Մատչելիության հղումներ

Բնապահպանները պատրաստվում են դատական գործընթաց սկսել «Վալլեքսի» դեմ


Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պայմանավորված է ոչ թե ֆինանական խնդիրներով, ինչպես պնդում է շահագործող ընկերությունը, այլ հիմնականում կապված է պոչամբարի անկայունության հետ։

Այսօր նման կարծիք հայտնեցին բնապահպանական մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ 2014-ից աշխատող հանքի պոչամբարի պատի վրա ճաք կա, որը կարող է հանգեցնել բնապահպանական լուրջ աղետի։ Ընկերությունը, նրա խոսքով, չի բացահայտում այս իրական պատճառը, իսկ պետական կառույցներն առհասարակ անտարբերություն են ցուցաբերում․ - «Այնտեղ կա լուրջ խնդիր պոչամբարի պատվարի տեղաշարժի հետ կապված: Որի պատճառով հենց այս ընկերությունը դադարեցրել է շահագործումը, որովհետև յուրաքանչյուր պահ այդ պոչամբարը կարող էր քանդվել, ինչպես եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում»:

Հիշեցնեմ, դեռ հունվարի 12-ին Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությունը հայտարարել էր պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրության դադարեցման մասին՝ հայտնելով, որ
այժմ միջազգային կազմակերպությունները մշակում են հանքավայրի շահագործման ընդլայնման ծրագիրը, որով պայմանավորված կավելանան արտադրական ծավալները։

Դրանից մեկ ամիս անց՝ փետրվարի 13-ին ընկերությունը տեղեկացրել էր, որ տևական դադարի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման՝ 1200 աշխատակցից
թողնելով միայն 300-ին։

Այս հայտարարություններից հետո Թեղուտում են եղել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամները։ Անօդաչու թռչող սարքով նկարահանումներ են արել տարածքում ու պարզել, որ պոչամբարը այդ պահի դրությամբ բերբեբերան լցված էր, և խոսակցությունները, որ պոչաջրերը լցվում են Դեբեդ գետը, իրականություն է։

Կազմակերպության անդամ Ռաֆայել Աֆրիկյանն ասաց, թե հանքը շահագործող ընկերությունը խողովակի միջոցով ու միայն գիշերային ժամերին է պոչանքը թափում Դեբեդը։ Սա տեսել են իրենք, այս մասին գիտեն նաև տեղի բնակիչները․ - «Խողովակը մոտ 30-40 սանտիմետր տրամագծով խողովակ էր, որը երեկոյան ժամը ութից մինչև հինգն էր աշխատում: Մութն ընկնելուց հետո մենք գնացինք և տեսանք, որ խողովակից ահռելի ուժգնությամբ պոչի ջրերն են թափվում: Առավոտյան 5-ին արդեն ոչինչ չկար: Ուղիղ Դեբեդն էր թափվում: Մենք դա նկարահանել ենք»:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը շեշտեց, որ պոչանքի ջրերը Դեբեդ գետը լցնելու թույլտվություն «Վալլեքս» ընկերությունը չունի։ Նրա խոսքով, այդ խողովակը կառուցվել է 7 ամիս առաջ, և գետը լցվող հանքաջրերը էկոլոգիական աղտի են հանգեցնում։ Նա հիշեցրեց, որ բազաթիվ գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս Դեբեդ գետի ջրի որակն արդեն հասել ամենավատ՝ 5-րդ աստիճանի․ - «Դա քրեական հանցագործություն է»:

Ինչպես «Ազատությանը» հայտնեցին Բնապահպանության նախարարությունից, 2014-ից մինչև այսօր Թեղուտի հանքավայրում որևէ ստուգում չի իրականցվել։ Ըստ լրատվության վարչության պետ Արմեն Վարդանյանի, 2015 թվականի հուլիսի 30-ին Կառավարության թիվ 839 որոշմամբ բոլոր տեսակի տեսչական ստուգումները կասեցվել էին՝ հաշվի առնելով սպասվող բարեփոխումները։

Ինչ վերաբերում է Դեբեդ լցվող պոչաջրերին, ապա նախարարությունից ասացին, թե մինչև ստուգում չիրականցնեն ոչինչ ասել չեն կարող։ Նոր մարմնից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Թեղուտի հանքավայրը ընդգրկված է 2018 տարեկան ստուգումների պլանում։

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաև «Վալլեքս» ընկերությանը։ Հանրային կապերի պատասխանատու Թագուհի Կարապետյանը ասաց, որ պաշտոնական պատասխան ստանալու համար պետք է գրավոր հարցում ուղղարկենք։ Նկատենք, որ ավելի վաղ «Ազատությունը» կրկին գրավոր հարցմամբ փորձել էր հասկանալ արդյոք հանքի շահագործման դադարեցման հիմքում պոչամբարի վնասված լինելն է։ Սակայն ընկերությունից այս հարցին որևէ հստակ պատասխան չէին տվել:

Մինչև այսօր ընկերության ներկայացրած բացատրությունները չեն բավարարում նաև Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանին («Ելք»)։

Նա նշում է՝ դրանք հավատ ներշնչող չեն, կառույցն էլ բավականին փակ է․ - «Մենք փորձեցինք գնալ, սակայն մեզ թույլ չտվեցին ներս գնալ և տեսնել իրավիճակը: Իրենք պետք է խնդիրը ներկայացնեին, մենք նույնիսկ եթե ներս գնայինք, չէինք հասկանա: Բայց չարեցին, և ես կարծում եմ, մոտեցումը ընկերության կողմից շատ բացասական է, որովհետև ոչ-թափանցիկ գործունեությունը բազմաթիվ կասկածներ է առաջացնում»:

«Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դատական գործընթաց սկսել ընդդեմ հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերության։

XS
SM
MD
LG