Բաժիններ՝

«Ռուբեն Վարդանյանը և Վարդան Սերմաքեշը նոր ծրագրեր են իրականացնելու Գյումրիում». Սամվել Բալասանյան

Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական ավագանու նիստի ընթացքում ավագանին հավանության է արժանացրել Մայիսյան տոների կապակցությամբ դրամական օգնություն, Լիբանանի «Գասպար Իփեկեան» թատերախմբին որպես նվիրատվություն՝ դրամական միջոցներ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին՝ որպես նվիրատվություն, դրամական միջոցներ հատկացնելու մասին, սոցիալապես անապահով 155 անձանց դրամական օգնություն, ՀՀ Գյումրի համայնքի «Պարերի և սպորտային պարերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար տարածք վարձակալելուն համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին, Գյումրու թվով 18 համատիրություններին սուբսիդիա հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծերին:

Ավագանու նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքներին և այլ հարցերի:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանն անդրադարձ կատարեց Գյումրու փողոցների կահավորման անհրաժեշտությանը:

«Գյումրին ունի քաղաքաշինական և սոցիալական առանձնահատկություններ: Այն բոլոր պահանջները, որոնք ներկայացնում է քաղաքաշինության նախարարությունը, պետք է տեղայնացվի, կոմպակտ կանոնադրություն մշակվի նոր դրվի ավագանու քննարկմանը: Ինչ վերաբերում է փողոցային կահավորանքին, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ահռելի գումարներ են անհրաժեշտ, որպեսզի պատշաճ մակարդակի բերվի ամբողջ փողոցային կահավորանքը: Մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը, ֆինանսական հնարավորություններ էլ չկան, քանի որ Գյումրի համայնքը չունի այդ գործառույթը, ուստի այն պետք է վերցնեն և տան ՀՀ ոստիկանությանը: Մենք անում ենք այնքան, ինչքան մեր հնարավորությունները ներում են»:

Ավագանու նիստի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սավել Բալասանյանն անդրադարձ կատարեց Գյումրիում նոր շուկա, նոր ավտոբուսներ ունենալու անհրաժեշտությանը, փողոցաշինությանը և այլ հարցերի:

«Եթե մենք ունեցանք նոր շուկա, որի ծրագիրը կա, խոհարարական դպրոց շուկայում, որը մեր քաղաքի համար հրաշք կլինի, աշխատատեղեր, մասնագիտական դպրոց, այլընտրանք կունենանք և կկարողանանք Շահումյան փողոցը կարգավորել: Սա շատ կարևոր խնդիր է: Եթե դա կարողանանք անել՝ կմտնենք պատմության մեջ, որ վերջապես կարողացանք Լաչինի միջանցքը դատարկել և դարձնել փողոց: Կահավորանքի հետ կապված 3-4 անգամ դիմել ենք կառավարություն, մենք շատ փոքր գումարներ ենք հատկացնում փողոցների կահավորանքին՝ գծանշումներին և այլն:

Պետավտոտեսչությունը 500 միլիոն դրամ պահանջեց Վանաձոր և Գյումրի քաղաքների համար: Ամեն մի քաղաքի համար երևի 300 միլիոն դրամ է անհրաժեշտ: Մեր բյուջեն այդքան հնարավորություն չի կարող ունենալ: Մեր բյուջեից, եթե չեմ սխալվում, կարծեմ 9 միլիոն դրամ ենք տրամադրում գծանշումների և նշանների համար: Մենք կրկին իրենց կխնդրենք, ոնց որ Երևանում է պետավտոտեսչությունը նման ծրագիր իրականացնում, մեզ մոտ էլ իրականացվի: Սա թերություն է, բայց մեզանից կախված թերություն չէ»:

Գյումրու քաղաքապետն անդրադարձ կատարեց նաև փողոցաշինական աշխատանքներին, փողոցներում թեքահարթակներ կառուցելու անհրաժեշտությանը:

Ըստ Ս.Բալասանյանի, Գյումրու փողոցներում կրկին ավտոբուսներ են հայտնվելու:

Ավագանու նիստի ավարտին Գյումրի համայնքի ղեկավարը հանդես եկավ նոր հայտարարությամբ.

«Նշել էի, որ փողոցների վերահսկողության հետ կապված մենք պետք է հանձնաժողով ստեղծեինք: Առաջին մրցույթն արդեն իսկ կա. Կոմիտաս փողոցի շինաշխատանքներն արդեն իսկ սկսվեցին: Գյումրի քաղաքը դառնալու է շինհրապարակ: Երբեք չի եղել, որ մենք այսքան մալուխներ անցկացնեինք: Մենք 60-ականների մալուխներ ունենք, որոնք ընդհանրապես չեն աշխատում: Թող մեր ժողովուրդը ներողամիտ լինի: Աջակցե´ք, որպեսզի կարողանանք այս շինարարությունն անել: Շատ դժվար բան է: Այնպիսի դժվարությունների ենք հանդիպում:

Այս տարվա մրցույթներն ավարտվեցին: Շուտով կսկսվեն մեծ թափով, բուռն աշխատանքները: Երևանյան խճուղի, Սայաթ-Նովա, Հայուհու հրապարակ, Գարեգին Նժդեհ փողոց, Շառլ Ազնավուրի հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց, Գերցենի փողոց, Մուշ-2-ից 58 կապող ճանապարհը: Պատկերացրեք, ամբո´ղջ քաղաքը քանդվելու է: Չհաշված այն աշխատանքները, որոնք հիմա քաղաքապետարանն է անում:

Մենք հիմա 5 փողոցի մրցույթ ունենք՝ Մադոյան փողոց, Ղուկասյան փողոցի երկու հատվածը, Գործարանային նրբանցք, Նեկրասովի փողոց: Սրանք էլ անում ենք մեր ուժերով: Հենասյուներ ենք դնելու ամբողջ քաղաքում: Հենասյուներ էլ կան, որոնք վերականգնելու ենք՝ նոր լուսամփոփներով, խնայողական լույսերով: Ես գիշեր-ցերեկ աշխատելու եմ, որպեսզի որևէ թերություն չլինի: Միայն ես չեմ հասցնի, որպեսզի կարողանամ որակը հսկել»:

Ըստ Ս.Բալասանյանի, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գյումրիում ջրագծերի անցկացման երրորդ փուլն է սկսվելու: Բոլոր փողոցները քանդվելու են, ասֆալտապատվելու է ողջ 58 թաղամասը: Բարեկամության այգին ևս կարգի է բերվելու:

«Իմ լուման է, որ «Շիրակ» հյուրանոցը քանդվում է, քանի որ կարողացանք բարերար գտնել: Դիմացի այգին ենք սարքելու: Մոտավորապես 4 միլիոն դրամի ատրակցիոններ ենք տեղադրելու: Տարածքը 22 տնակից ազատելու ենք: Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն է իրականացնում այս ծրագիրը, 22 հոգու բնակարան ենք գնելու: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է նոր ծրագիր առաջարկել՝ թեթև արդյունաբերության լուրջ գործարան ենք սարքելու 58 թաղամասի վերջում, որպեսզի այս թաղամասի բնակիչն աշխատատեղ ունենա:

Գիտեք, որ Իսրայելի հետ լուրջ ծրագիր ենք իրականացնելու: 340 հեկտարի վրա «Լոգիստիկ» կենտրոն ենք ունենալու: Հիմա օդանավակայանն ենք մեծացնում, ժամանման և թռիչքի սրահներն ենք մեծացնելու»,- հավելեց Գյումրու քաղաքապետը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս