ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպմանն ընդգծել է ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը

ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպմանն ընդգծել է ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը։

ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր:

Տարածաշրջանային այցին չի մասնակցում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ համանախագահ Իգոր Պոպովը:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին դեկտեմբերի 12-ին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելությանը և հայատյաց խոսքին` նախարարը շեշտել է, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերին:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Ավելի ուշ ռուս խաղաղապահների տեղակայման նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---