×


«Շաբաթօրյակ». Բրայանտի ընտանիքը, Լոպես-Շակիրա զույգն ու ռեկորդակիր Ռոնալդուն

Կոբի Բրայանտի մահը մեծ ցավ էր ողջ աշխարհի համար. այս շաբաթ նրա անունը բոլորի շուրթերին էր: «Շաբաթօրյակն» էլ չէր կարող հրաժեշտ չտալ մեծ բասկետբոլիստին: Այս 7 օրվա ընթացքում հետեւեցինք Գրեմմիին ու պատմեցինք 18-ամյա Բիլլի Այլիշի հաջողության մասին, տեսանք, թե ինչպես են դերասաններն անհամբերությամբ սպասում Օսկարին, Ռոնալդուն՝ ռեկորդներ սահմանում խաղադաշտից դուրս, իսկ Բլեյք Լայվլին՝ ասպարեզ վերադառնում 3-րդ դստեր ծննդից հետո:



Բրայանտի կնոջ հուզիչ նամակը


Ոչ միայն մարզական, այլ ամբողջ աշխարհը ցնցեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահը: Նա համաշխարհային մեծության բասկետբոլիստ էր, կուռք միլիոնների համար, Միացյալ Նահանգների կարեւոր դեսպաններից մեկն աշխարհում:

Բրայանտի մահն անտարբեր չթողեց ոչ մեկին՝ մարզաշխարհի աստղերից մինչեւ երգիչներ ու դերասաններ: Մի քանի օր շարունակ համացանցը ողողված էր Բրայանտի լուսանկարներով, նրա հետ կապված հիշողություններով ու նվիրական պահերով:


Սակայն այսօր դրանց փոխարեն կպատմենք նրա ընտանիքի ու մասնավորապես կնոջ՝ 37-ամյա Վանեսա Բրայանտի մասին: Նա կորցրեց միանգամից 2 սիրելի մարդու` ամուսնուն եւ 13-ամյա դստերը՝ Ջիանային, որը հոր պես խենթանում էր բասկետբոլի համար: Հենց Ջիանայի խաղին էլ շտապում էին միասին, երբ ուղղաթիռը վթարի ենթարկվեց Կալաբասաս քաղաքի մոտակայքում:


Ամուսնու ու դստեր մահից մի քանի օր անց Վանեսան շնորհակալություն է հայտնել բոլոր ցավակցողներին: Նա միայնակ է մնացել 17-ամյա Նատալիի, 3-ամյա Բյանկայի ու 7 ամսական Կապրիի հետ:


«Աղջիկներիս հետ ուզում եմ շնորհակալություն ասել միլիոնավոր մարդկանց, որոնք անտարբեր չէին մեր ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությանը: Շնորհակալ ենք ձեր աղոթքների համար, դրանք մեզ շատ են պետք: Ամբողջովին դատարկված ենք մեր կորստից: Կոբին հիանալի ամուսին ու հայր էր, Ջիննին՝ հրաշալի դուստր ու սիրող քույր Նատալիի, Բյանկայի ու Կապրիի համար»,- գրել է Վանեսան:


Նա ցավակցել է մյուս զոհերի ընտանիքներին ու հայտնել, որ կիսում է նրանց ցավը. «Այնպիսի բառեր չկան, որ կկարողանան մեր ցավն արտահայտել: Ինձ մխիթարում եմ այն մտքով, որ Կոբին ու Ջիննին գիտեին ու զգում էին, թե որքան ենք նրանց սիրում: Չգիտեմ, թե մեզ հետ ինչ է լինելու հետագայում: Չենք պատկերացնում մեր կյանքն առանց նրանց: Բայց պետք է ուժ գտնենք ու հաղթահարենք այս ամենը»:

Գրեմմին՝ ներսից

Շաբաթ օրն ԱՄՆ-ում կայացավ Գրեմմի մրցանակաբաշխությունը, հաղթողների անուններն արդեն հայտնել ենք ու պատմել ամենահետաքրքիր պահերի մասին: Սակայն այսօր կփորձենք ներսից նայել շոուին ու նրա աստղային հյուրերին:

Բրայանտ. 41-ամյա Բրայանտի մահը ցնցել էր բոլորին, նրան իրենց կատարումները նվիրեցին երեկոյի հաղորդավար Ալիշա Քիզը, Լիզոն, Lil Nas X-ն ու մյուսները:

Կատարման ժամանակ երգիչը աթոռին էր ամրացրել 24 համարի մարզաշապիկը, որով «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես է եկել բասկետբոլիստը:


Այլիշ. Չնայած ամենաշատ անվանակարգերում առաջադրված էր Լիզզոն, 5 Գրեմմի ստացավ Բիլլի Այլիշը: Երգչուհին ինքն էլ զարմացած էր ու չէր սպասում նման հաջողության:

Լովատո. Վերջին 1,5 տարվա ընթացքում վերջապես բեմ վերադարձավ Դեմի Լովատոն: Թմրանյութերի հետ խնդիրներ ունեցած երգչուհին «Anyone» երգը կատարեց այնպես, որ ամբողջ դահլիճը նրան հոտնկայս ծափահարեց: Երգչուհին այն գրել էր մինչեւ հիվանդանոց ընկնելը:

Դել Ռեյ. Նա առաջին անգամ հանրության առաջ ներկայացավ իր 46-ամյա սիրեցյալի՝ Շոն Լարկինի հետ: Անձնական կյանքը շատ խիստ պահող երգչուհին անգամ բոլորի ներկայությամբ համբուրեց սիրելիին: Զույգը միասին է արդեն մի քանի ամիս:



Օբամա. «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթող դարձավ Միշել Օբաման՝ իր ինքնակենսագրական գրքի համար, սակայն միջոցառմանը ներկա չէր: Ի դեպ, Գրեմմի ունի նաեւ նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը նույն անվանակարգում հաղթել է 2006 ու 2008 թվականներին:

Aerosmith. Aerosmith ու Run-D.M.C. ռոք-խմբերի համատեղ ելույթը Գրեմմիի ամենավառ պահերից էր: 1975 թվականի իրենց Walk This Way երգը ռոքերները սկսել են միայնակ կատարել, ապա բեմի մյուս կողմում, քանդելով արհեստական պատը, նրանց են միացել մյուս կատարողները: Նրանցից մեկը երգի ընթացքում ցուցադրել է Բրայանտի մարզաշապիկը, իսկ Սթիվեն Թայլերը սեր է խոստովանել Լիզզոյին, ապա մոտեցել ու համբուրել նրան: 




Գրեմմիի զգեստները

Ալեսանդրա Ամբրոսիոն ոչ երգում է, ոչ էլ ֆիլմերում նկարահանվում, մինչդեռ բաց չի թողնում ոչ մի մրցանակաբաշխություն՝ լինի Օսկար, թե Գրեմմի: Եթե պոդիումի վրա քայլելու համար արձանիկներ հանձնեին, նա միանշանակ առաջատար կլիներ, իսկ մինչ այդ կնշենք նրա յուրահատուկ զգեստը Գրեմմիի երեկոյին:

Նա շեշտը դրել է անվերջանալի երկար ոտքերի վրա: Կերպարը՝ ներառյալ եղունգների սեւ լաքն ու ականջօղերը, մտածված է եղել մինչեւ մանրուքները: Ի դեպ, ականջօղերի մասին. Ալեսանդրան խորհուրդ է տվել կրել շատ ծանր, բայց լուսանկարներում լավ երեւացող օղեր:


Իսկ մի քանի օր անց նրան արդեն սպորտային հագուստով Բրենթվուդում զբոսանքի ժամանակ են նկատել: Առօրյա կյանքում մոդելը հիմնականում նախընտրում է հարմարավետ հագուստ:

Խոսենք Գրեմմիի հետաքրքիր մյուս լուքերի մասին եւս: Հերթական անգամ իրենց շքեղ տեսով հիացրին Բեյոնսեն ու Ջեյ Զին: Բեյոնսեն ատլասե զգեստով էր, որն ընդգծում էր նրա գեղեցիկ մարմինն ու հատկապես՝ ոտքերը:

Երեկոյի մյուս գեղեցկուհին Արիանա Գրանդեն էր: Նախորդ տարի նա ի նշան բողոքի բաց էր թողել Գրեմմին, քանի որ իր կարծիքով ելույթի համար բավական ազատություն չէր ստացել: Իսկ ահա այս տարի երգչուհին արքայադստեր զգեստով էր, իսկ կարմիր գորգին ներկայացել էր ծնողների հետ:

Դերասանուհի Պրիանկա Չոպրան էլ յուրահատուկ կերպով հարգեց Բրայանտի հիշատակը՝ ձեռքին գրելով բասկետբոլիստի շապիկի համարը:


Լայվլիի վերադարձը

Դերասանուհի Բլեյք Լայվլին 3-րդ դստեր ծննդից հետո նորից վերադառնում է հանրային կյանք: Վերջին 2 օրերի ընթացքում նա հայտնվել է տասնյակ տեսախցիկների օբյեկտիվներում ու մասնակցել իր նոր՝ «The Rhythm Section» մարտաֆիլմի մամուլի արշավին:

Լայվլիի գրաֆիկը շատ հագեցած է. դերասանուհին գրեթե ազատ ժամանակ չունի, բայց հասցնում է ժամանակ տրամադրել իր ընտանիքին, ներկայացնել նոր ֆիլմն ու նորանոր գրավիչ կերպարներով հանդես գալ:

Նա մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ զգեստափոխվել է. առավոտյան սպիտակ վերնաշապիկով ու կիսաշրջազգեստով էր, մեծ գլխարկով, կեսօրին՝ կիսատաբատով, երեկոյան՝ ծաղիկներով զգեստով: Իսկ Նյու Յորքում ֆիլմի պրեմիերային դերասանուհին ներկայացել է խոր բացվածքով թավշյա զգեստով:


Լավագույն հագուստները

Բեւերլի Հիլզում կայացել է Costume Designers Guild Awards-ը, որի շրջանակում մրցանակներ են շնորհվել կինոյում, երաժշտական հոլովակներում ու հեռուստատեսությունում լավագույն զգեստների համար:

Երեկոյի գլխավոր աստղը Շարլիզ Թերոնն էր: Նա հաղթել է Spotlight Awards անվանակարգում, ինչը նշանակում է, որ 2019-ին դերասանուհին ու նրա զգեստներն են եղել բոլորի ուշադրության կենտրոնում:

«Տանը մենակ» ֆիլմի 65-ամյա աստղ Քեթրին Օ'Հարան արժանացել է մրցանակի՝ «Schitt's Creek» սերիալի կոստյումների համար, «Գահերի խաղ»-ում Միսանդեայի դերակատար Նատալի Էմանուելն էլ մրցանակ է ստացել՝ պատմական կամ ֆենթեզի սերիալում լավագույն հագուստների համար:


«Մալեֆիսենտա. Խավարի տիրուհին» ֆիլմի հագուստների նկարիչ Էլեն Միրոժնիկն էլ ձեռնունայն չի մնացել. նրա աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն գիտաֆանտաստիկ-ֆենթեզի ֆիլմերի անվանակարգում: Պատմական ֆիլմերի ցանկում լավագույնն է եղել «Ջոջո նապաստակը», իսկ հեռուստասերիալի զգեստներից հավասարը չի ունեցել «Զարմանալի միսիս Մեյզելը»:

Օսկարը մոտ է

Բրեդ Փիթ, Լեոնարդո ԴիԿապրիո, Ռենե Զելվեգեր, Շարլիզ Թերոն՝ այս աստղերին ոչ միայն տաղանդն ու ճանաչումն են միավորում, այլ նաեւ Օսկարի համար պայքարը: Նրանք բոլորն էլ պարբերաբար հայտնվում են տարատեսակ միջոցառումների ժամանակ, որոնք տեղի են ունենում գլխավոր կինոմրցանակից առաջ:


Այս անգամ դերասանները հավաքվել էին Օսկարի թեկնածուների ավանդական նախաճաշին: Հյուրերը ոչ պաշտոնական մթնոլորտում շփվել են իրար հետ ու հարգել Կոբի Բրայանտի հիշատակը:

Նախաճաշին մասնակցել են նաեւ Քվենտին Տարանտինոն, Ռոբերտ Դե Նիրոն, Սինտիա Էրիվոն, Ֆլորենս Պյուն, Լորա Դերնը, Ջոնաթան Փրայսը, Սեմ Մենդեսն ու մյուսները: Բրեդ Փիթը կրել է «Բրեդ Փիթ. 2-րդ պլանի դեր «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում» գրությամբ կրծքանշան, եթե հանկարծ նրան չճանաչեին:):
Օսկարի հաղթողների անունները որոշվելու են արդեն մյուս շաբաթ՝ փետրվարի 10-ին` Լոս Անջելեսում:


Օսկարի հատուկ հյուրը

Գրեմմիի հաջողությունից հետո 18-ամյա Այլիշը հրավեր է ստացել մասնակցելու նաեւ Օսկարին: Նա երեկոյի հատուկ հյուրն է լինելու: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ ստեղծագործություն է կատարելու:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ երգչուհին կգրի Ջեյմն Բոնդի մասին պատմող ֆիլմի երգը: Նա ամենաերիտասարդ երգչուհին կլինի, որը կդառնա սաունդթրեքի հեղինակ:

Լոպեսն ու Շակիրան

Փետրվարի 2-ին Ֆլորիդայում կայանալու է ԱՄՆ-ի ֆուտբոլի Ազգային լիգայի սուպերխաղը՝ Սուպերբոլը: Հանդիպման դադարի ժամանակ տեղի ունեցող շոուն դարձել է եզրափակիչ հանդիպումից ոչ պակաս սպասված ու հետաքրքիր: Այս անգամ 100 մլն հանդիսականների առաջ հանդես են գալու լատինաամերիկյան աստղեր Ջենիֆեր Լոպեսն ու Շակիրան:

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on


Երգչուհիներն արդեն վաղուց են պատրաստվում միջոցառմանը, նրանք մարզվում են, փորձեր անում, որպեսզի ներկայանան իրենց ողջ հմայքով:

Երգչուհիներն ավելի վաղ խոստովանել էին, որ երջանիկ են իրենց ընձեռված հնարավորության համար: Սուպերբոլի ժամանակ հանդես գալը հպարտություն է ցանկացած երգչի համար: Մինչ այս իրենց կատարումներով երկրպագուներին ուրախացրել են Մայքլ Ջեքսոնը, Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Մադոննան, Maroon 5-ն ու շատերը: Ի դեպ, այս տարի Սուպերբոլի հանդիպումն անցկացվելու է հենց Շակիրայի ծննդյան օրը. նա 43 տարեկան է դառնալու:


Թափանցիկ ներքնազգեստները

Էմիլիա Ռատակովսկին հունվարի 30-ին հանրության ուշադրությանն է ներկայացրել ներքնազգեստի իր՝ Inamorata Woman բրենդի նոր հավաքածուն: Ինչպես միշտ, այն գեղեցիկ ու գրավիչ է ստացվել:

Ռատակովսկին ինքն է նկարահանվում իր ապրանքանիշի գովազդներում. ոչ այլ մոդելի վճարելու անհրաժեշտություն է առաջանում, ոչ էլ՝ բրենդի փիլիսոփայությունը բացատրելու կարիք:):

2018-ին թողարկված Inamorata-ի առաջին հավաքածուն կազմված է եղել ընդգրկող կարճ զգեստներից, շապիկներից ու կիսատաբատներից: Լողազգեստներն ավելի ուշ են հայտնվել, ապա նրանց հաջորդել են ներքնազգեստները:


Շարապովան ամուսնանո՞ւմ է

2 տարի առաջ Մարիա Շարապովան սկսեց հանդիպել Անգլիայի ամենացանկալի փեսացուներից մեկի՝ Ալեքսանդր Գիլկսի հետ: Նա Արքայազն Հարրիի վաղեմի ընկերն է ու Paddle8 աճուրդի տան հիմնադիրը:

Այս շաբաթ համացանցում սկսել են բուռն կերպով քննարկել զույգի ամուսնության լուրերը: Պատճառն այն է, որ Շարապովան Instagram-ում վիդեո է տեղադրել, որում նրա մատին մի քանի վայրկյան երեւացել է փայլող ադամանդե մատանի:

Թեեւ զույգը համատեղ ոչ մի լուսանկար չի հրապարակել սոցցանցերում, սակայն պապարացիները հաճախ են նրանց բռնացրել միասին: Հատկապես լավ կադրեր են ստացվել նրանց ծովափնյա հանգստից: Ալեքսանդրը Մարիայի հետ ձմռանը եղել է Սանկտ-Պետերբուրգում: Նրանք այցելել են թանգարաններ, թատրոններ ու զբոսնել ձյունապատ քաղաքում:


Բրիտանացին երկար ժամանակ հանդիպել է Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպպայի հետ, սակայն ամուսնացել է դիզայներ Միշե Նոնուի հետ, որն էլ հենց ծանոթացրել է Հարիին ու Մեգան Մարքլին: Նրանք միասին ապրել են 13 տարի ու ամուսնալուծվել են 2016-ին: Շարապովայի սիրեցյալների թվում էլ նշվում են Էնդի Ռոդիկը, Ադամ Լավինը, Սաշա Վույաչիչը, Գրիգոր Դիմիտրովն ու այլք:

Instagram-ի ռեկորդակիր Ռոնալդուն

Պորտուգալիայի հավաքականի ու Թուրինի Յուվենտուսի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ռեկորդակիր է ոչ միայն խաղադաշտում, այլ նաեւ համացանցում: Նա հերթական ցուցանիշը գրանցել է Instagram-ում, որտեղ արդեն 200 մլն հետեւորդ ունի:


Նա իր էջում հրապարակումների համար տարեկան վաստակում է 43 մլն եվրո, այն դեպքում, երբ ակումբում ֆուտբոլիստի տարեկան եկամուտը 30 մլն է: «Ուաու, 200 մլն: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այս ուղին կիսում է ինձ հետ»,- գրել է Ռոնալդուն:

Ամենաշատ հետեւորդների ցանկում պորտուգալացուն հաջորդում են Արիանա Գրանդեն ու Դուեյն Ջոնսոնը՝ 173 ու 169 մլն-ով: Այս եռյակին հաջորդում են Սելենա Գոմեսը, Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջենները: 7-րդ տեղում Ռոնալդուի ֆուտբոլային մրցակից Լեո Մեսսին է՝ 141 մլն ցուցանիշով:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին