Քաղաքական

12.07.2019 13:31


Դատարանի որոշմամբ լրատվամիջոցը 1 մլն դրամ կվճարի փոխվարչապետին. ԶԼՄ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ)

Դատարանի որոշմամբ լրատվամիջոցը 1 մլն դրամ կվճարի փոխվարչապետին. ԶԼՄ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ)

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Մեդիա պաշտպան, փորձագետ Աղասի Ենոքյանը և լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ընթացքում անդրադառնում են Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, համաձայն որի՝ մարիխուանա օգտագործելու մասին հոդվածի համար Բորիս Մուրազիին պարտավորեցրել է Տիգրան Ավինյանին վճարել 1 մլն դրամ:

Բացի այդ, դատարանը Բորիս Թամոյանին պարտավորեցրել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018 թ. հոկտեմբերի 26-ին Politik.am կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» վերտառությամբ և 2018 թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված «Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդվածներում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև Politic.am-ում՝ «հերքում» խորագրի ներքո:

Մանրամասները՝ Tert.am-ի ուղիղ միացմամբ:

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ երբևէ նման բան չի եղել, որ մամուլի նկատմամբ 90-ից ավելի դատական հայց լինի:

ԺՄ նախագահի կարծիքով այս պատկերն ինչ-որ իմաստով սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների՝ մամուլի վերաբերյալ կոչերն ու հայտարարությունները:

«Բոլոր ժամանակներում իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել: Մենք տեսել ենք լրագրողների դեմ ճնշումներ և այլն: Սակայն մենք սպասում էինք, որ մեր գործընկերը (Նիկոլ Փաշինյանը – Tert.am), որը եկավ իշխանության, մեդիայի նկատմամբ վերաբերմունքն այլ կլիներ, սակայն նրանք հարմարվեցին իշխանական կենսակերպին, ու շարունակվեց նույն վիճակը»,- tert.am-ի փոխանցմամբ՝ նշեց Սեյրանյանը:

ԺՄ նախագահը նկատեց՝ իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են՝ Հայաստանում խոսքի, մամուլի աննախադեպ ազատություն է, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում:

Ըստ Սեյրանյանի՝ ազատ խոսքի, մամուլի նկատմամբ այս ոտնձգությունները պետք է ահազանգ լինեն ոչ միայն մամուլի և մեդիայի համար, այլ հասարակության ու քաղաքական գործիչների համար. «Մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնն իշխանություններին է հասցնում: Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը: Իհարկե, ես գիտեմ, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել, բայց այս քայլերը լրացուցիչ խնդիրների են հանգեցնում թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական: Կարծում եմ՝ շարքային քաղաքացուց մինչև իշխանավորներ, պետք է այս հարցը բարձրաձայնեն»:

Սաթիկ Սեյրանյանը նաև նկատում է լրագրողների կողմից մամուլի աշխատանքը հեղինակազրկելու տենդենց:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը համաձայնեց գործընկերների հետ ու նկատեց՝ մամուլի նկատմամբ դատական հայցերը «կայծակնային արագությամբ» վարույթ են ընդունվում այն դեպքում, երբ դատավորները ծանրաբեռնված են:

Արմինե Օհանյանի խոսքով՝ մեր օրերում լրատվամիջոց պահելը, լրատվամիջոցում աշխատելը շատ բարդ է. «Ծանր մրցակցություն է, դժվար պայմաններում են աշխատում լրագրողները, դրանց գումարվում են նման ճնշումները, որոնք բարենպաստ պայմաններ չեն ապահովում լրագրողների համար: Չի կարող երկրի փոխվարչապետը դիմել դատարան, շահի դատը, ու փոքր լրատվամիջոցը հայտնվի 1 մլն տուգանքի տակ: Սա անթույլատրելի է: Օրինակ՝ երբ Սեյրան Օհանյանի կինը մեզ («Հրապարակ» օրաթերթ – Tert.am) դատի էր տվել, դրա մեջ ֆինանսական փոխհատուցում չկար: Մենք՝ և՛ հասարկությունը, և՛ լրատվադաշտը, պետք է միահամուռ լինենք»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, մեդիափորձագետ Աղասի Ենոքյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վեթինգի, անցումային արդարադատության սպառնալիքի տակ դատարանները վախեցած են և կառավարելի են իշխանությունների կողմից. «Այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները դիմում են դատարան, բավականին շահեկան դիրքում են: Երբ մամուլը մտնում է դատական պրոցեսի մեջ, առաջանում են լուրջ խնդիրներ: Դա վերաբերում է ժամանակին, ֆինանսական խնդիրներին: Այս ամենը ճնշում է մամուլը: Առաջ պետական պաշտոնյաները, բիզնեսմենները չէին ուզում, որ իրենց անունը շատ շոշափվեր, խնդիրները դատարան չհասնեին: Իսկ հիմա գնում են դատարան: Սա լուրջ ու վտանգավոր միտում է ազատ խոսքի դեմ: Այստեղ ամենակարևորը լրագրողական համայնքի միասնականությունն է: Պետք է միասնական լուսաբանում լինի»:

Մամուլը ստիպված է ոչ միայն բազմաթիվ ֆինանսական, տնտեսական խնդիրներ հաղթահարել, այլ նաև ընդդիմանալ դաժան հակաքարոզչությանը, որը շուրջ մեկ տարի կա, ինչը հրահրվում ու խրախուսվում է նաև իշխանությունների կողմից: slaq.am–ի փոխանցմամբ՝ հայտարարեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Օհանյանի խոսքերով՝ այսօրվա իշխանության կողմից լրագրողների նկատմամբ քարոզչական պատերազմ է մղվում, դա գաղտնիք չէ, այդ մասին բազմիցս խոսվել է, սակայն այսօր մամուլի դեմ պայքարում մտնում ենք նոր փուլ, որը բնորոշվում է բազում դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով. «Միայն «Հրապարակի» դեմ 8-9 հայց ունենք, մի այդքան էլ սպառնալիքներ ունենք»:

Օհանյանը կարծում է, որ այս տենդենցը կշարունակվի, քանի դեռ իշխանությունը չի սաստել որոշ մարդկանց, հասկացրել, որ երկիրը չի կարող առանց մամուլի և ազատ խոսի գոյատևել:

Օհանյանը նշեց, որ հայցվորների մի մասն էլ իշխանության ներկայացուցիչներն են և այսօր առկա դիկտատի պայմաններում դժվար է լինելու հաղթել իշխանական հայցվորներին. «Ես կարծում եմ, որ հիմա հանրային խոսք, կարծիք պետք է հնչի, որը պետք է մերժի այդպիսի մեթոդներով մամուլի դեմ պայքարը: Չի կարող երկրի վարչապետը դիմել դատարան, շահել դատական հայցը և փոքրիկ լրատվամիջոցը հայտնվի մեկ միլիոն դրամ տուգանքի տակ: Ինչպե՞ս է այդ լրատվամիջոցը փակելու տուգանքն ու գոյատևելու: Սա անթույլատրելի է»:

Բանախոսն ասաց, որ նախկինում էլ են լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացրել, բայց օրինակ Սեյրան Օհանյանի կինն իր հայցով դրամական փոխհատուցում չէր պահանջել:

Այս խորագրի վերջին նյութերը