Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2020-ի պետբյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով

2020-ի պետբյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար:

2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններով բարելավվել է յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի՝ ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվեն խմելու ջրով: 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:

Վարչապետը նշեց, որ մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։

«Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է արդեն 16։ 2020 թվականի երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր մեծ զորամասերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները: Մասնավորապես, գնդի հրամանատար ՝ 22 հազար դրամ կամ 4.6 տոկոս, գնդի հրամանատարի տեղակալ՝  51 հազար դրամ կամ 12.7 տոկոս, գումարտակի հրամանատար՝ 88 հազար դրամ կամ 23 տոկոս, վաշտի հրամանատար՝ 97 հազար դրամ կամ 32.6 տոկոս, դասակի հրամանատար՝  72 հազար դրամ կամ 26.2 տոկոս,  ավագ ենթասպա՝ 38 հազար դրամ կամ 18 տոկոս, շարքային պայմանագրային՝ 23 հազար դրամ կամ 13.7 տոկոս, սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած)՝ 49 հազար դրամ կամ 22 տոկոս: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Ըստ նրա ՝ կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: 

Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020թ-ի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 տոկոս տոկոսադրույքով (7 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, որից 4 տոկոսը փոխհատուցվելու է շահառուի եկամտային հարկի վերադարձի միջոցով, 3 տոկոսը` պետական բյուջեից): Երկրորդային շուկայից առավելագույնը 9 տոկոս տոկոսադրույքով, որից  3 տոկոսը սուբսիդավորվելու է պետական բյուջեից: Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման որակի բարելավման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բուժկետերի դիմելիությունը նվազել է 12,7 տոկոսով, իսկ հիվանդության պատճառով աշխատանքային օրերի կորուստը՝ 21,6 տոկոսով:

«2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում օրենքի փոփոխության արդյունքում տարկետում է տրվել նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ հետ պայմանագիր կնքած քաղաքացիների համար այսուհետեւ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

ՀՀ կառավարության որոշմամբ՝  շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով:

Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4 հազար 870 մարդու, այդ թվում, իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն: Ականազերծվել է 95․3 հազար քառ․ մետր  մակերեսով տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]