, և մեծացել է նրա երաժշտության ներքո: Ըստ երաժշտի` Բեթհովենի ստեղծագործությունները մարդկությանն ավելի բարի են դարձնում, և նրա գործերի առանձնահատկությունն այն է, որ կոմպոզիտորը մշտապես կոտրում էր երաժշտության մասին կարծրատիպերը, խախտում կանոնները, նաև հումորի հրաշալի զգացում ուներ:

2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]