211652_close_icon
views-count3942 դիտում article-date 21:25 19-12-2017

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի: Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր