Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը. El Universal

Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը. 
El Universal

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Հոդվածը վտպագրվել է «Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը» խորագրով: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ: 

Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը

1905 թվականին Օսկար Ուայլդի և Գաբրիել Դ՛Անունցիոյի մերձավոր ընկեր, գվատեմալցի գրող և լրագրող Էնրիկե Գոմես Կառիլյոն, որն իր ավելի քան 87 վեպերով և պատմվածքներով ճանաչված է իբրև «Ժամանակագրության արքայազն» ճամփորդեց Ռուսական կայսրություն՝ այդ երկրում իրադարձությունների վերաբերյալ հոդվածաշար պատրաստելու նպատակով: Ռուսաստանը, որը ճանաչեց, ալեկոծված էր ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով:

Որպես այդ ճամփորդության արդյունք, Գոմես Կառիլյոն գրեց «Ժամանակակից Ռուսաստանը» վերնագրով լուրջ աշխատություն, որը մեքսիկացի ընթերցողների համար վերջերս է հասանելի դարձել շնորհիվ Մշակույթի քարտուղարության ջանքերի: Իր աշխատության ավելի քան 200 էջերի շրջանակներում հեղինակը մեզ մատուցում է այն դաժան իրականությունը, որը սողոսկել էր Նիկոլայ Երկրորդ ցարի ողջ կայսրության բոլոր անկյունները. բանվորական ըմբոստություններ, ուսանողական բողոքներ, գյուղացիների չքավորություն, մամուլի հանդեպ գրաքննություն, սոցիալիստական շարժման ճյուղավորում և ընդարձակում, ինչպես նաև ծայրամասային գավառներում ազգամիջյան լարվածություն: Մեկ խոսքով, այն նախահեղափոխական Ռուսաստանի ճշգրիտ պատկերն էր լատինամերիկացու աչքերով:

Աշխատության թերևս ամենահիշարժան հատվածներից  մեկն անդրադառնում է մահմեդական բնակչությանը պաշտոնական Մոսկվային հավատարիմ պահելու նպատակով ցարական իշխանությունների թողտվությամբ Բաքվում թաթարների կողմից /այդպես է հեղինակը կոչում ադրբեջանցիներին/ հայ բնակչության հանդեպ իրականացված ջարդերին, ինչն ուղղակի առնչություն ունի ներկայիս հետ: Գվատեմալցու տաղանդավոր ձեռագրով պատկերված սահմռկեցուցիչ տեսարանները ներկայացնում են աշխարհում քրիստոնությունն առաջինն ընդունած հայ ժողովրդի հանդեպ տարածաշրջանում շարունակական բռնությունների սկզբնավորումը և մեզ ուղղակիորեն բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն ակունքներին:

 

Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում տարբեր ժողովուրդների և ազգությունների ներկապնակ հանդիսացող Կովկասյան լեռնաշխարհի սրտում տեղակայված Լեռնային Ղարաբաղի շրջանի արմատները գնում են պատմության խորքերը, մեր թվարկությունից առաջ առաջին դարում ձևավորված հայկական հնագույն թագավորությունների մաս կազմելով: Ոչ հեռավոր անցյալում շրջանը վերապրել է տարբեր կայսրությունների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխներգործությունը և բախումները, փաստ, որով պայմանավորվել է իր դժվարին պատմությունը: 20-րդ դարի սկզբին, Կովկաս բոլշևիկյան զորքերի ներխուժմամբ և հետագայում նաև Խորհրդային Միության կազմում ներգրավմամբ, Ստալինի որոշմամբ այդ շրջանը հանձնվեց մահմեդական Ադրբեջանին՝ վերջինիս հավատարմությունը ապահովելու, տարածաշրջանը բաժանելու և հայերի ազգայնական նկրտումները թուլացնելու նպատակով: Խորհրդային վարչակազմն ապահովեց կայունության հարաբերական երկար շրջան, չնայած շրջանի բնակչության 94 տոկոսը կազմող հայերի բազմաթիվ դիմումներին Հայաստանի հետ վերամիավորվելու մասին:

Խորհրդային Միությունում «պերեստրոյկայի» քաղաքականության քամիները դրդեցին, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Ղարաբաղի հայերը կրկին դիմեն Մոսկվային՝ Հայաստանի հետ վերամիավորվելու  խնդրագրով, ի պատասխան հայերի պատմական ներկայությունը տարածաշրջանում վերացնելուն ուղղված Բաքվի քաղաքականությանը: Դիմումը մերժվեց, առաջացնելով լարվածության աճ, պայմանավորված Ադրբեջանում հայերի դեմ իրականացվող հարձակումների մասին լուրերով: Մասնավորապես, փետրվարի 27-ի գիշերը Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում հայերի դեմ իրականացվեց ջարդ, որի հետևանքով Կասպյան ծովում տեղակայված խորհրդային դեսանտային ստորաբաժանումները մուտք գործեցին քաղաք՝ կասեցնելու ողբերգությունը: Այս իրադարձությունը հակամարտության համար շրջադարձային դարձավ, երբ հայերի դեմ բռնությունների շարանը չընդհատվեց, պարզորոշ ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղի պահանջներին խաղաղ լուծում տալու նպատակով Ադրբեջանի հետ բանակցությունները գործնականում անհնար են:

Այսպիսով, առճակատումը վերածվեց Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը և հաղթեց պատերազմի դաշտում, ինչի արդյունքում ստեղծվեց Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ: 1994 թվականին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ Բիշքեկի արձանագրությունը: Այդ պահից ի վեր Լեռնային Ղարաբաղը դե ֆակո հաստատեց հանրապետություն, չնայած  դեռևս մնում է չճանաչված միջազգային հանրության կողմից:

Այդ իմաստով, ԼՂ հակամարտությունը վերածվեց ազգամիջյան բնույթի առաջին զինված բախմանը, հանդիսանալով ԽՍՀՄ փլուզման արդյունքում սառեցված հակամարտություններից մեկը, և 30 տարի շարունակ լարվածությունը պահպանվում է:

Ի լրումն Սումգայիթի ջարդերի, հայերը ենթարկվեցին պոգրոմների Կիրովաբադում 1988 թ. նոյեմբերին և 1990 թ. հունվարին Բաքվում /ուշագրավ է աշխարհի լավագույն շախմատիստ համարվող Գարի Կասպարովի պատմությունը, որն իր հայկական արմատների պատճառով ընտանիքի հետ ստիպված էր փախչել Բաքվից, փրկվելով անխուսափելի սպանություններից/: Այդուհանդերձ, Ադրբեջանի կառավարությունը հերքում է փաստերը: Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է հայկական կողմին մեղադրել, որ 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերը Ստեփանակերտից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու բնակավայրում տեղի է ունեցել «ցեղասպանություն»:

Հայկական զորամիավորումներին վերագրվող Խոջալուի հանցագործության ադրբեջանական մեղադրանքներն առնվազն վիճարկելի են, քանի որ բնակավայրում տեղի ունեցածի մանրակրկիտ ուսումնասիրության պարագայում հավանական է հանգել եզրակացության, որ այն Ադրբեջանում տարբեր ինտրիգների և քաղաքական ներքին պայքարի արդյունք է: Օրինակ, այդ երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովը տարբեր առիթներով մամուլին հայտարարել է, որ հանցագործությունը սադրել է ընդդիմությունը /որին պատկանում էր Հեյդար Ալիևը, որ 1993 թվականին վերցրեց իշխանությունը, հաստատելով բռնապետություն, որը շարունակվում է իր որդի` ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի օրոք/, մեղսակցությունը Մութալիբովի վրա բարդելու և վերջինիս պաշտոնազրկելու համար: Զուգահեռաբար, տարբեր կազմակերպություններ, ինչպես օրինակ Helsinki Watch-ը, հայտարարել է, որ Խոջալուի քաղաքացիական բնակչությունն օգտագործվել է որպես կենդանի վահան ադրբեջանցի զինվորականների կողմից, որոնք բնակավայրը օգտագործել են Ստեփանակերտի պարբերական ռմբակոծումների համար:

Այդ իմաստով, Ադրբեջանի կառավարության կողմից նշված իրադարձության քաղաքական շահարկմանը զուգահեռ տեղի է ունենում սպառազինությունների մրցավազք և ռազմատենչ հռետորաբանություն հայերի դեմ, նպատակ հետապնդելով վերադարձնել այդ շրջանը ուժի միջոցով: Ի պատասխան, անցած տարվա փետրվարի 20-ին Արցախի իշխանություններն իրականացրեցին գործադիր իշխանության հզորացմանն ուղղված սահմանադրական հանրաքվե, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործիքակազմ ունենալ ի դեմս Ադրբեջանի աճող և մշտական բնույթ կրող թշնամական կեցվածքին:

Չնայած առաջին հայացքից հակամարտությունը կարող է թվալ հեռավոր և նվազ կարևոր Մեքսիկայի համար, Ադրբեջանի դեսպանության կողմից 2008 թվականից սկսած հասարակական տարբեր հաստատություններում իրականացվող լոբբիստական ակտիվ աշխատանքի շնորհիվ մեր երկիրը ներգրավվել է հիմնահարցին: Ադրբեջանի ռազմավարությունը, առավել լայն հայտնի որպես ՚՚Խավիարի դիվանագիտություն՚՚, իրենից ներկայացնում է նավթադոլարներով հարուստ այդ երկրի կողմից իրականացվող մի արշավ, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը: Այդ իմաստով և չարաշահելով խնդրի անտեղյակության հանգամանքը, Մեքսիկան դիտարկվել է որպես Լատինական Ամերիկայում կարևորագույն հանգույց ընդդեմ Հայաստանի նշված կեցվածքի տարածման համար:

Լոբբիստական այդ գործընթացը հասավ իր նպատակին 2011 թվականին, երբ Մեքսիկայի Պատգամավորների պալատը և Սենատն ընդունեցին Խոջալուի ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների օկուպացման համար Հայաստանին մեղադրելու վերաբերյալ երկու բանաձևեր: Զուգահեռաբար, Տլաքսկոակե հայտնի հրապարակում Մեխիկոյի քաղաքի իշխանությունների ամենայն աջակցությամբ Ադրբեջանը տեղադրեց հուշարձան, որով ճանաչվում է Խոջալուի այսպես կոչված ցեղասպանությունը:

Երկու դեպքում էլ մեքսիկացի անտեղյակ քաղաքական գործիչները թույլ են տվել մի շարք կոպիտ սխալներ, այդ ժամանակ առաջացնելով դիվանագիտական ճգնաժամ և վնասել են մեր երկրի հեղինակությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Եվ թեև Արտաքին հարաբերությունների քարտուղարությունը չեզոքություն է պահպանում, սատարելով Մինսկի խմբի գործունեությանը և երբեք  չի խորհրդակցվել ոչ օրենսդիր մամնի, և ոչ էլ քաղաքի իշխանությունների կողմից, այդուհանդերձ Մեքսիկան փաստացի որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում, հաշվի առնելով, որ մինչ օրս չեն չեղարկվել Խոջալուի ցեղասպանության ճանաչման և Հայաստանին օկուպացիայի մեջ մեղադրող 2011 թվականի բանաձևերը:

Սույն պատմության վերջին դրվագում 2017 թվականի հոկտեմբերին մեքսիկացի երեք պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ առաջացրեց Ադրբեջանի դեսպանության հզոր բողոքը, որի պնդմամբ նրանք ապօրինի և առանց Ադրբեջանի թույլտվության մուտք են գործել «օկուպացված տարածքներ»: Իրականում, Բաքվի կողմից սովորական դարձած նման տեսակի բողոքները նպատակ են հետապնդում վախեցնելու հակամարտության հայկական տեսակետին ծանոթանալու ցանկացող քաղաքական գործիչներին: Նշված քաղաքականության հիմնական նպատակն է թույլ չտալ այցելուներին տեղում ծանոթանալ իրականությանը և այդ կերպ աջակցել աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ռեժիմներից մեկին /2017 թվականի մամուլի ազատության սանդղակում 180 երկրների շարքում Ադրբեջանը գրավում է 160-րդ տեղը/:

Լեռնային Ղարաբաղում պատերազմի 30-ամյակը լավ առիթ է Մեքսիկայի համար վերաիմաստավորելու տարածաշրջանի հանդեպ իր քաղաքականությունը և սահմանելու նոր հիմքեր լուրջ և պատասխանատու դերակատար դառնալու համար, հատկապես հաշվի առնելով շփման գոտում մշտական լարվածության արդյունքում Բաքվի և Երևանի միջև նոր ռազմական բախման հավանականությունը: Այսպես, որպես առաջին քայլ Մեքսիկան պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, ինչը համահունչ կլինի մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին: Այս առաջին քայլը պետք է ուղեկցվի նոր ռազմավարությամբ, որը կբացառի Խոջալուում տեղի ունեցածի առնչությամբ Ադրբեջանի աղավաղումները՝ այսպես կոչված մի ցեղասպանություն, որը չի ճանաչվել միջազգային հանրության որևէ լուրջ անդամի կողմից, ՄԱԿ-ի կամ էլ Ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ընկերակցության կողմից:

Հատկապես պետք է գիտակցել, որ Խոջալուի ցեղասպանության ճանաչման արշավը 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ժխտման ռազմավարության մաս է կազմում, ռազմավարություն, որի իրականացնողը Թուրքիան է, իսկ Ադրբեջանը Անկարայի հիմնական դաշնակիցն է: Հետևաբար, որպես առաջին քայլ անհրաժեշտ է ձեռնարկել նախկինում կատարած սխալների ուղղումը, որոնց արդյունքում  ամոթալի ժառանգություն ենք ստացել Տլակսկոակեի հրապարակում հուշատախտակի, ինչպես նաև երկու բանաձևերի տեսքով, որոնք խորապես վիրավորելով հայերին, մասնավորապես պաշարված և սպառնալիքի ներքո ապրող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, վիրավորում են Մեքսիկայի ժողովրդին, մատուցելով որպես ճշմարտություն պատմական մի փաստ, որն առնվազն լուրջ կասկածների տեղիք է տալիս:

 

Ռիկարդո Խավիեր Կարդենաս Գուտյեռես

Քաղաքական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]