WSJ. Թուրքիայի միջոցով ևս հարյուրավոր զինյալներ կմիանան Ադրբեջանին ԼՂ գոտում

WSJ. Թուրքիայի միջոցով ևս հարյուրավոր զինյալներ կմիանան Ադրբեջանին ԼՂ գոտում

PanARMENIAN.Net - Թուրքիայի դաշնակից սիրիական զինված խմբավորումներից հարյուրավոր մարտիկներ միացել են Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվելու, հարյուրավորները պատրաստվում են տեղափոխմանը: The Wall Street Journal-ը գրում է, որ Թուրքիան՝ տեղակայելով իր սեփական զորքերը և սիրիացի վարձկաններին, արդեն մեծացրել է ազդեցությունը որոշ տարածաշրջաններում։

Պարբերականի հետ զրույցում սիրիացի զինյալներից մեկն ասել է, որ սիրիացիներն Ադրբեջան են մեկնում սեպտեմբերի կեսից՝ միանգամից 100-հոգանոց խմբերով: Մեկ այլ սիրիացի էլ պատմել է, որ հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, իսկ տասնյակ մարդիկ վերադարձել են` կատաղի մարտերից տագնապած։

Զինյալը, որը մեկնելու է Ադրբեջան, գնալու է Թուրքիա, որտեղից չարտերային թռիչքներով վարձկանները տեղափոխվում են Ադրբեջան:

Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի տղամարդկանց հետ կապ ունեցող աղբյուրն ասել է, որ այնտեղ սիրիացիների կորուստներն արագորեն աճում են, «դժոխքից» հետ վերադառնալու ցանկություն հայտնել է արդեն 200 մարդ։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով` հոկտեմբերի 10-ի դրությամբ Թուրքիայի կողմից մատակարարված 107 սիրիացի զինյալ է սպանվել Ադրբեջանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---