Ինչպես Փաշինյանը կշարունակի իշխանությունների «և-և»-ը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» հեղափոխական նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիովին չի բացահայտել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ երկրի քաղաքակրթական զարգացման վերաբերյալ իր ամբողջական մոտեցումները:

Սակայն հաշվի առնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Ն. Փաշինյանի նախկին և ներկայիս մեկնաբանությունները, կարելի է ենթադրել, որ վարչապետի միակ թեկնածուն «և-և»-ի քաղաքականության կողմնակիցն է լինելու՝ որպես իշխանություն, քանի որ հստակորեն հայտարարել է` իր դիրքորոշումը՝ որպես իշխանություն, որոշ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կարող է տարբերվել իր ունեցած դիրքորոշումներից՝ որպես ընդդիմություն:

Այս ընթացքում Ն. Փաշինյանն առիթ ունեցել է մի քանի անգամ նշելու, որ աշխարհաքաղաքական ռևերսներ իր վարչապետության օրոք չեն լինելու: Բավականին ուշագրավ էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի «Ելք» դաշինքի ծրագիրը, որի համաձայն՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արտաքին քաղաքական սխալ է, որը «լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար»:

«Ելք» դաշինքը համարում էր, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային և միջազգային իրավիճակի խորը վերլուծության և Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով: 2017 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից հետո «Ելք» դաշինքը հայաստանյան քաղաքական դաշտում իրեն դիրքավորում էր՝ որպես արևմտյան արժեքային համակարգ կրող ուժ:

Սակայն Ն.Փաշինյանը երեկ էլ նշեց, որ աշխարհաքաղաքական շրջադարձային որոշումներ չեն լինելու: Ավելին, նախօրեին ԱԺ-ում, պատասխանելով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելքի» ծրագրերի մասին հարցին, վարչապետի թեկնածուն ասաց. «Երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն չունի այս կամ այն կառույցում առկա խնդիրները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն՝ համապատասխան երկրների իշխանության հետ։

Ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որպեսզի այդ խնդիրները բարձրաձայնվեն և համապատասխան արձագանք ստանան։ Երբ դու իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես գնալ՝ բոլոր խնդիրները քննարկել գործընկեր երկրների հետ և երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել։ Եվ ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»։ Նա ընդգծեց՝ թեև հայտարարել է, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, բայց դա չի նշանակում, թե ԵՏՄ-ում խնդիրներ չկան. «Բոլոր այդ խնդիրները ԵՏՄ մեր գործընկերների հետ կքննարկենք»։

Ավելի վաղ Գյումրիում իր հանրահավաքի ժամանակ Փաշինյանն անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին և շրջանառվող այն լուրերին, որ իրենք Ռուսաստանի թշնամին են, նշել էր, որ Ռուսաստանի թշնամի լինել՝ կնշանակի՝ սեփական ժողովրդի թշնամի լինել, և իրենց իշխանությունը որևէ դեպքում չի գնա արտաքին քաղաքական արկածախնդրությունների։

«Ասել ենք և պիտի ասենք՝ մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ՝ որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից։ Բայց մենք նաև կաշխատենք, որ այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, քան ապահովում է մինչև հիմա։

Եվ մենք այս հարցերը չենք պատկերացնում՝ որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ։ Սա համբերատար խաղաղ գործընկերային աշխատանքի հարց է»,- ասել էր Փաշինյանը։ Նա նաև շեշտել էր, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Եվրամիության հետ ստորագրված նոր համաձայնագրին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

Եվրոպացի փորձագետներին և գործիչներին ամենևին չի մտահոգում այն հանգամանքը, որ Ն. Փաշինյանն իր հեղափոխական արշավի ժամանակ մանրամասնորեն չի ներկայացրել իր տեսլականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:

«168 Ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ներկայիս բոլոր հայտարարություններից պարզ է, որ արտաքին քաղաքական ոլորտում Փաշինյանի քաղաքականությունն իշխանությունների վարած քաղաքական բովանդակության շրջանակում է լինելու: Ըստ նրա, բնականաբար, կլինեն փոփոխություններ՝ որոշ նրբությունների տեսքով:

«Շատ գրագետ որոշում է այն, որ Փաշինյանն այս ընթացքում շատ չխոսեց արտաքին քաղաքականության մասին, քանի որ դա գուցե փոխեր այս շարժման ողջ ուղին և տրամաբանությունը: Նրա առաջնային նպատակը ներքաղաքական փոփոխություն ապահովելն էր՝ շեշտը դնելով համակարգի քննադատության վրա: Այս ամենի նպատակը ներկայիս համակարգից, նախկին դեմքերից ազատվելն էր:

Դա նա հաջողությամբ արեց իր այդ հռետորաբանության միջոցով: Հարց է, թե ինչպես է Փաշինյանը հաղթահարելու այդ բոլոր խնդիրները, ինչպես է լուծում տալու այն բոլոր խնդիրներին, ինչի դեմ նախկինում պայքարում էր, քանի որ դա շատ բարդ գործընթաց է, պետության ղեկավարման մեջ խորը արմատներ գցած խնդիրներ կան:

Այսինքն` և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական նպատակների իրագործման հարցում որոշակի անորոշություն կա, սակայն ես դա բնական եմ համարում: Նրա որոշումն էր՝ շեշտը դնել համակարգի փոփոխության, կուսակցությանը ղեկավարող ուժի դիրքերից դուրս բերելու անհրաժեշտության վրա»,- նման տեսակետ հայտնեց Զաշտովտը:

Նրա խոսքով, վարչապետության ղեկը ստանձնելով՝ Ն. Փաշինյանը բազում պատասխաններ պետք է տա այս ամենի վերաբերյալ:

«Կարծում եմ` ԵՄ-ին չի մտահոգում Փաշինյանի դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, նա ռացիոնալ է խոսում, հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն նույնքան խորը, ինչքան նախկինում: Բայց նա նշում է, որ հայկական կողմն իր վարչապետության օրոք այլ դիրքորոշման վրա է կառուցելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն` փորձելու է դրանցում առկա խնդիրները լուծել:

Հենց այս դիրքորոշմամբ էր պայմանավորված Ռուսաստանի հավասարակշռված վերաբերմունքն այս շարժման վերաբերյալ: Եթե, Ուկրաինայի նման, այս շարժումը լիներ Ռուսաստանի հետ հարաբերությունների դեմ, չէր բացառվում, որ Ռուսաստանը այնպիսի միջոցներ կձեռնարկեր, ինչպես Ուկրաինայի դեմ, բայց Փաշինյանը հայտարարեց, որ իր պայքարը ՀՀ իշխանությունների դեմ է, և ոչ ավելին:

Նրա այս դիրքորոշումը շարժումն արտաքին ճնշումներից, աջակցությունից կամ այլ դիրքորոշումներից պաշտպանեց»,- նման տեսակետ հայտնեց Զաշտովտը:

Նա այն կարծիքին է, որ Փաշինյանը շարունակելու է նախորդ իշխանությունների սկսած՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վրա աշխատանքները:

Ըստ լեհ վերլուծաբանի` իրականում այդ խմբակցությունը, այդ թվում՝ Ն. Փաշինյանը, Հայաստանում նոր քաղաքական մտքի կրողներն են, եվրոպական արժեքային համակարգով են առաջնորդվում: Բայց, լեհաստանցի քաղաքագետի խոսքով, դա չի նշանակում և չի ենթադրում, որ մերժելու են և պետք է մերժեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Եվրամիության համար ևս դրական կլինի, եթե իր գործընկեր Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ, բայց առողջ հիմք ունեցող հարաբերություններ ունենա: Դա մեծ ձեռքբերում կլինի»,- ասաց Զաշտովտը:

Բրիտանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքն ասաց, որ հիմքեր չունեն մտածելու, որ Հայաստանը որևէ մոտեցում է փոխելու Եվրամիության հետ հարաբերությունների հարցում: Ըստ նրա, եթե վարչապետի թեկնածուն հայտարարում է, որ Հայաստանը հավատարիմ է լինելու իր միջազգային պարտավորություններին, Եվրամիությունը պատճառ չունի դրան չհավատալու, քանի որ, ի վերջո, Հայաստանի Հանրապետության շահերից է բխում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը և հետագայում ևս ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը, վիզային ռեժիմի ազատականացումը, և այն:

«Մենք պնդում ենք, որ դա չի հակասի հայ-ռուսական գործընկերային հարաբերություններին: Հայաստանն այն օրինակը դարձավ, որ այդ համատեղումը, որոշ վերապահումներով՝ հնարավոր է և կարելի է այս փորձից օրինակ վերցնել»,- նման տեսակետ հայտնեց Թեննոքը:

Նրա խոսքով, Հայաստանը կարող է չդադարեցնել իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հաջողությամբ իրականացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը: «ԵՄ-ն առաջիկայում և հեռու ապագայում դեռ չի նախատեսում անդամակցության հեռանկարի տրամադրում ԱլԳ երկրներին, հատկապես, երբ Հայաստանը պաշտոնական մակարդակում նման ցանկություն երբեք չի հայտնել, ուստի այստեղ ես հակասություններ չեմ տեսնում:

Կա անդամակցություն և գործընկերություն Եվրամիության հետ, որը կարծես շարունակվելու է Հայաստանում իշխանափոխությունից հետո: Կարծում եմ` ընտրություններից հետո շատ բան շատ ավելի հստակ կդառնա, այս պահին հատուկենտ հայտարարություններից ամբողջական տպավորություն դժվար է կազմել»,- ասաց Թեննոքը:

Այնուամենայնիվ, ըստ բրիտանացի քաղաքական գործչի ևս, հայաստանյան «և-և»-ը կպահպանվի: «Եթե փորձենք իրական քաղաքականության դիտանկյունից վերլուծել, սա ամենաօպտիմալ տարբերակն է Հայաստանի համար: Պարզապես դրանում շատ շտկումների կարիք կա, առաջիկայում ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս